Մատչելիության հղումներ

Փանեթա. «Իրանին հարվածելը կարող է չկանխամտածված հետեւանքներ ունենալ»


Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լեոն Փանեթան հայտարարել է, որ Իրանի միջուկային օբյեկտների դեմ ռազմական գործողությունները կարող են «չկանխամտածված հետեւանքներ» ունենալ տարածաշրջանում` միաժամանակ չհաջողելով պաշտոնական Թեհրանի միջուկային ծրագրի դադարեցման հարցում։

Պենտագոնի ղեկավարն անընդունելի է համարել, որ Իրանը միջուկային կարողություններ ունենա, սակայն հավելել է, թե ռազմական հարվածների բոլոր հետեւանքները պետք է մանրամասնորեն կշռադատվեն։

«Այստեղ հարկ է զգուշանալ չկանխամտածված հետեւանքներից։ Իսկ այդ հետեւանքները կարող են ընդգրկել ոչ միայն Իրանը, այլեւ, ինչը առավել կարեւոր է, լուրջ ազդեցություն ունենալ տարածաշրջանում եւ լուրջ ազդեցություն ունենալ տարածաշրջանում Միացյալ Նահանգների ուժերի վրա», - շեշտել է Փանեթան։

Իրանի միջուկային ծրագրի շուրջ լարվածությունը մեծացավ նոյեմբերի 8-ին ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության զեկույցի հրապարակումից հետո, համաձայն որի` լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնական Թեհրանը ձգտում է միջուկային զինանոց ստեղծել։

Իրանը պնդում է, որ միջուկային էներգիան խաղաղ նպատակներով է օգտագործելու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG