Մատչելիության հղումներ

«Ես կարող եմ աշխատել»


Միջոցառման մասնակիցներն իրենց ձեռքի աշխատանքներով փորձեցին ապացուցել, որ ոլորտի ապագա որակյալ մասնագետներն են եւ աշխատելու իրավունք ունեն:

Խոհարար, հյուսն, ատաղձագործ, դերձակ-մոդելավորողներ... նրանք այսօր վաղ առավոտից մրցում են իրենց մասնագիտական հմտություններով:

«Ես կարող եմ աշխատել» խորագիրը կրող միջոցառման շրջանակներում մասնակիցներն իրենց ձեռքի աշխատանքներով փորձելու են ապացուցել, որ ոլորտի ապագա որակյալ մասնագետներն են ու աշխատելու իրավունք ունեն: Թիվ 6 միջնակարգ ուսումնարանի 3-րդ կուրսի ուսանողների ուտեստը թառափ ձկնատեսակից էր, բայց նրանք շեշտը դրել են նաեւ ուտեստի ձեւավորման վրա: Սարգիսը նշում է, որ միտքն ու ձեւավորումը ընդհանուր կուրսինն էր. - «Ձուկը մարինացրել ենք, դրել ենք ջեռոց, հետո կողքերը բրնձով ստացել ենք ջրավազան, ջուրը ժելատին ա ու մեջը կենդանի փոքր ձկներ են, կողքերը եփած ռակ ա: Օվկիանոսի տեսք ենք ստացել»:

Նրանք նշում են, որ իրենց համար այսօր կարեւորը մասնակցությունն է, բայց ուրախությունն ու տոնական տրամադրությունը կկրկնապատկվի, իհարկե, հաղթանակի ժամանակ:

Բերդ գյուղի արհեստագործական ուսումնարանի ուսանողներն էլ ներկայանում էին ավանդական հավի կճախաշով ու հոնի թթվով. - «Կճախաշը պատրաստել են դեռ մեր մեծերը, հենց Բերդի ուտեստ է: Մեջը լոբի է, հնդկաձավար, հնդկացորեն, տնական հավի միս, համեմունքներ: Սա նաեւ դիետիկ ճաշատեսակ է»:

Բերդեցի մասնակիցները նշում են, որ իրենց համար կարեւորը ապագա խոհարարների ու արհեստավարժների հետ շփումն է, փորձի փոխանակումը ու նոր ծանոթությունները ոլորտի մասնագետների հետ: Նրանք մասնակցությունն իրենց համար արդեն իսկ հաղթանակ են համարում:

Միջոցառման կազմակերպիչը կրթության եւ գիտության նախարարության «Մասնագիտական կրթության եւ ուսուցման զարգացման» ազգային կենտրոնն է:

Նախարարության Նախնական եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Աբրահամյանը, խոսելով միջոցառման կարեւորության մասին, ասաց. - «Ես կարող եմ աշխատել: Սա նաեւ այն միտքն է հետապնդում, որ նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտներն կամ ուսանողներն իրավունք ունեն եւ իրականում կարող են իրենց վրա վերցնել պատասխանատվություն եւ աշխատաշուկայում պահանջված լինել իրենց հմտությունների եւ կարողությունների շնորհիվ»:

Ժյուրիի անդամները գործատուներն են, ոլորտի մասնագետներ ու տարբեր նախարարությունների ներկայացուցիչներ:

«Ժյուրին ունի հիմնականում մեկ նպատակ. պարզել, թե այդ մասնագիտությունը ինչպես է պատրաստվում մեր ուսումնական հաստատություններում, քոլեջներում եւ արհեստագործական ուսումնական հաստատություններում, եւ արդյունքում մենք ինչ ենք ունենում որպես մասնագետ: Արդյո՞ք նրանք կարող են մեր շուկայական պահանջները բավարարել, կարողանան գտնել աշխատանք` ինչպես անհատ ձեռներեցի կարգավիճակում, այնպես էլ գործարաններում», - ասաց ԿԳՆ Մասնագիտական կրթության բաժնի գլխավոր մասնագետ Թամարա Ալոյանը:

Միջոցառման երկրորդ հատվածում միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տարբեր մասնագիտության տեր ուսանողներ ներկաներին ծանոթացնում են իրենց ձեռքի աշխատանքներին:

XS
SM
MD
LG