Մատչելիության հղումներ

«Հայաստանում կա լավ ընտրություններ անցկացնելու քաղաքական կամք»


Ընտրական համակարգերի միջազգային հաստատության հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Մայքլ Գետտոն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ հայաստանյան քաղաքական վերնախավի հետ հանդիպումներից տպավորություն է ստացել, որ կա քաղաքական կամք անցկացնելու թափանցիկ եւ արդար ընտրություններ:

«Կարծում եմ, ելնելով տարբեր պատճառներից, հիմա կա քաղաքական կամք անցկացնելու լավ ընտրություններ: Իրական անհրաժեշտություն կա տեխնիկական խորհրդատվության, օրենքը հասկանալու եւ այն ի կատար ածելու առումով, եւ մենք հենց դա ենք անում», - ասաց Գետտոն:

Մեկնաբանելով այն դիտարկումը, թե ընտրություններից հետո ընդդիմադիր ուժերը որպես կանոն դժգոհ են մնում միջազգային դիտորդների գնահատականներից, որ ընտրություններն անցել են միջազգային չափանիշներին համապատասխան, Մայքլ Գետտոն ասաց. - «Ես էլ եմ լսել մեղադրանքներ: Նման մեղադրանքներ նաեւ շատ այլ երկրներում են հնչեցվում ընտրությունների տարբեր մասնակիցների կողմից: Այո, միշտ բարելավելու տեղ կա, միջազգային հանրությունը թե' դիտորդների, թե' ընտրական գործընթացի աջակցողների առումով կարող է բարելավվել»:

«Իսկապես շատ օգտակար է ԵԱՀԿ-ի դիտորդների դերը», - շարունակեց Գետտոն. - «Այս ամբողջ գործընթացում շատ արդյունավետ է եղել նաեւ ընդդիմության մասնակցությունը: Մենք նրանց հետ աշխատում ենք այնպես, ինչպես իշխանությունների հետ ենք համագործակցում թե' օրենսգրքի մշակման, թե' դրա իրականացմանը վերաբերող առաջարկությունների հարցում»:

Հարցին, թե իրատեսական է համարում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջարկը` ամեն ընտրատեղամասում գոնե մեկական միջազգային դիտորդի ներկայություն ապահովելը, Ընտրական համակարգերի միջազգային հաստատության հայաստանյան մասնաճյուղի ղեկավարը այսպես մեկնաբանեց. - «Չէի ցանկանա թվային գնահատական տալ, բայց վստահ եմ, որ բազմաթիվ դիտորդներ կլինեն այստեղ թե' ԵԱՀԿ-ից, թե' միջազգային այլ կազմակերպություններից: Մայիսին Հայաստանում դիտորդների լուրջ ներկայացվածություն կլինի»:

Ինչ վերաբերում է վերջին հանրահավաքում ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած մտահոգությանը, որ պետք է ընտրացուցակները շուրջ կես միլիոն ավելորդ անուններից մաքրել, Մայքլ Գետտոն ասաց. - «Կարծում եմ, Հայաստանի քաղաքացի, բայց երկրից դուրս ապրող մարդկանց թվաքանակի խնդիր կա, եւ մենք զբաղվում ենք դրանով, բայց պարոն Տեր-Պետրոսյանի ասածի մասով ինձ ոչինչ հայտնի չէ»:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանը հանձնաժողովի այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով եւս անդրադարձավ այս հայտարարությանը:

«Նկատի ունենալով, որ մենք ունենք ընտրողների մշտապես վարվող ռեգիստր, սկզբունքորեն բացառում եմ եւ ընդհանրապես ճշմարտությանը մոտ չեմ համարում այդ թիվը, որովհետեւ եթե լինեն էլ նման թերացումներ, նման անճշտություններ, դրանք կարող են շատ փոքր ծավալ կազմել», - ասաց Մուկուչյանը:

Տիգրան Մուկուչյանի խոսքով` մի քանի օր առաջ ԿԸՀ-ի կայքէջում տեղադրվել է ընտրողների ռեգիստրի թարմացված տարբերակը, իսկ ընտրություններից 40 օր առաջ այն նաեւ հնարավոր կլինի ներբեռնել, ուստի, ըստ ԿԸՀ նախագահի, բավական ժամանակ կա ստուգելու բոլոր անճշտությունները: «Մանավանդ, որ անգամ շարքային քաղաքացիներին է տրված այդ հնարավորությունը», - ասաց Մուկուչյանը:

«Կարող է ծանոթանալ այդ ցուցակին, տեսնի` իր անուն ազգանունը կա՞, թե՞ չկա այդ ցուցակի մեջ, մեխանիզմը կա դրա` լիարժեք, օրենսդրորեն ամրագրված է», - ասաց ԿԸՀ-ի նախագահը:

Անդրադառնալով ընդդիմության բարձրաձայնած` ընտրություններին 2000 միջազգային դիտորդ հրավիրելու պահանջին` Տիգրան Մուկուչյանն ասաց, որ ի պաշտոնե պարտավորված է չեզոքություն դրսեւորել ու զերծ կմնա քաղաքական գնահատականներ տալուց, բայց ընդգծեց, որ դիտորդների հրավիրման կարգը արձանագրված է օրենսգրքով:

«Եվ քանի որ նաեւ հասկացա հարցի բազմակողմանիությունը, ես կարծում եմ, որ առաջին հերթին երեւի թե ցանկացած ընտրական գործընթացի մասնակցող կուսակցություն նախ պետք է ապավինի իր սեփական վստահված անձանց, քանի որ նրանց միջոցով ունի այդ հնարավորությունը լիարժեք կերպով վերահսկելու ցանկացած ընտրական գործընթաց», - ասաց նա:

Տիգրան Մուկուչյանը տեսնում է նախադրյալներ, որ հաջորդ ընտրությունները «քայլ առաջ» են լինելու, կամ ինչպես օրերս հայտարարել էր վարչապետ Տիգրան Սարգսյանը, ամենաթափանցիկ եւ արդար ընտրությունները անկախ Հայաստանի 20-ամյա պատմության ընթացքում:

«Այսօր այդ ամբողջ օրենսդրական կանոնակարգումների դաշտը միանշանակ հնարավորություն է ընձեռում առավել թափանցիկ, հրապարակային, տեսանելի կազմակերպելու ընտրական գործընթացները», - հավաստիացրեց Մուկուչյանը:
please wait

No media source currently available

0:00 0:05:13 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG