Մատչելիության հղումներ

Տիգրան Առաքելյանը կշարունակի մնալ անազատության մեջ


ՀԱԿ-ի ակտիվիստ Տիգրան Առաքելյան, արխիվային լուսանկար

ՀԱԿ-ի ակտիվիստ Տիգրան Առաքելյան, արխիվային լուսանկար

Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) երիտասարդ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը կշարունակի կալանավորված մնալ։ Նախաքննական մարմինը անհիմն լինելու պատճառաբանությամբ մերժել է նրան ազատ արձակելու մասին փաստաբան Գրիգոր Ոսկանյանի միջնորդությունը։

«Չնայած մենք այդ որոշումը պետք է բողոքարկենք վերադաս դատախազին, ամեն դեպքում, իրենք գործը կուղարկեն դատարան։ Եվ երեւի մինչեւ ուրբաթ օրը կամ երկուշաբթի օրը կուղարկեն արդեն», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց փաստաբան Գրիգոր Ոսկանյանը։

Փաստաբանը կարծիք հայտնեց, որ արդար նախաքննություն չի իրականացվել։

«Տղաները չեն ընդունել մեղադրանքները, ցուցմունքներ են տվել, հայտնել են իրենց նկատմամբ իրականացված բռնությունների մասին, [ոստիկանության] Կենտրոնականի բաժնում շարունակված բռնությունների մասին, որ նրանք զրկված են եղել իրենց իրավունքները պաշտպանելու հնարավորությունից», - ասաց Ոսկանյանը։

«Նաեւ լրացուցիչ վկաներ են հարցաքննվել գործով, որոնք իրոք պնդել են, որ դեպքի վայրում` Խնկո-Ապոր գրադարանի հարեւանությամբ, տղաների նկատմամբ են իրականացվել բռնարարքները, ոչ թե տղաների կողմից` ոստիկանների նկատմամբ, սակայն այդ ցուցմունքները եւս համապատասխան գնահատականի չեն արժանացել քննիչի կողմից։ Ընդհակառակը, ոստիկանության աշխատակիցների ցուցմունքները եւ դեպքին ականատես ինչ-որ վկաների ցուցմունքներն են դրվել մեղադրանքի հիմքում», - ընդգծեց փաստաբանը։

Տիգրան Առաքելյանը ոստիկանության հետ տեղի ունեցած միջադեպի արդյունքում օգոստոսի 9-ից գտնվում է անազատության մեջ` խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։

Տվյալ գործով ձերբակալված ՀԱԿ-ի յոթ ակտիվիստներից կալանավորվել էին երեքը, որոնցից երկուսի նկատմամբ խափանման միջոցը փոխվեց, եւ ներկայումս միայն Առաքելյանն է շարունակում կալանավորված մնալ։

Տիգրան Առաքելյանի կալանավորումը դարձավ Հայ ազգային կոնգրես - իշխանություն երկխոսության առկախման առիթը։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG