Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 11-ի մամուլ


«Ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «Երեկ Երեւանում իշխանությունը մեծ հանդիսավորությամբ նշում էր տեղական ինքակառավարման համակարգի ներդրման 15-ամյակը: Բանն այն է, որ ՏԻՄ համակարգը Հայաստանում համատարած կոռուպցիոն շղթայի մի մասն է, որ ձեւավորվում է կենտրոնական համապետական ընտրություններից ոչ պակաս կեղծիքներով, որը նաև միեւնույն ժամանակ հանդիսանում է կենտրոնական համապետական ընտրությունների կեղծման կարեւորագույն ինստիտուտներից մեկը: ՏԻՄ համակարգում ղեկավարներ են ընտրվում ընտրակեղծիքներով, եւ այդ ամենը վայելում է կենտրոնական իշխանության աջակցությունը, որովհետեւ հետո այդ ղեկավարները տեղերում կեղծում են նաեւ համապետական ընտրությունները: Դրա դիմաց էլ նրանք ստանում են քվոտաներ տեղական տնտեսության ճյուղերում, իհարկե կենտրոնական օլիգարխիայի քվոտաների շրջանակում»:

Նույն միջոցառման մասին «Հրապարակ»-ը գրում է. - «Դեռ չի հասցրել Տարոն Մարգարյանը դառնալ Երեւանի քաղաքապետ, արդեն քծնանքի ու մեծարման դաշտում է հայտնվել: Երեկ նրան միանգամից երկու մեդալ են տվել: Մեկը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կողմից, մյուսը` Հայաստանի համայնքների միության: Գնահատել են, այսպես ասած, նրա ներդրումը տեղական ինքնակառավարման մարմինների ձեւավորման եւ 15-ամյա գործունեության ասպարեզում: Բայց դե նպատակն ավելի քան պարզ է` Երեւանի քաղաքապետից ակնկալիքները մեծ են: Հազար հարց, հազար խնդիր: Հենց այսպես էլ «փչացնում» ենք մեր չինովնիկներին: Նշանակման իսկ օրից նրանց ներշնչում, որ պաշտոնը ոչ թե տքնաջան աշխատանք է, այլ համատարած վայելք, հաճույք, դափնիներ ու մեդալներ: Այ, երբ կզրկվես պաշտոնից, նոր միայն կիմանաս, թե ինչ սխալներ ես գործել, ինչում ես թերացել ու վրիպել»:

«Երկիր»-ը գրում է. - «Արդյոք իշխանությունները սպասում էին Լեւոն Տեր-Պետրոսյանի այս հանկարծահաս հանդարտվելուն: Ինչո՞ւ հենց նոյեմբերի 1-ին. այսինքն` հոկտեմբերի 28-ից 3 օր անց սկսվեցին այս տարօրինակ պաշտոնանկությունները: Գուցե արտահերթ ընտրություններից հրաժարվելու իր նոր ծրագրով Տեր-Պետրոսյանը ինչ-որ նշա՞ն տվեց Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ի նրա շրջապատին, այն է` վերջ, «պայքարող» ընդդիմությունը մեռավ, սկսվում է «պայքարող» նախագահի ժամանակաշրջանը… Կարելի էր, չէ՞, մի փոքր շունչ քաշել, ըմբոշխնել «կատաղի» հակառակորդի նահանջը, մի քիչ շուռումուռ գալ հայելու առաջ, գովազդվել: Բայց ոչ: Հանկարծ տեսնում ենք, որ ՀՀԿ-ին իր այդ սիրած գործով զբաղվելու ժամանակ անգամ չունի: Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարությունների կապակցությամբ միայն արձանագրեցին, որ ՀԱԿ-ը մտավ ընտրապայքարի փուլ, եւ հիմա իրենք են, ասես, փորձում առաջ անցնել ՀԱԿ-ից` է'լ Ալիկ Սարգսյանի առաջքաշում, է'լ ընտրություններից գլուխ չհանող Կարեն Կարապետյանի փոխարինում Տարոն Մարգարյանով, է'լ կոտրած տաշտակ, է'լ անպարտելի նախընտրական շտաբի ձեւավորում, է'լ խոսակցություններ նոր պաշտոնափոխություններ մասին… թեժ աշունն էլ ինչպե՞ս է լինում»:

Արդյունաբերողների ու գործարարների միության համագումարում Սերժ Սարգսյանի ելույթի վերաբերյալ «Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Ամենեւին խտացրած չենք լինի գույները, եթե ասենք, որ գործարարության ու պետական պաշտոնի մեկտեղման հաճախակի դրսեւորումներն ուղղակի կաշկանդում են երկրի տնտեսական, ու ոչ միայն տնտեսական, առաջընթացը։ Այսինքն` գործ ունենք մի այնպիսի բացասական գործոնի հետ, որ եթե դրա դեմը չառնենք, ապա այն ինքը, ի վերջո, մեր «դեմը կառնի» գործունեության ցանկացած բնագավառում, որպես արգելապատնեշ ու բալաստ։ Սակայն հիմա հենց պետության ղեկավարն է շեշտում՝ «գործարարությունը պետք է հետեւողականորեն տարանջատվի պետական համակարգից եւ իշխանությունից»։ Եվ երբ դա ասվում է նախագահի մակարդակով, հնչում որպես հստակ նախազգուշացում եւ ընկալվում այնպես, որ ասվածին հակառակն այլեւս գնահատվելու է որպես անընդունելի ու, ըստ այդմ՝ պատժելի երեւույթ, փաստորեն հստակ սահմանագիծ է դրվում, որ կարելի է այսպես ձեւակերպել. «կա՛մ պետական պաշտոնյա, իշխանավոր, կա՛մ գործարար», այլ ոչ թե՝ «ե՛ւ պաշտոնյա, ե՛ւ բիզնեսմեն»։

Բյուջեի քննարկումների համատեքստում «Իրատես de facto»-ի թղթակիցը դաշնակցական պատգամավոր Արա Նռանյանին հարցնում է. - «Եթե կառավարությունը հնարավորություններ ունի ու չի բարձրացնում կենսաթոշակներն ու աշխատավարձերը, ինչո՞վ է դա պայմանավորված»: Պատասխան. - «Կառավարությունը ռեսուրս ունի, բայց համոզված է, որ Հայաստանի մրցունակությունը ապահովում է քաղաքացիների ցածր եկամուտը: Դա ամրագրված է նաեւ կայուն զարգացման ռազմավարությունում, որտեղ նշված է, որ կառավարությունը խնդիր է դնում ապահովել արտադրողականության աճ` կայուն ցածր վարձատրության պայմաններում: Այսինքն` կառավարությունն ակնկալում է, որ այսքան ցածր, նույնիսկ կենսամակարդակից ու աղքատության շեմից ցածր աշխատավարձ ստացող քաղաքացիները պետք է ավելի շատ աշխատեն եւ ավելի որակյալ ու մրցունակ արտադրանք տան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG