Մատչելիության հղումներ

Բնապահպանները դեմ են «Ընդերքի մասին» օրենսգրքի փոփոխություններին


Բնապահպաններից շատերը դեմ են «Ընդերքի մասին» օրենսգրքի փոփոխություններին: Նրանք կարծում են, որ եթե փոփոխություններն ընդունվեն, ապա Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում խնդիրներն ավելի կշատանան:

Կառավարության հեղինակած փոփոխություններով օրինագիծն այժմ գտնվում է Ազգային ժողովում: Այն արդեն անցել է երկրորդ ընթերցումը` մինչ այդ դրական եզրակացության արժանանալով ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից:

«Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, էկոլոգիական իրավունքի մասնագետ Արթուր Ղազարյանն ասում է, որ իրենք օրինագծի քննարկումը բոյկոտել են` չցանկանալով մասնակցել շրջակա միջավայրի համար սպառնալիքներ ներկայացնող դրույթների կյանքի կոչմանը:

«Այդ օրենքով ավելի է վատթարանում վիճակը: Եթե մի օրենքում թափոնների հետ կապված ավելի շատ բարդություններ են առաջանում, պարզ չէ՞, որ ավելի է վատթարանում վիճակը», - ասաց Ղազարյանը:

Էկոլոգիական իրավունքի մասնագետը նկատում է` հանքարդյունաբերողները, սակայն, մեծ խանդավառությամբ են ընդունել օրենքում կատարվող փոփոխությունները:

«Մենք բոյկոտել ենք նոր օրենքի նախագծի քննարկումը,
որովհետեւ երբ քննարկումների ժամանակ խոսում ենք հանքադյունաբերողների հետ, իրենք մեծ ուրախությամբ, խանդավառությամբ են ընդունում այդ չարաբաստիկ օրենքի հաստատումը: Եթե հանքարդյունաբերությունը խախտումներով է իրականացվում, ապա այսօր օրենքով են ամրապնդվում այդ խախտումները», - ասաց Ղազարյանը:

Ղազարյանը պնդում է, որ կառավարությունը նոր օրինագծում չի սահմանել լեռնարդյունաբերության թափոններ հասկացությունը: Դրա փոխարեն կա արտադրական լցակույտեր հասկացությունը, որը, ըստ բնապահպանների, ոչինչ չասող, անորոշ հասկացություն է, ու որի համար հանքարյունաբերողը որեւէ գումար չի վճարելու պետբյուջե: Գործող օրենքով եւս հանքարդյունաբերողը պոչամբարի համար հարկ չի վճարում:

Կանաչների միության նախագահ, բնապահպան Հակոբ Սանասարյանը մտահոգ է:

«Որեւէ օրենքում հանքարդյունաբերության թափոնները չկան, այսինքն մոտավորապես 12-13 տարի է, որ մեր հանքերը մասնավոր ընկերություններն են շահագործում, նրանք կարծես թե Հայաստանի Սոցիալիստական Հանրապետության իրավահաջորդն են: Ոչ մի կոպեկ պետական գանձարան չեն մուծում», - ասաց Սանասարյանը:

Թափոնների կուտակման վայրերը, դրանք օգտագործելուց հետո, թողնվում են պետության տնօրինությանը` դրանով հանքարդյունաբերողին ազատելով պատասխանատվությունից` թափոնների կառավարման ու նաեւ շրջակա միջավայրի վրա դրանց բացասական ազդեցության համար գումարների վճարումից: Սանասարյանը հիշատակում է 2008 թվականը, երբ Ազգային ժողովը տապալեց իր առաջարկը:

«2008-ին այս հարցով դիմում գրվեց վարչապետին, վարչապետը կառավարության երկու նիստում քննության դրեց այդ հարցը, եւ արձանագրությամբ նշվեց` քննել Կանաչների միության առաջարկը եւ հանքարդյունաբերության թափոնները բերել հանքային դաշտ: Հետո էլի քննեցին, բնապահպանության նախարարությունը 1 տոննա թափոնի համար առաջարկեց 3 դրամ վճարել` 48 հազար դրամի փոխարեն, բայց երբ որ կառավարության այդ փաստաթուղթը մտավ ԱԺ` որպեսզի հաստատվի, հենց Վարդան Այվազյանի հանձնաժողովում այդ 3 դրամը դարձավ 1 դրամ եւ տապալվեց», - ասաց Սանասարյանը:

Սանասարյանն էլ եկել է այն եզրահանգման, որ Հայաստանում պետք է վերջ դրվի հանքարդյունաբերությանը, եթե իշխանություններն ուզում են ապագայում Հայաստանը տեսնել առանց էկոլոգիական լուրջ խնդիրների:

«Առաջին հերթին հիմա պետք է արգելանք դրվի հանքարդյունաբերության վրա: Եթե հանքարդյունաբերությունը բերվի հարկային դաշտ, հավատացած եղեք, որ այն հանքավայրերը, որոնք այսօր շահագործվում են, եւ հազարավոր, միլիոնավոր տարիներ այդ թափոնները մնում են Հայաստանում, չեն շահագործվի, քանի որ տնտեսական վնասը ավելի մեծ կլինի, քան օգուտը», - ասաց բնապահպանը:

Բնապահպանների տվյալներով` Հայաստանում 30 պոչամբար կա:

please wait

No media source currently available

0:00 0:05:08 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG