Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ի եւ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնում են վարչապետ Տիգրան Սարգսյանի` երեկ Բրուսելում արած հայտարարությանը:

«Մենք նպատակ ունենք անցկացնել ամենաթափանցիկ եւ արդար ընտրությունները անկախ Հայաստանի 20-ամյա պատմության ընթացքում», - երեկ Բրյուսելում հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական ասամբլեայի նիստի իր ելութում` հավելելով. - «Ցանկանում ենք, որ առաջիկա ընտրությունները հավաստեն մեր ուժեղ եւ անդառնալի նվիրվածությունը ժողովրդավարությանը: Մենք ունենք նոր Ընտրական օրենսգիրք եւ Քաղաքացիական ծառայության մասին նոր օրենք, համաձայն որոնց բարձրաստիճան պետական պաշտոնյաները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները, եւ դրանք պետք է առցանց հասանելի լինեն հանրության համար: Այս երկու միջոցառումներն էլ իրականացվել են` ապահովելու թափանցիկ նախընտրական եւ ընտրական գործընթացները»:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի եւ «Ժառանգության» ներկայացուցիչները վստահ չեն, որ իշխանությունները պատրաստ են ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ անցկացնելուն:

«Ժառանգության» ղեկավար անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի խոսքով, իշխանության քայլերը հուսադրող չեն. - «Ընդամենը մի քանի օր առաջ ազատ, լավ ընտրությունների մասին խոսացող վարչապետը, որ Բրյուսելում նմանատիպ խոսքեր էր ասում, օրենքին հակառակ, դպրոցներում կուսակցական տոմսեր էր բաժանում»:

Մարտիրոսյանը ասաց նաեւ, թե «բուհերը քաղաքականացված են, այդ հաստատությունների խորհուրդները ղեկավարում են բացառապես պաշտոնատար անձինք»:

Անդրադառնալով նոր Ընտրական օրենսգրքի բացերին` պատգամավորը ասաց. - «Դա սողանցքներ չեն, դա լայն մայրուղիներ են, որոնք հնարավորություն են տալիս ցանկացած պարագայում ընտրակեղծիքների մեծ բազա կիրառել եւ ասել, թե` դա մեզանից կախված չէր: Ընտրական օրենսգրքի շուրջ է իմ մտահոգությունը, որովհետեւ մեծամասնական ընտրակարգը մնաց, իսկ, որպես օրենք, հենց այդ բռնությունները, ընտրակաշառքը քողարկվում է մեծամասնական ընտրակարգի թեկնածուների անվան տակ: Գումարած դրան` քաջ հայտնի է, որ որեւէ մեծամասնական ընտրակարգում ընդդիմությունը ներկայացնող պատգամավոր չի կարող ընտրվել` ֆինանսական խնդիրների պատճառով, որովհետեւ ընտրակաշառք է բաժանվում, իսկ ընդդիմությունը ընտրակաշառքից շատ հեռու է: Այս ամենը ինձ, համեմայն դեպս այս պահի դրությամբ, հույս չի ներշնչում»:

Արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անցկացման պահանջը քաղաքական օրակարգից չհանած Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը եւս անդրադարձավ «նախկին ընտրությունների կուտակված մտահոգություններին».- «Կա հիմա կես միլիոն ավելցուկ, որոնք Հայաստանում չեն քվեարկում, բայց ցուցակներում կան: Իշխանության կամքը ամբողջապես բավարար է այդ 500 հազար հոգուն ցուցակներից հանել եւ անցկացնել արդար ընտրություններ: Ու այն առաջարկները, որ Հայ ազգային կոնգրեսը հստակ առաջարկել է իշխանությանը` մատը թաթախելը, հաջորդ օրը անվանական ցուցակները տպելը, ամբողջ օրը մոնիտորինգ անցկացնելը, ամեն տեղամասում գոնե մեկական դիտորդի ներկայություն ապահովելը եւ մի քանի այլ պահանջները... Առաջարկում եմ վարչապետին, օգտվելով իր իրավունքից` խոսքի տերը լինելու իրավունքից, անմիջապես այս նշած կետերի օրենսդրական նախաձեռնությամբ շատ արագ մտնել Ազգային ժողով եւ օրենք դարձնել»:

«Ժողովրդավարությունը հետաքրքիր է հենց նրանով, որ պետք է գոյություն ունենան նաեւ ընդդիմադիր տեսակետներ», - անդրադառնալով ընդդիմության ներկայացուցիչների խոսքերին` «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Արտակ Զաքարյանը:

«Արդեն 15 տարուց ավելի է` ընդդիմությունում մարդիկ կան, ովքեր ցուցակներից են խոսում: Ցուցակի խնդիր չկա այստեղ: Այստեղ կա ճիշտ ընկալման խնդիր: Քաղաքական կամքը ընտրությունների անցկացման պետք է բոլորի մոտ լինի: Աստիճանաբար հասարակության մեծամասնությունը, ժողովրդավարության արժեքները հստակ գիտակցելով հանդերձ, գալիս է նրան, որ իր քվեից կախված է շատ բան: Իսկ իր քվեի ուղղությունը պետք է պայմանավորված լինի կոնկրետ ծրագրով»:

Հարցին, թե ինքը արդյո՞ք կարծում է, որ Հայաստանում ընտրությունների ժամանակ միմյանց դեմ պայքարում են կուսակցությունների ծրագրերը, Զաքարյանը արձագանքեց. - «Ես ուզում եմ, որ այդպես լինի: Համոզված եմ, որ 2012-13-ը ավելի այդպես է լինելու, քան 2007-ը կամ 2008-ը, քան 2002-ը, քան 99-ը կամ 98-ը, քան 96-ը կամ 95-ը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG