Մատչելիության հղումներ

Սթիվ Վոզնյակի հարցազրույցը «Ազատություն» ռադիոկայանին


Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակը Հայաստանում է
please wait

No media source currently available

0:00 0:07:46 0:00
Աշխարհահռչակ Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակը խորհուրդ է տալիս ներդրումներ կատարել կրթական համակարգում եւ խրախուսել նորարարության ջիղը երիտասարդների մոտ` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում զարգացում ապահովելու համար:

Սթիվ Վոզնյակը, ում հաճախ անվանում են Apple-ի «Մյուս Սթիվ» կամ iWoz, քանի որ նա այնքան հայտնի չէ, որքան հոկտեմբերին մահացած Սթիվ Ջոբսը` ընկերության մյուս համահիմնադիրն ու երկարամյա գործադիր տնօրենը, Երեւան է ժամանել երկօրյա այցով` ստանալու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի նախագահի 2011 թվականի մրցանակը:

Այս մրցանակը հանձնվում է երկրորդ անգամ: Անցած տարի այն տրվել է Ինթել կորպորացիայի գործադիր տնօրեն Քրեյգ Բերեթին:

Հայաստանի իշխանությունները տեղեկատվական տեխնոլոգիաները հայտարարել են գերակա ոլորտ: ՏՏ ձեռնարկություններում ավելի քան 5 հազար մարդ է աշխատում:

«Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցի ժամանակ Վոզնյակը ընդգծեց, որ ԱՄՆ-ի տեխնոլոգիական նորարարության դարբնոցի` Սիլիկոնային հովտի հաջողությունների հիմքում ընկած են լավ դպրոցները եւ ճարտարագետները:

Պատասխանելով այն հարցին, թե իր կարծիքով ինչ քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանի կառավարությունը ՏՏ ոլորտում զարգացում ապահովելու համար, Վոզնյակը ասաց` դժվար է պատասխանել, որովհետեւ հնարավոր չէ, ասենք, դրամ հայթայթել եւ նորարարություն գնել:

«Դուք չեք կարող նորարարություն գնել, որովհետեւ նորարարությունը սկսվում է դպրոցից», - նշեց նա` հավելելով, թե ժամանակակից կրթական համակարգը, թերեւս, նորարարական ոգի ներշնչելու տեսակետից այնքան էլ լավը չէ: - «Մենք դասավանդում ենք նույն առարկաները` նույն ձեւով, նույնատիպ դասարաններում, նույն ժամաքանակով եւ այնուհետեւ մենք ստուգում ենք երեխաներին տրված գիտելիքները, իսկ սա խնդիր է: Կապ չունի, թե ինչ եք անում, եթե շարունակում եք շարժվել նույն այդ բանաձեւով, դուք շատ առաջընթաց չեք ունենա»:

«Ինտերնետի դարաշրջանում շատ դյուրին է աշխարհի ցանկացած կետում հանդես գալ նոր գաղափարներով, որոնք միանգամից կգրավեն մարդկանց ուշադրությունը: Դա այդքան էլ հաճախ չի լինում, սակայն երբ դա տեղի է ունենում, սովորաբար արվում է երիտասարդ մարդկանց կողմից, որովհետեւ նրանց մոտ բացակայում են կարծրատիպերը եւ նրանք կաշկանդված չեն դոգմաներով այն մասին, թե ինչպես է կառուցված աշխարհը», - ասում է Վոզնյակը:

Աշխարհի առաջին անձնական համակարգիչը ստեղծած նորարար ճարտարագետը հստակորեն տարբերակում է ճարտարագետներին եւ նորարարներին. - «Կան ճարտարագետներ, որոնք կարող են ստեղծել ինչ-որ բաներ, օրինակ` ինտեգրացված շղթաներ միկրոսխեմաների վրա, եւ կան նորարարներ, ովքեր ստեղծում են այն, ինչ դուք դեռ չեք տեսել»:

«Ինչ վերաբերում է [Հայաստանի] տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին եւ ընկերությունների խրախուսմանը, ապա կարող եմ ասել, որ ոլորտն` ընդհանրապես, արդեն իսկ ունի պատմություն եւ մի շարք լավ տեխնիկական համալսարաններ, եւ դրանից պետք է սկսել», - հավելեց Apple-ի համահիմնադիրը: - «Բայց մի կաշկանդեք երիտասարդ մարդկանց գիտական աստիճաններով` կարեւորելով գիտական ինչ-ինչ աստիճան ունենալու փաստը: Դա այդքան էլ լավ չէ, երբ ընկերությունները այս ոլորտում աշխատանք փնտրողներից պահանջում են միայն դիպլոմներ: Պետք է նկատել երիտասարդներին, ովքեր ինքնուրույն են մտածում եւ ունեն նոր, լավ գաղափարներ` իսկական նորարարներին: Շատ լավ է, եթե դուք ունեք բազմաթիվ երիտասարդներ համալսարաններում, եւ այդ համալսարանները ունեն հնարավորություններ` միգուցե տրամադրված մասնավոր ընկերությունների կողմից: Լավ կլինի, որ բուհերում ուսանող ու ընկերություններում աշխատող երիտասարդները ունենան ստեղծագործելու ազատություն: Ընդ որում, այդ երիտասարդների աշխատանքը չպետք է ունենա միայն կոմերցիոն նպատակներ, այլ կարող է ծառայել հենց իրենց գիտելիքների զարգացմանը: Եվ երբեմն դա կբերի մի ցնցող արդյունքի, որից կարող է օգտվել նաեւ այդ արդյունքին մոտ կանգնած ընկերությունը, որը ստեղծել էր վերոհիշյալ հնարավորությունը»:

«Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե ի՞նչ է երկրին դարձնում մրցունակ այս թվային դարաշրջանում, Վոզնյակը պատասխանեց. - «Ես չեմ սիրում դատողություններ անել, թե տվյալ երկիրը մյուս երկրի նկատմամբ որքանով է մրցունակ: Որոշ առումներով` ինչպես օրինակ աշխատավարձերի, Հայաստանում [բիզնեսի համար] գործունեություն ծավալելը ավելի բարենպաստ է, քան օրինակ Միացյալ Նահանգներում, որտեղ արդյունք ստանալը ավելի ծախսատար է»:

Վոզնյակ. Շախմատային մտածելակերպը համահունչ է ճարտարագիտության եւ համակարգիչների արտադրության մեջ կիրառվող աշխատանքին
ՏՏ ոլորտում զարգացումն ու մրցունակությունը սկսվում է` «համապատասխան մարդկանցով, համապատասխան մշակույթ ձեւավորելով», նշեց նա. - «Ես կասեի, որ մի երկրում, որն ունի լավագույն շախմատիստներ… շախմատային մտածելակերպը համահունչ է ճարտարագիտության եւ համակարգիչների արտադրության մեջ կիրառվող աշխատանքին, որտեղ պետք է մտապահես բազմաթիվ սխեմաներ, իրարից անկախ ուղիներ, արդյունքներ: Բայց պետք է քաջալերել մարդկանց, որ նրանք սովորեն լինել աշխարհում լավագույնը եւ լինեն լավագույնը»:

Շատերին հուզող հարցին` ի՞նչ կլինի Apple ընկերության հետ Սթիվ Ջոբսից հետո, Վոզնյակը պատասխանեց. - «Այն մշակույթը եւ սիմվոլները, որ Apple ընկերությունը ստեղծել է, հավանաբար ավելի շատ կպահպանվեն Apple-ում, քան իրենց ազդեցությունը կունենան աշխարհի այլ ընկերությունների վրա: Այնպես որ` կարճատեւ հեռանկարում Apple-ն ունի նոր արտադրանք տալու մեծ ներուժ: Հաճախորդները ցանկանում են ապրանքը տեսնել գեղեցիկ, գրավիչ, շատ պարզ ու օգտագործման համար դյուրին: Եվ Apple-ի հաճախորդները շատ բացասաբար կարձագանքեն, եթե ընկերությունը սկսի ետ մնալ Սթիվ Ջոբսի օրոք լույս աշխարհ եկած արտադրանքների որակից: Կան ընկերություններ, որոնք ժամանակի ընթացքում ստեղծել են հոյակապ ապրանքներ: Օրինակ` Leica լուսանկարչական սարքերը… եւ հարյուր տարի այս ընկերությունները շարունակում են արտադրանք տալ նույն` բարձր որակով: Դա գրեթե պարտադիր է»:

Ինչ վերաբերում է իր կողմից Հայաստանում ներդրումներ անելու հնարավորությանը` Վոզնյակը միայն նշեց, թե չունի սեփական ներդրումային հիմնադրամ:

please wait

No media source currently available

0:00 0:06:02 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG