Մատչելիության հղումներ

Չորեքշաբթի օրը ամփոփվեցին «Պոպոք» միջազգային գովազդային փառատոնի արդյունքները:

Փառատոնում իրենց աշխատանքներով մրցում էին իսպանացիները, ռուսները, արաբները, ուկրաինացիները եւ այլոք: Վերջիններս, ի դեպ, ամենաշատ մրցանակները շահեցին:

Կազմակերպիչների խոսքերով` մրցանակների կեսը տրվել է սոցիալական գովազդներին: Մամուլի մրցանակին արժանացել է ուկրաինական ընկերությունը, իսկ «գրան պրին» շահել է վրացական հոլովակը: Հայկականները բավարարվել են երկրորդ եւ երրորդ տեղերով:

Այս տարի Հայաստանից մասնակցության հայտերն ավելի քիչ էին, քան արտասահմանից: «Մաքսլիբերթի»-ի այն դիտարկմանը, որ գուցե հայկական գովազդ արտադրողները արտասահմանյան գովազդային փառատոններին են ավելի ակտիվ մասնակցում, քան հայկականին, փառատոնի փոխտնօրեն Տիգրան Բալոյանը պատասխանեց. - «Առհասարակ կան մասնակցողներ եւ կան չմասնակցողներ: Մասնակցողները հասկանում են դրա կարեւորությունը եւ փորձում են հնարավորինս շատ փառատոնների մասնակցել: Չմասնակցողները ուղղակի ջայլամի քաղաքականություն են վարում, բայց շուտով կհասկանան, որ դա իրենց պետք է, այլապես շուկայից դուրս կմնան»:

Հայկական գովազդին պակասում է ոչ թե տեխնիկան կամ
երեւակայությունը, այլ դաշտի գրագետ կազմակերպումը: Որպես օրինակ` մասնագետները բերեցին հայկական գովազդի ցածր գները:

«Մեծ ընկերությունները մեզ նման շուկաներում պատրաստ են լինում ծախսել, օրինակ, 2 միլիոն դոլար: Երբ հարցնում են հեռուստաընկերությունների գովազդների գները, հասկանում են, որ կես միլիոն դոլարով կկարողանան անել այն, ինչ համար նախատեսում էին այդ 2-ը: Դա նշանակում է, որ մեր պետություն 1.5 միլիոն դոլար պակաս մտավ: Կան մի քանի ընկերություններ, որոնք գովազդի վրա կատարած ծախսերով ամբողջ աշխարհի մասշտաբով մտնում են առաջին հնգյակի մեջ: Հայաստանում իրենց կատարած ծախսերով այդ ընկերությունները նույնիսկ տասնյակի մեջ չեն մտնում: Սա անհավատալի է», - նշեց փառատոնի կազմակերպիչ Արմեն Մարտիրոսյանը:

Փառատոնի ընթացքում բացի մրցակցությունից, մասնակիցները եւ ոլորտի ներկայացուցիչները հնարավորություն ունեին մասնակցելու վարպետության դասերին: Տարբեր երկրների գովազդային մասնագետները Երեւանում մի քանի օր փորձեցին ծանոթացնել հայաստանյան մասնագետներին Հայաստանից դուրս գործող գովազդային նորություններին եւ փորձի փոխանակում իրականացնել:

«Մենք սպասում էինք, որ բուհերի մագիստրոսները, ասպիրանտները ազատ տեղ չէին թողնի դահլիճում: Հանդիսատես կար, բայց դահլիճը լիքը չէր: Այս 20 օրվա մեջ մեզ դիմել են վճարովի խորհրդատվության համար, երբ ընդամենը այցելելով այդ դասերին, տվյալ ընկերությունները կլրացնեին իրենց բացերը», - ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Վարպետության դասերը հիմնականում ուղղված էին ապրանքի առաջխաղացման խնդրի լուծմանը, այլ կերպ ասած՝ բրենդինգին, որն ամենաթույլ օղակն է հայաստանյան գովազդային շուկայում:
XS
SM
MD
LG