Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ն մտահոգված է հայաստանյան լրատվամիջոցների դեմ հայցերի աճով


ԵԱՀԿ-ի ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը:

ԵԱՀԿ-ի ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը:

Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) զանգվածային լրատվամիջոցների ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին հղած նամակում մտահոգություն է հայտնում հայաստանյան լրատվամիջոցների դեմ ներկայացվող հայցերի աճող թվի հետ կապված` կոչ անելով իշխանություններին շարունակել օրենսդրական բարեփոխումները` զրպարտության եւ վիրավորանքի հոդվածներով դատական հայցերի դեպքում լրատվամիջոցներին համարժեք պաշտպանելու համար:

«Ես ողջունեցի զրպարտության եւ վիրավորանքի ապաքրեականացումը 2010 թվականի մայիսին` շեշտելով, որ դա նշանակալի քայլ էր ԶԼՄ-ների աշխատանքի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղությամբ: Ցավոք, դրանից հետո զրպարտության եւ վիրավորանքի հոդվածներով շուրջ 30 քաղաքացիական գործեր են հարուցվել թերթերի դեմ, որոնցից 11-ը` այս տարի: Հայցերի մեծամասնության դեպքում փոխհատուցումը համարժեք չի եղել ենթադրվող հասցված վնասի չափին», - գրել է Դունյա Միյատովիչը իր նամակում, որը հրապարակված է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջում:

ԵԱՀԿ-ի պաշտոնյան ընդգծում է, թե փոխհատուցման չափը, որ ներկայացվում է այս հայցերում, պետք է համարժեք լինի հասցված իրական վնասին ու չհանգեցնի լրատվամիջոցների փակմանը, ինչը, Դունյա Միյատովիչի գնահատմամբ` բերում է մամուլի ազատության սահմանափակմանը:

Այյ գործերի շարքում, ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչը ուշադրություն է հրավիրում «Հրապարակ» օրաթերթի դեմ ներկայացված հայցին, որում հայցվորը պահանջել է շուրջ 34 հազար եվրոյի փոխհատուցում` թերթի կայքէջում ընթերցողների գրած ենթադրվող վիրավորական մեկնաբանությունների համար: Միյատովիչը հիշեցնում է, որ նոյեմբերի 8-ին Երեւանում դատարանը կալանք է դրել թերթի գույքի վրա` մինչեւ այդ գործով դատարանի վճռի հրապարակումը:

Էդվարդ Նալբանդյանին գրած նամակում Միյատովիչը հայտնում է, որ իր ղեկավարած գրասենյակը պատրաստ է օգնություն ցուցաբերել Հայաստանին օրենսդրական հետագա բարեփոխումների եւ մամուլի ազատության առաջընթացի հարցում:

Որպես օրինակ նա մատնանշում է նոյեմբերի 1-ին ԵԱՀԿ-ի կողմից Երեւանում կազմակերպված դասընթացը, որի ընթացքում հայ դատավորները հնարավորություն են ունեցել ծանոթանալու միջազգային լավագույն փորձին, որը կիրառվում է զրպարտության եւ վիրավորանքի հոդվածներով գործերում:

«Հույս ունեմ, որ այս նախաձեռնությունը կօգնի զսպել զրպարտության համար հայաստանյան լրատվամիջոցների դեմ ներկայացվող դատական հայցերի ալիքը», - եզրափակում է Միյատովիչը:

«Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի ղեկավար Մանանա Ասլամազյանի գնահատմամբ` զրպարտության եւ վիրավորանքի ապաքրեականացման գործընթացը ողջունելի է եւ ցանկացած պրոֆեսիոնալ թերթ պետք է պատրաստ լինի դատարանում ապացուցել, որ արդարացիորեն է քննադատել այդ մարդկանց. - «Այլ հարց է, որ, ցավոք, փոխհատուցումը, որ քաղաքացիները պահանջում են թերթերից, շատ բարձր է: Փաստացի ստիպում են թերթերին փակվել, բայց մյուս կողմից` շատ հաճախ այդ հայցերը արդարացի են: Այսինքն` լրագրության մակարդակն էլ այնքան բարձր չէ, որ հնարավոր լինի հարյուր տոկոսով պաշտպանել թերթերին»:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ասլամազյանը ողջունեց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի նախաձեռնությունը` Սահմանադրական դատարանում վիճարկել զրպարտության եւ վիրավորանքի վերաբերյալ դրույթների սահմանադրականության հարցը:

Նրա խոսքով, դատարանը առաջին հերթին պետք է նվազեցնի որպես փոխհատուցում պահանջվող գումարի չափը. - «Ես երջանիկ կլինեմ, եթե Սահմանադրական դատարանն իր որոշման մեջ ներառի մի քանի կետեր: Այն, որ մարդիկ ունեն տեղեկատվության ազատության իրավունք: Սահմանադրական դատարանը նաեւ պետք է որոշակիացնի, թե ով է հանրային կերպարը, եւ որքանով նա պետք է հանդուժող լինի քննադատության հանդեպ: Եթե այս կետերը դատարանի որոշման մեջ նշվեն, կարծում եմ, կարելի կլինի համարել, որ այն ցավոտ շրջանը, որ ապրում է հայկական մեդիա համայնքը, մի փոքր կբարելավվի»:

«Ցավոք, այս [նախընտրական] փուլում շատ է քաղաքականացվում այս հարցը», - հավելեց նա: - «Պարզ է, որ ընտրություններից առաջ երկու միտում կա. մի կողմից, շատ է չնշումը, որովհետեւ ուզում են հաղթել ընտրություններում, մյուս կողմից` շատ են պոպուլիստական խոստումները: Եթե պոպուլիզմի ալիքի տակ Սահմանադրական դատարանը մեղմ որոշում կայացնի, ապա, կարծում եմ, ընտրություններից հետո, երբ ամեն ինչ ընկնի հունի մեջ, դատարանի որոշումը ավելի արդյունավետ կլինի»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG