Մատչելիության հղումներ

Ալան Հովհաննեսը` «երաժշտական դիվանագետ»


Ապագայից եկած մեղեդիներ

Երաժշտական աշխարհն այս տարի նշում է 20-րդ դարի ամենահայտնի, ազդեցիկ եւ առեղծվածային երգահաններից մեկի` Ալան Հովհաննեսի 100-ամյակը։

Ամերիկացի կոմպոզիտոր, որի երաժշտությունը մեկնաբանների մի մասն անվանել է գերարդիական, մյուսն էլ պնդել է, թե այն ընդհանրապես ապագայից է եկել ու միայն տասնամյակներ անց կդառնա լիովին ըմբռնելի եւ կգնահատվի ըստ արժանվույն։

Անընդհատ որոնումներ, նորարարություն, փորձեր, որոնց մասին Հովանեսի սերնդակից կոմպոզիտորներից եւ քննադատներից ոմանք հեգնանքով են խոսել ու այդ վերաբերմունքով Հովհաննեսին մղել են դեպրեսիաների մութ աշխարհը, որի ճիրաններից նա ամեն անգամ դուրս է պրծել` էլ ավելի նորարարական երաժշտական հայեցակարգեր ստեղծելով։

Անցած դարի 30-40-ական թվականներին, ըստ որոշ աղբյուրների, Ալան Հովհանեսը այրել է իր վաղ շրջանի շուրջ հազար ստեղծագործությունների նոտաները։

Նրան երբեմն անվանում են «երաժշտական մինիմալիզմի» նախակարապետ։

Ազդեցության աղբյուրները` Եվրոպա եւ Կոմիտաս Վարդապետ


Ալան Վանես Չաքմաքչյանը ծնվել է 1911 թվականի մարտի 11-ին Մասաչուսեթս նահանգում։ Նրա հայրը Ադանայում ծնված Հարություն Չաքմաքջյան էր, ով ԱՄՆ-ում հաստատվելով, դարձավ քիմիայի պրոֆեսոր, մայրը` Մադելին Սքոթը շոտլանդուհի էր։

Ըստ կենսագիրների, երաժշտությամբ տարված պատանին առաջին տարիներին եղել է եվրոպացի երգահանների եւ ընդհանրապես եվրոպական երաժշտական դպրոցի ազդեցության ներքո, սակայն այդ շրջանում նրա համար ոչ պակաս նշանակություն են ունեցել նաեւ Կոմիտաս Վարդապետի ստեղծագործությունները։

14 տարեկանից Ալան Հովհանեսը սկսել է երաժշտություն գրել:

Հայկական եւ մերձավորարեւելյան մշակումներից բացի, հետաքրքրվել նաեւ Հնդկաստանի մեղեդիներով։


Ալան Հովհաննեսի մեծ նվաճումներից է համարվում երկրորդ սիմֆոնիան` «Առեղծվածային լեռը», որի պրեմիերան 1955 թվականին երաժշտասեր հանրությանը ներկայացրել է Հյուսթոնի սիմֆոնիկ նվագախումբը` աշխարհահռչակ դիրիժոր Լեոպոլդ Ստոկովսկու ղեկավարությամբ։


Ուղեւորություններ Արեւելյան աշխարհ

50-60-թվականներին Ալան Հովհաննեսը մեկնել է Հնդկաստան, Ճապոնիա, Հարավային Կորեա, լսել եւ ուսումնասիրել է այդ հարուստ աշխարհի բազմազան մեղեդիները եւ երաժշտական գործիքները։

1965 թվականին նա առաջին եւ վերջին անգամ այցելել է իր նախնիների հայրենիք` Հայաստան։ Նրա առաջին սիմֆոնիան` «Տարագրություն»-ը, նվիրված է Հայոց ցեղասպանության թեմային։

Լսելով այդ ստեղծագործությունը` BBC ռադիոկայանի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր Լեսլի Հովարդը Ալան Հովհաննեսին «երիտասարդ հանճար» է անվանել։

«Նա այդ տարածքում շատ ավելի վաղ է հայտնվել»

Ալան Հովհաննեսը շատ մեծ ազդեցություն է գործել 20-րդ դարի երկրորդ կեսի թե' դասական եւ թե' ջազ երգահանների ու կատարողների վրա։

Աշխարհահռչակ հնդիկ սիթառահար Ռավի Շանքարին 1956 թվականին «Քոլամբիա Ռեքորդզ» ընկերության ղեկավարներից Ջորջ Ավագյանի հետ հենց Հովհաննեսն է ծանոթացրել։ Հետագայում Շանքարը դարձել է բիթլերից Ջորջ Հարիսոնի ոչ միայն երաժշտական, այլեւ հոգեւոր ուսուցիչը։

Ալան Հովհաննեսի երկրպագուներից էր հանճարեղ ջազմեն, սաքսոֆոնահար եւ երգահան Ջոն Քոլթրեյնը։ Կիթառահար Կարլոս Սանտանան կատարել է նրա «Առեղծվածային լեռը», դաշնակահար Քեյթ Ջարեթը «Լուսածագն» է ձայնագրել։

Անդրադառնալով Ալան Հովհաննեսի ազդեցությանը` «Նյու Յորք Թայմսի» մեկնաբան Լարի Ռոթերը գրել է. - «Երբ Մայքլ Բրուքը թողարկել է սկավառակներ Ջիվան Գասպարյանի, Նուսրաթ Ֆաթեհ Ալի Խանի կամ Սրինավասի հետ, պետք է հիշել, որ Ալան Հովհաննեսը շատ ավելի վաղ է հայտնվել էր այդ երաշժտության տարածքում, այն ժամանակ, երբ այդ կատարողները դեռ չէին եկել լույս աշխարհ»։

Իր մեղեդիներում միավորելով Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի եւ Ասիայի երաժշտական ուղղությունները, օգտագործելով տարբեր ժողովուրդների գործիքները` Ալան Հովհաննեսը, Լարի Ռոթերի ձեւակերպմամբ, դարձել է «երաժշտական դիվանագետ»։

Երգահանը մահացել է 2000 թվականիը հունիսի 21-ին։

Ըստ երաժշտական քննադատների, Ալան Հովհաննեսը հեղինակել է 67 սիմֆոնիա եւ ավելի քան 430 այլ ստեղծագործություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG