Մատչելիության հղումներ

Տեղեկատվական վեճերի խորհուրդը «Հրապարակ»-ի գործով եզրակացություն կհրապարակի


Տեղեկատվական վեճերի խորհուրդն առաջիկայում փորձագիտական եզրակացություն կհրապարակի ընթերցողների մեկնաբանությունների պատճառով դատական քաշքշուկի մեջ հայտնված «Հրապարակ» օրաթերթի գործով:

Տեղեկատվական վեճերի խորհրդի հիմնադիր անդամ, Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, անդրադառնալով այս գործին նշեց, որ մինչ եզրակացությունը Տեղեկատվական խորհուրդը ուսումնասիրելու է միջազգային փորձն ու Եվրոպական դատարանի նախադեպերը ընթերցողների մեկնաբանությունների վերաբերյալ, եթե այդպիսիք գոյություն ունեն: Կողմերի ցանկության դեպքում եզրակացությունը կներկայցվի դատարանին:

«Կա մի երեւույթ, որ կոչվում է «amicus curiae». դա փորձագիտական կարծիք է, որը ներկայացվում է դատարանին, եւ եթե դատարանը եւ կողմերը համաձայն են այդ փորձագիտական կարծիքը դնել գործի մեջ, այն կարող է նաեւ այդ գործի ընթացքի վրա ազդեցություն ունենալ», - ասաց Նավասարդյանը:

«Հրապարակ» օրաթերթին դատի է տվել փաստաբան Արթուր Գրիգորյանը, ով կարծում է, որ թերթում տպագրված հոդվածի ներքո ընթերցողների թողած մեկնաբանությունները վիրավորել են իրեն` պարունակելով նաեւ զրպարտություն իր հասցեին: Փաստաբանը 18 միլիոն դրամ (մոտ 47 հազար դոլար) է պահանջում որպես վնասի փոխհատուցում: Սա օրաթերթի դեմ արդեն 6-րդ դատական գործն է:

Բորիս Նավասարդյանը «աբսուրդային» է համարում լրատվամիջոցների դեմ ներկայացվող գործերում առկա գումարների չափերը:

«Ինչ, որ կատարվում է Հայաստանի դատարաններում աբսուրդ է, որովհետեւ որեւէ դեպքում մենք առայժմ չենք գրանցել հիմնավորված գումար, որը նշանակվել է որպես վնասի փոխհատուցում: Կամ ազդեցիկ հայցվոր է լինում, որը ուղղակի ինչ-որ թիվ է կրակում, եւ դատարանները, ինչ-որ տեղ գտնվելով այդ ազդեցիկ մարդու «հիպնոզի» կամ ճնշման տակ, ուղղակի տեղափոխում են այդ գումարը դատական վճռի մեջ: Բայց ի՞նչ սկզբունքներով, չափորոշիչներով է ղեկավարվում դատարանը, պարզ չէ, կամ առնվազն համոզիչ չէ», - ասաց Նավասարդյանը:

Տեղեկատվական վեճերի խորհրդի անդամն ասում է, որ ինտերնետում հոդվածների ներքո մեկնաբանություններ թողնելու առավել երկար եւ հարուստ փորձ ունեցող երկրներում նմանատիպ հարցերը իրավական լուծում չեն ստանում: Դրանք հիմնականում լուծվում են լրատվամիջոցների կողմից ստեղծված էթիկական հանձնաժողովներում:

«Եթե մենք զարգացնում ենք սոցիալական մեդիան, այլընտրանքային լրատվամիջոցները եւ քաղաքացիական լրագրությունը, պիտի խրախուսվեն քաղաքացիների ակտիվ մասնակցությունը տարբեր խնդիրներ, տարբեր երեույթների քննարկմանը: Կոնկրետ այս դեպքում, եթե մոտենանք էթիկական, ոչ թե իրավական տեսակետից, պետք է այն մոտեցումը դրսեւորվի, թե ինչքանո՞վ այն վնաս հասցրեց կոնկրետ անձին եւ ինչքանո՞վ այդ ինֆորմացիան կարեւոր էր հասարակության համար», - ասաց Նավասարդյանը:

Փաստաբան Արթուր Գրիգորյանը եւ նրա ներկայացուցիչը` Տիգրան Աթանեսյանը կարծում են, որ թերթը պետք է ենթարկվի իրավական պատասխանատվության նույնիսկ իր ընթերցողների պատճառով, քանի որ վերջիններս իրենց մեկնաբանությունների պատճառով վիրավորել եւ զրպարտել են փաստաբանին:

«Ես կարծում ե, որ այստեղ որեւէ տարօրինակ բան չկա, միանգամից պետք չէ հարցը դնել անկախ մամուլին ճնշելու հարթության վրա: Այս պարագայում Հայաստանի Հանրապետության քաղաքացի Արթուր Գրիգորյանը դիմել է դատարան ընդդեմ ԶԼՄ-ի», - պարզաբանում է հայցվորը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG