Մատչելիության հղումներ

Այսօր հայտնի կդառնան աշխարհի 7 հրաշալիքների ընտրության նախնական արդյունքները


Եգիպտական բուրգերը

Եգիպտական բուրգերը

Այսօր խորհրդանշական տարեթիվ է` դրանում վեց անգամ կրկնվում է 1 թվանշանը` 11 թվականի 11-րդ ամսվա 11-րդ օրը։ Այսպիսի տարեթիվ դարում մեկ անգամ է լինում։

Թվերի մոգական ուժին հավատացող մարդիկ հատուկ նշանակություն են տալիս այս օրվան, մինչդեռ հենց այսօր տեղի կունենա առնվազն մեկ համաշխարհային իրադարձություն` ուշ երեկոյան հայտնի կդառնան աշխարհի 7 հրաշալիքների ընտրության նախնական արդյունքները։

«Աշխարհի 7 հրաշալիքները» կազմակերպության կենտրոնը Շվեյցարիայում է, այն ամփոփելու է SMS-քվեարկության նախնական արդյունքները Երեւանի ժամանակով երեկոյան ժամը 11-ին։

«Աշխարհի 7 հրաշալիքներ» հասկացությունը ավելի քան երկու հազարամյակի պատմություն ունի։

Մեր թվարկությունից առաջ 200 թվականին Փիլոն Բյուզանդացին է կազմել աշխարհի 7 աննման շինությունների ցանկը. դրանում էին Հելիոս աստծո հսկայական արձանը, որն անվանել են Հռոդոսի կոթող, Շամիրամի կախովի այգիները, Ալեքսանդրիայի փարոսը, Հալիկառնասոսի դամբարանը, եգիպտական բուրգերը, Զեւսի արձանը եւ Արտեմիսի տաճարը։

Մեր օրերին այդ թվարկված շինություններից միայն եգիպտական բուրգերն են պահպանվել։

Այսօր Շվեյցարիայում կորոշեն, թե որ կառույցներն է հրաշալիք համարում թվային տեխնոլոգիաների դարաշրջանի մարդը։

14 թեկնածուների թվում են նաեւ ներկայիս Եգիպտոսում գտնվող Գիզայի բուրգերը, եւ քանի դեռ դրանք պահպանվում են, ամենայն հավանականությամբ, առհավետ կհամարվեն աշխարհի հրաշալիք։

13-րդ դարում Եգիպտոս այցելած մի իմաստուն արաբ ճանապարհորդ զուր չի ասել. - «Ամեն բան այս աշխարհում վախենում է ժամանակից, իսկ ժամանակը վախենում է եգիպտական բուրգերից»։

Ահավասիկ մնացած թեկնածուները.

Ալհամբրայի տաճարը` 12-րդ դարում կառուցված այս հսկայական համալիրը գտնվում է Իսպանիայում, Գրանադա քաղաքում։ Դա արաբ արքա Մոհամեդ առաջինի նստավայրն էր, որն անվանում են նաեւ Կարմիր պալատ։

Կամբոջայում 12-րդ դարում կառուցված Անգկորը քմերների կայսրության սրբավայրերից մեկն է, նվիրված է Վիշնու աստծուն։

Կիոմիցու տաճարը գտնվում է Ճապոնիայում, Կիոտո քաղաքում, այն սկսել են կառուցել 745 թվականին եւ ավարտել են 1855-ին։

Գերմանիայում, Բավարիայի երկրամասի Շվանգաու ավանի մոտ է գտնվում 19-րդ դարավերջին կառուցված Նոյեշվանշտայն ամրոցը, որի կախարդական-հեքիաթային պատկերի կրկնօրինակը կա Փարիզի Դիսնեյլենդում։

Թեկնածուների ցանկում են Զատկի կղզու 10-16-րդ դարերում կառուցված «մոայի» հսյկայական արձանները, Մեծ Բրիտանիայում մեր թվարկությունից առաջ 3-րդ հազարամյակից 1600 թվականը տեղադրված Սթոունհենջի հսկայական մեգալիթյան կրոմլեխները։

Սոֆիայի տաճարը (Այա Սոֆիա) Ստամբուլում է, կառուցված է մեր թվարկության 532-537 թվականներին, Մոսկվայի Կրեմլը 1156-1850 թվականներին է ստեղծվել, Ազատության արձանը` «Տիկին Լիբերթին» Նյու Յորքի նավահանգստում է տեղադրվել 1886 թվականին։

Թեկնածուներից է Փարիզի խորհրդանիշը` Էյֆելյան աշտարակը, որի կառուցումն ավարտվել է 1889 թվականին։

Ցանկում են Տիմբուկտուի տաճարը (12-րդ դար) եւ Աթենքի Ակրոպոլիսը ( մ.թ.ա. 450 - 330)։

«Ամենաերիտասարդ» կառույցը Սիդնեյի Օպերան է, որի շինարարությունն ավարտվել է ընդամենը 38 տարի առաջ։

Կառույցներից զատ, այսօր Շվեյցարիայում կանվանեն նաեւ աշխարհի 7 բնական հրաշալիքները` ջրվեժ, հրաբուխ, լեռ, կանյոն եւ նույնիսկ հյուսիսափայլ, այն ամենը, ինչ մայր բնությունն է պարգեւել մարդուն։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG