Մատչելիության հղումներ

Բուռն ընտրապայքարը ծավալվում է Հանրապետական ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների անդամների միջեւ, որոնց հարաբերությունները վերջին տարիներին լարված են եղել:

Կոլաիցիոն գործընկերներ համարվող կուսակցության անդամների հակասությունը կապ չունի կուսակցության հետ: «Բարգավաճ Հայաստան»-ի թեկնածու Վարդան Ղալումյանը մի քանի տարի որպես ավագանու անդամ պայքարում էր քաղաքապետին պաշտոնանկ անելու համար, բայց նրան ու իր թիմին դա չհաջողվեց: Նրանք գտնում էին, որ քաղաքապետը թափանցիկ չի աշխատում, վատնում է տեղական բյուջեն ու քաղաքը լավ չի կառավարում:

Կառավարությունը, սակայն, այդպես էլ չընդունեց քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին նրանց առաջարկը: Ի նշան բողոքի, ավագանու անդամները սկսեցին բոյկոտել նիստերը: Դրանից հետո Ղալումյանի ու իր գործընկեր ավագանու անդամների լիազորությունները քաղաքապետը դադարեցրեց:

Հիմա Ղալումյանի թիմը այս ընտրությունների միջոցով որոշել է «քաղաքն ազատել Վարուժան Ներսիսյանից»:

Երկու թեկնածուներն էլ առաջադրվել են ինքնառաջադրման սկզբունքով:

«Կուսակցությունները պարզապես սատարում են իրենց անդամներին», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Ղալումյանը` նշելով, որ որպես կոալիցիոն գործընկերներ, խնդիրներ չեն կարող ունենալ. - «Կուսակցությունը չի առաջադրել իմ թեկնածությունը, բայց ես առաջադրվելուց հետո դիմել եմ իմ կուսակցական գործընկերներին, որպեսզի որքանով հնարավոր է ինձ սատարեն»:

Ղալումյանի հավաստմամբ, ընտրապայքարը քաղաքապետի ու ավագանու նախկին անդամերի միջեւ է. - «Մենք ավագանու անդամներով ստեղծել ենք մի կոալիցիա, որի մեջ կան ե'ւ Հանրապետական կուսակցության անդամ, ե'ւ անկուսակցական անդամ, ե'ւ դաշնակցական անդամ: Այնպես որ, այդ պայքարը չեմ համարում «Բարգավաճ Հայաստան» եւ Հանրապետական կուսակցությունների անդամների պայքար»:

Տասներեք տարի քաղաքը կառավարած Վարուժան Ներսիսյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմեց մրցակցի կողմից քաղաքում կատարվող խախտումների մասին:

««Բարգավաճ Հայաստան» կուսակցության անունից ոչ իջեւանցիներ տնետուն են անում, ցուցակներ են կազմում, ներխուժում են բնակարաններ, անհանգստացնում են մարդկանց` իբր ցուցակներ են ճշտում, իբր քաղաքապետարանից են, իբր մարդահամարի կազմակերպություններից են: Այսօր մեր շտաբից դիմել են նաեւ ոստիկանությանը, դիմել են ընտրական հանձնաժողովին, որ պարզեն, թե ինչ ցուցակներ են կազմում եւ ինչ նպատակի է ծառայելու», - ասաց նա:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Ղալումյանն էլ ասում է, թե քաղաքապետը, օգտագործելով վարչական լծակները` ճնշումներ է գործադրում ենթակաների վրա. - «Վարչական լծակները քաղաքապետը օգտագործում է իր աշխատակազմի միջոցով: Երեւի աշխատակազմը մտածում է, որ իմ ընտրվելու դեպքում շատ հնարավոր է, որ իրենք մնան անգործ: Բայց նման տրամադրությամբ չէ, որ ուզում եմ դառնալ քաղաքապետ»:

Գործող քաղաքապետը տարակուսում է, թե ինչպես կարող է Ղալումյանը քաղաքը կառավարել, եթե երկարատեւ բացակայելով ավագանու նիստերից` ազդում էր քաղաքի բնականոն կառավարման վրա:

Երկու թեկնածուներն էլ իջեւանցիներին խոստանում են բարեկարգ քաղաք` ասֆալտապատ, լուսավոր փողոցներով, նորոգված շենքերով ու մշակութային ակտիվ կյանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG