Մատչելիության հղումներ

Հրազդանցիները երկաթահանքի շահագործման դեմ հերթական ցույցը անցկացրին


Բողոքի ակցիայի մասնակիցները կոտրում են արկղերը, որոնցում տեսակավորված է Հրազդանի հանքի հանքանյութը, 9 նոյեմբեր, 2011

Բողոքի ակցիայի մասնակիցները կոտրում են արկղերը, որոնցում տեսակավորված է Հրազդանի հանքի հանքանյութը, 9 նոյեմբեր, 2011

Կոտայքի մարզպետարանի առջեւ այսօր կրկին բողոքի ցույց էին կազմակերպել Հրազդանի երկաթահանքի շահագործման դեմ պայքարող ակտիվիստները, որոնց շարքերում էին ինչպես Երեւանից ժամանած բնապահպաններ, այնպես էլ շարքային հրազդանցիներ, ովքեր մտահոգված են իրենց բնակավայրի էկոլոգիական վիճակով:

«Էկոդար» բնապահպանական հասարակական կազմակերպության նախագահ Հրայր Սավզյանի խոսքով` միայն ջրային ստորգետնյա աղբյուրների հավանական աղտոտումը բավական է, որ արգելվի հանքի շահագործումը, քանի որ դա ուղղակի ազդելու է մի քանի բնակավայրերի` այդ թվում Երեւանի խմելու ջրի որակի վրա: Իսկ հարցին, թե Թռչկանի ջրվեժի օրինակով բնապահպանները տեսնում են արդյո՞ք քաղաքական կամքի փոփոխություն` բնապահպանական խնդիրները լուծելու հարցում, Սավզյանն պատասխանեց. - «Չեմ կարծում, որ քաղաքական կամքի փոփոխության շարժ կարելի է գնահատել Թռչկանի հաջողությունը: Խոսքը ավելի շուտ քաղաքացիական հասարակության ձեւավորման կամ նոր փուլի մասին կարող է գնալ: Թռչկանը մի գեղատեսիլ վայրի փրկություն էր, իսկ այս դեպքում մենք լուրջ էկոլոգիական աղետի եւ լուրջ պրոյեկտի հետ խնդիր ունենք: Այսինքն շատ ավելի դժվար կլինի»:

Բնապահպանի գնահատմամբ` միայն քաղաքացիական անհնազանդության դեպքում է հնարավոր հաջողության հասնել: «Իշխանությունները կզգաստանան մի դեպքում. եթե հրազդանցիները կանգնեն տեխնիկայի առջեւ եւ թույլ չտան աշխատել», - կարծում է բնապահպանը:

Հայ ազգային կոնգրեսի անդամ Սասուն Միքայելյանը, ով եւս այս տարածաշրջանի բնակիչ է, մասնակցում էր ցույցին: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Միքայելյանը նույնպես մատնանշեց աղետալի հետեւանքները, որին կարող է հանգեցնել հանքի շահագործումը: Ընդդիմադիր գործչի համոզմամբ` այս ամենի հետեւում կանգնած է բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը:

«Հիմնականում Այվազյան Վարդանի ձեռքի գործն է: Այսինքն էլ իրենց չի հետաքրքրում, զբաղվում են միայն անձնական գումարային շահերով, փողերով, բնականաբար, պահ էլ լինի, երկրից կարող են գնալ, որովհետեւ բոլոր հնարավորություններն ունեն, իսկ այս խեղճ մարդիկ մնալու են եւ այս ամեն ինչը շնչելու են ու ապրելու են այս տարածքում», - ասաց Միքայելյանը:

Մարզպետարանի առջեւ կազմակերպված հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ նաեւ «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Կարինե Հակոբյանը:

«Այս հանցագործ որոշումները Հրազդանում չեն, որ որոշվում են: Որոշվում է Երեւանում, Բաղրամյան փողոցում, կառավարության շենքում: Մեզ մեր երկրում դարձրել են ստրուկ, մեզ պահում են այստեղ որպես սեւագործ աշխատողների», - ասաց Հակոբյանը:

Հանրահավաքից հետո ակտիվիստները ավտոերթով բարձրացան ապագա հանքավայրի տարածք, որտեղ այդ պահին էլ շարունակվում էին հորատման աշխատանքները: Ցուցարարներին մոտեցավ հետախուզական, հորատման տեղամասի ղեկավար Մյասնիկ Մանուկյանը, ով վստահեցնում էր, որ աշխատանքներն իրականացնելու իրավական բոլոր հիմքերը առկա են:

«Ոչ մի վտանգ էլ չկա, ի՞նչ վտանգ լինի», - ասաց Մանուկյանը` պնդելով, որ ծանր մետաղները խմելու ջուրը չեն աղտոտի:

Այս պնդումը հարուցեց ակցիայի մասնակից հրազդանցիների զայրույթը: Նրանք սկսեցին շրջել ու կոտրել արկղերը, որոնցում տեսակավորված էր հանքանյութը: Տարածքում ոստիկաններ կային, սակայն չմիջամտեցին:

Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ այսօր հանքարդյունաբերությունը բացառապես ի վնաս բնակչության է իրականացվում է եւ բխում է ընդամենը մի քանի ընտանիքների շահերից: Սանասարյանի փոխանցմամբ` Հրազդանի հանքավայրի շահագործումը ոչ միայն խմելու ջուրն աղտոտելու իմաստով է աղետալի. - «Այն նաեւ լուրջ սպառնալիք է Արարատյան դաշտավայրը ոռոգող ջրի առումով, քանի որ այս ծանր մետաղները եւ մյուս թունավոր նյութերը լցվելու են նաեւ Արարատյան դաշտավայր: Ամբողջ այս տարածքները քանդել են, ավերել են: Այստեղ նրանք մի բահ անգամ մտցնելու իրավունք չունեին», - ասաց Սանասարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG