Մատչելիության հղումներ

Հայաստանում է Apple-ի համահիմնադիրը` «Մյուս Սթիվը»


Սթիվ Վոզնյակի ստեղծած Apple-1 համակարգիչը

Սթիվ Վոզնյակի ստեղծած Apple-1 համակարգիչը

Երկու օրով Երեւան է ժամանել Apple Computer կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը` ստանալու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի նախագահի 2011 թվականի մրցանակը:

Մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 11-ին` Հայաստանի նախագահի նստավայրում:

Apple ընկերությունում Վոզնյակի մասին խոսելիս ասում էին` «Մյուս Սթիվը», կամ պարզապես Woz-ը` Սթիվ Ջոբսից տարբերելու համար: Ու չնայած առաջին Սթիվը միշտ էլ համարվել է Ջոբսը, եւ հենց Սթիվ Ջոբսի հետ է աշխարհը ասոցացնում Apple ընկերությունը եւ դրա արտադրանքը, քչերը թերեւս գիտեն, որ մարդկությունն իր առաջին անձնական համակարգիչների` Apple-ների ստեղծման համար պարտական է հենց Սթիվ Վոզնյակին` ներամփոփ բնավորությամբ տաղանդավոր ծրագրավորողին եւ ինժեներին, որը, փաստորեն, միայնակ, զրոյից ստեղծել է առաջին անձնական համակարգիչները։

Իհարկե, այս պատմությունն ուսումնասիրողները նշում են, որ առաջին անձնական համակարգիչը գուցեեւ այդպես էլ մինչ օրս մնար տարօրինակ ինժեներական կոնստրուկցիաների խանութում, եթե Սթիվ Ջոբսը իր տաղանդով այն մասսայական չդարձներ:

Վոզնյակի հայրը Ուկրաինայից էր, իսկ մայրը գերմանական ծագում ուներ, Միացյալ Նահանգներ տեղափոխվել էին պատերազմից հետո: Apple ընկերությունը Վոզնյակը եւ Ջոբսը հիմնադրել են 1976 թվականին։ Նախնական կապիտալը եղել է 1350 դոլար, որը դասընկերները հավաքել էին` վաճառելով իրենց ունեցած ամենաթանկ իրերը. Վոզնյակը վաճառել է HP ըկերության իր գիտական թանկարժեք հաշվիչը, իսկ Սթիվ Ջոբսը` իր Volkswagen ավտոմեքենան։

Մի քանի տարի անց Վոզնյակը հեռանում է Apple ընկերությունից եւ հիմնադրում CL9 ընկերությունը, որը զբաղվում էր հեռակառավարման վահանակների արտադրությամբ:

Չնայած դրան` մինչ օրս Վոզնյակի անունը Apple ընկերության աշխատակիցների ցուցակում է, եւ ամեն ամիս նա ստանում է սիմվոլիկ հազար դոլար աշխատավարձ: Վոզնյակը նաեւ ընկերության բաժնետերերից է:

Հարաբերությունները Ջոբսի եւ Վոզնյակի միջեւ հեշտ անվանել չի կարելի, հայտնի է անգամ, որ Apple ընկերությունից Վոզնյակի հեռանալուց հետո Ջոբսը երկար ժամանակ բարկացած էր նրա վրա, անգամ Apple-ի գործընկերներին դրդում էր չաշխատել Վոզնյակի հիմնադրած ընկերության հետ` սպառնալով հակառակ դեպքում նրանց զրկել Apple-ի հետ համագործակցելու հնարավորությունից:

Սթիվ Վոզնյակի եւ Սթիվ Ջոբսի հարաբերություններից մի դրվագ է շատ հայտնի։ Հեռավոր 1976 թվականին Սթիվ Վոզնյակը 4 օրում ստեղծում է Breakout կոչվող համակարգչային խաղը, որն այժմ ավելի հայտնի է որպես Arkanoid: Ջոբսը այդ խաղը Atari ընկերությանը վաճառում է 5 հազար դոլարով, մինչդեռ Վոզնյակին ասում է, թե Atari-ն 700 դոլար է տվել, որն էլ Ջոբսը հավասար կիսում է` Վոզնյակին տալով 350 դոլար:

Իրենց հարաբերությունների մասին մեկնաբանություններ Ջոբսն ու Վոզնյակը գրեթե չեն արել։ Վոզնյակը միայն բացատրել է, որ իրենք շատ տարբեր մարդիկ են:

Այնուամենայնիվ, Սթիվ Ջոբսի մահից հետո նրա ընկեր ու գործընկերՎոզնյակը նրա մասին հարցազրույց տալու ընթացում հուզվում է, ասելով, որ ինքը թերեւս ավելի բախտավոր էր` ունենալով Ջոբսի պես գործընկեր իր կողքին:

«Սա հաջողակ համագործակցություն էր։ Նրա բախտը բերել էր, որ սկզբում իր կողքին ինձ ուներ, բայց ես, հավատացեք, առավել բախտավոր եմ, որ հանդիպել եմ նրան, ես նրան պարտական եմ ամեն ինչով, որ ունեմ իմ կյանքում: Նա ուժեղ եւ կոշտ առաջնորդի համբավ ուներ, սակայն ինձ հետ միշտ եղել է շատ բարի եւ լավ ընկեր, եւ ես կկարոտեմ նրան», - իր հարցազրույցում ասել է Վոզնյակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG