Մատչելիության հղումներ

Նոր զոհեր ու ավերածություններ Վանում


Վան, Թուրքիա - Փրկարարները փլատակներից դուրս են բերում նոյեմբերի 9-ի երկրաշարժից տուժածներին
Վան, Թուրքիա - Փրկարարները փլատակներից դուրս են բերում նոյեմբերի 9-ի երկրաշարժից տուժածներին
Վանում նոր երկրաշարժ է տեղի ունեցել, նախնական տվյալներով` 7 մարդ է զոհվել։ 25 շենք է փլուզվել, ներառյալ` «Բայրամ» հյուրանոցը, որտեղ մնում էին լրագրողներ եւ արտասահմանից ժամանած փրկարար ու մարդասիրական ծառայությունների աշխատակիցներ:

Թուրքական «Դողան» գործակալությունը հաղորդում է, որ իր երկու թղթակիցները անհետ կորած են համարվում: Փրկարարները 26 մարդու կյանք են փրկել, այդ թվում` Մարդասիրական օգնության ճապոնական ընկերակցության երկու աշխատակցի: Նրանցից մեկը ծանր վիճակով տեղափոխվել է հիվանդանոց:

Փաստաբան Մուսթաֆա Բիլիչին հայտնել է, որ մի մարդ զոհվել է, երբ խուճապահար իրեն դուրս է նետել շենքից: «Չիհան» գործակալության օպերատոր Օզգյուր Գյունեսը «Հաբերթուրք»-ին ասել է, թե փլատակների տակ ողջ մնացած որոշ լրագրողներից ձեռքի հեռախոսների վրա օգնություն աղերսող հաղորդագրություններ են ստացել:

Փլուզված շենքերից միայն երեքում էին մարդիկ ապրում, մյուսները վթարային վիճակի պատճառով անբնակ էին` մարդիկ տարահանվել էին անցած ամիս տեղի ունեցած երկրաշարժից հետո:

Հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետեւանքով ավելի քան 600 մարդ է զոհվել, 4 հազարից ավելին վիրավորվել են, առնվազն 2 հազար շենք է փլուզվել:

7.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո մոտավորապես 1400 հետցնցումներ են արձանագրվել: Չորեքշաբթի երեկոյան տեղի ունեցած 5.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը հետցնցումներից ամենաուժեղն էր, որն էլ նոր զոհերի ու ավերածությունների պատճառ դարձավ: Էպիկենտրոնը գտնվում է Վանից դեպի հարավ 16 կիլոմետր հեռավորության վրա:

Թուրքիայի կառավարությունը հարյուրավոր փրկարարների նորից Վան է ուղարկել: Նահանգի դպրոցները փակվել են մինչեւ դեկտեմբերի 5-ը։ Իշխանությունները հրահանգել են մանրամասնորեն ստուգել դպրոցների եւ հիվանդանոցների շենքերի վիճակը:

Չնայած ցուրտ եղանակին` շատ մարդիկ վախենում են տուն մտնել, գիշերում են վրաններում:

Անցած ամիս Վանում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների համար Հայաստանը եւս մարդասիրական օգնություն էր ուղարկել Թուրքիա: Ուժեղ երկրաշարժի ցնցումները զգացվել էին նաեւ տարածաշրջանի երկրներում, այդ թվում` Հայաստանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG