Մատչելիության հղումներ

Դիարբեքիրի քաղաքապետը կարող է հայտնվել բանտում


Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիր
Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիր
Չի բացառվում, որ Թուրքիայում հայերի հետ հարաբերությունների կարգավորման օգտին հանդես եկող ամենահայտնի քաղաքական գործիչը` Դիարբեքիրի ազգությամբ քուրդ քաղաքապետ Օսման Բայդեմիրն առաջիկա 28 տարիներն անցկացնի բանտում:

Թուրքական դատախազությունը դիմել է Դիարբեքիրի քրեական դատարան` պահանջելով հայտնի քաղաքական գործչին ազատազրկել ահաբեկչական կառույցներին աջակցելու եւ ահաբեկչական գործունեության քարոզչություն ծավալելու մեղադրանքով:

Թուրք դատախազները պնդում են, որ այս տարվա գարնանը մասնակցելով Քրդական աշխատավորական կուսակցության յոթ զինյալների` Դիարբերքիրում կազմակերպված հուղարկավորությանը, Բայդեմիրը խախտել է Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներ:

Մինչդեռ նույն գարնանը, երբ Թուրքիայի ողջ տարածքում լուրջ բախումներ էին արձանագրվում քրդերի եւ ոստիկանության միջեւ, Բայդեմիրն անում էր հնարավորը Դիարբեքիրում իրավիճակը հանդարտեցնելու համար: Մարտին Բայդեմիրն անձամբ կանգնեց քուրդ ցուցարարների եւ թուրքական ոստիկանության միջեւ` հայտարարելով. - «Մեր բոլոր խնդիրների հիմքը Անկարայում է: Մենք որեւէ խնդիր չունենք Դիարբեքիրի ոստիկանության հետ։ Մեր բոլոր հարցերն ու դժգոհությունները պետք է ուղղել Անկարային»։

Ինչ վերաբերում է հայկական խնդիրներին, ապա այստեղ Բայդեմիրը միշտ հանդես է գալիս երկկողմ հարաբերությունների կարգավորման օգտին, կոչ է անում չխուսափել 1915 թվականի իրադարձությունների մասին խոսելուց:

Հարցազրույցներից մեկում Օսման Բայդեմիրն ասել էր. - «Մենք չպետք է մոռանանք, որ հայերն այստեղ ապրել են շատ երկար մի ժամանակաշրջան: Անընդունելի է, որ մինչ օրս մեր եւ հայերի հարաբերությունները չեն կարգավորվել։ Այսօրվա սերնդին, իհարկե, պետք չէ մեղադրել անցյալում տեղի ունեցած իրադարձությունների համար, սակայն հենց այս սերունդն է, որ պարտավոր է կանգնել ու ասել. - «Այո, կոտորած եղել է, եւ մենք ներողություն ենք խնդրում դրա համար»:

Բայդեմիրը նաեւ Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման եւ վերաբացման գլխավոր նախաձեռնողներից էր։ Անցած ամիս նա մասնակցեց եկեղեցու օծման արարողությանն ու, թուրքական աղբյուրների պնդմամբ, ողջույնի իր ելույթի մի մասը հայերենով էր ընթերցել:

«Հայերին մեծ ցավ պատճառեցին, եւ նրանք ստիպված եղան լքել մեր քաղաքը։ Նրանց հեռանալով մենք էլ աղքատացանք: Սա միայն իմ կարծիքը չէ, այս տեսակետը կիսում է նաեւ Դիարբեքիրի բնակիչների մեծ մասը», - նշում էր Բայդեմիրը:

Օսման Բայդեմիրի դեմ վերջին 10 տարիներին ընդհանուր առմամբ շուրջ 200 դատական հայց ու քրեական գործ է հարուցվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG