Մատչելիության հղումներ

Լուկաս Պապադեմոսը կղեկավարի Հունաստանի կոալիցիոն կառավարությունը


Հունաստանի կոալիցիոն կառավարության ղեկավար Լուկաս Պապադեմոսը:
Հունաստանի կոալիցիոն կառավարության ղեկավար Լուկաս Պապադեմոսը:
Մի քանի օր շարունակված քաղաքական խորհրդակցությունները Հունաստանում վերջապես ավարտվեցին: Դրանց արդյունքում պարզ դարձավ, որ երկրի կոալիցիոն կառավարությունը ղեկավարելու է Եվրոպական Կենտրոնական բանկի նախկին փոխնախագահ Լուկաս Պապադեմոսը:

«Կարծում եմ, որ Պապադեմոսը հենց այն վարչապետն է, որն ի վիճակի կլինի Հունաստանը ղեկավարել այս տագնապալից ժամանակահատվածում: Մի մոռացեք, սակայն, որ նա չունի որեւէ քաղաքական հենարան», - Bloomberg-ին տված հարցազրույցում նշել է Լոնդոնի Տնտեասգիտական համալսարանի պրոֆեսոր Սպիրոս Էկոնոմիդեսը:

«Լուկաս Պապադեմոսը փորձառու բանկիր է, նա հավասարապես հեռու է Հունաստանում գործող տարբեր քաղաքական ուժերից, ավելին` նա վեր է կանգնած այն կոռուպցիայից, որ պատել է Հունաստանի քաղաքական դաշտը», - նշում է Բրյուսելում գործող Միջազգային քաղտնտեսության եվրոպական կենտրոնի վերլուծաբան Ֆրեդերիք Էրիքսոնը:

BBC-ին փոխանցում է Պապադեմոսի կնոջ խոսքերը. - «Ես աղոթում եմ, որ ամուսնուս մոտ գոնե ինչ-որ բան ստացվի վարչապետի պաշտոնում»:

Պապադեմոսի կառավարության թիվ մեկ խնդիրը Եվրամիության հետ ձեռք բերված վարկային համաձայնագիրը կյանքի կոչելն է Դրա համար Հունաստանի կառավարությունը ընդամենը երեք ամիս ժամանակ ունի:

Իրադարձությունների զարգացման առավել հավանական սցենարը, սակայն, արտահերթ ընտրություններն են: Ինքը Պապադեմոսը դեռեւս չի հստակեցնում, թե երբ են կազմակերպվելու արտահերթ խորհրդարանական ընտրությունները:

Մինչ Հունաստանը փորձում է հաղթահարել տնտեսական անկման հետեւանք հանդիսացող քաղաքական ճգնաժամը, եվրոպացիների ուշադրությունը կենտրոնում է Իտալիայում ստեղծված իրավիճակը:

Փորձագետների պնդմամբ, այսօր Իտալիայի տնտեսությունը հասել է այն կետին, որում Հունաստանը, Պորտուգալիան եւ Իռլանդիան ստիպված եղան օգնություն խնդրել Եվրամիությունից:

«Պարտքերի սպասարկման ճգնաժամի կենտրոնը Հունաստանից տեղափոխվել է Իտալիա», - նշում են տնտեսագետները:

Եվրամիության Էկոնոմիկայի եւ դրամավարկային քաղաքականության գծով հանձնակատար Օլի Ռենն այս առթիվ հայտարարել է. - «Ես հուսով եմ, որ մի օր գուցեեւ լավ լուրեր հաղորդելու առիթ կունենամ: Առայժմ, սակայն, ստիպված եմ արձանագրել, որ, ցավոք սրտի, եվրոպական տնտեսության հեռանկարները շատ մռայլ են: Քաղաքական կայունության վերահաստատումը Իտալիայի համար առաջնահերթ նշանակույթուն ունի: Դա հնարավորություն կտա վերականգնել որոշումների կայացման մեխանիզմը: Դրան զուգահեռ հարկավոր է ձեռնամուխ լինել լայնածավալ համակարգային փոփոխությունների»:

Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդի կարծիքով էլ. - «Եթե մենք միասնականորեն եւ համարձակորեն չգործենք, ապա չի բացառվում, որ համաշխարհային տնտեսությունը հայտնվի անորոշության եւ ֆինանսական անկայունության ճիրաններում, դա էլ իր հերթին կարող է համաշխարհային պահանջարկի փաստացի փլուզման հեռանկար ստեղծել: Մենք կարող ենք մուտք գործել մի դարաշրջան, որ վերլուծաբաններից ոմանք արդեն իսկ անվանում են «կորուսյալ տասնամյակ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG