Մատչելիության հղումներ

Բանավեճ 2012 թվականի բյուջեի շուրջ


Հայաստանի կառավարության մշակած նոր հարկային փաթեթը, որը նախատեսում է մի շարք կարեւորագույն փոփոխություններ հարկային դաշտում, դեռ հրապարակված չէ:

Ազգային ժողովի Տնտեսական եւ ֆինանսավարկային հարցերով հանձնաժողովների ներկայացուցիչներ Արծվիկ Մինասյանի (ՀՅԴ) եւ Վարդան Այվազյանի (ՀՀԿ) հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը մատնանշեց սա` որպես կառավարության սխալ գործելաոճի արդյունք:

«Այսօր նոյեմբերի 10-ն է, դեռ հրապարակված չէ այս հարկային փաթեթը: Ընդամենը 50 օր հետո մենք` քաղաքացիներս, հարկատուներս կանգնելու են փաստի առաջ», - ասաց Ասատրյանը:

Զրույցը տնտեսականից շուտով վերաճեց քաղաքականի, երբ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համակիր Բագրատ Ասատրյանն ու ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը մեղադրեցին իշխող Հանրապետական կուսակցությանը` կուսակցական ծրագրային դրույթներից հսկայական շեղումներ արձանագրելու մեջ:

«Այսպիսի անհամապատասխանություն բացառվում է որեւէ երկրում», - ասաց Մինասյանը:

«Ծրագրվում էր, որ 2012-ին նոմինալ ՀՆԱ-ն պետք է կազմի 5 տրիլիոն, 570 միլիարդ դրամ: Այս տարվա հաստատվող բյուջեն 25 տոկոսով ավելի պակաս է (4 տրիլիոն, 275 միլիոն)», - մատնանշեց Ասատրյանը:

Նրանց մեղադրանքներին ի պատասխան` Վարդան Այվազյանը
դժգոհություն հայտնեց, թե իր ընդդիմախոսները, փոխանակ մատնանշեն, թե ինչում է կոնկրետ թերացել Կառավարությունը եւ ինչպիսի ելքեր կան իրավիճակը շտկելու համար` թվեր են հրապարակում:

«Մենք 2009-ը թվականին ունեցել ենք տնտեսական ճգնաժամ եւ այն ազդել է բոլորի վրա` սկսած դրսից եկած տրանսֆերտներից, մինչեւ տնտեսության ներքին ճյուղերի աճը: Իսկ դուք չեք ուզում տեսնել դա` Հայաստանի Հանրապետությունը այս տնտեսությունից դուրս է, կարող եք նստել եւ թվեր հրապարակել: Թվեր մի հրապարակեք, ասեք, որտեղ ենք թերացել: Այդ բարոյահոգեբանական խոսակցությունը շատ եմ անցել ես», - ասաց Այվազյանը:

Անցած շաբաթ խորհրդարանում բյուջետային լսումների ժամանակ Տիգրան Սարգսյանը, թե 2012-ի պետբյուջեի փաթեթը ենթադրում է անցում կայունացումից դեպի տնտեսական աճ։ Հանրապետական կուսակցության այս լավատեսության հետ համաձայն չեն ՀՅԴ և ՀԱԿ-ը: Բագրատ Ասատրյանը, մասնավորապես, հայտարարեց, թե իշխող կուսակցությունը թերացել է իր գործում, եւ ընդդիմությունը չի ցանկանում այսպիսի տնտեսական քաղաքականություն տեսնել: Վարդան Այվազյանը պատասխանեց. - «Ասեք, չենք ուզում: Է, չեք ուզում, մի ուզեք, իսկ ինչ վերաբերում է ընտրություններին, համբերեք ընդամենը 6 ամիս է մնացել, 6 ամիս հետո նորից այստեղ կնստենք, կխոսենք: Դե, տեսնենք ընտրություններին ժողովուրդը ում ձայն կտա»:

Հարկային փաթեթով առաջարկվող կարևոր փոփոխությունները վերաբերում են թանկարժեք ալկոհոլային խմիչքներից գանձվող հարկերի ավելացմանը: Նրանց հարկման բազան 50 տոկոսով կավելանա` մատչելի ալկոհոլային խմիչքների համեմատ: Հաջորդ առաջարկը շքեղության հարկն է: Նախատեսվում է մեքենաների վրա, որոնց շուկայական արժեքը գերազանցում է 90 հազար դոլարը, էապես ավելացնել այսօր կիրառվող դրույքաչափը: Հարցին, թե ինչպե՞ս կանդրադառնան այդ բոլոր հարկային փոփոխությունները Վարդան Այվազյանի ընտանեկան բյուջեի վրա, վերջինս պատասխանեց, թե ինքը էժան ալկոհոլ է օգտագործում:

«Ես Ալեքսանյան Սամվելի եւ մեր «Ավշար»-ի օղիներն եմ խմում: Եթե նոր մեքենա առա` ընդունած նորմերից ավելի, ազդելու է, եթե դրանից ցածր եմ առնելու, չի ազդի», - ասաց Այվազյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG