Մատչելիության հղումներ

Հայաստանը հույս ունի 2012-ին վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիր ստորագրել ԵՄ-ի հետ


Նորվեգիայի արտգործնախարար
Նորվեգիայի արտգործնախարար
Ըստ Նորվեգիայի արտգործնախարար Յոնաս Գահր Ստյորեի, թեեւ Նորվեգիան լավ հարաբերություններ եւ տնտեսական համագործակցության հարուստ փորձ ունի Ադրբեջանի հետ, այնուամենայնիվ, իր երկրի կառավարություն ակնկալում է, որ արտերկրում գործող նորվեգական ընկերություններն իրենց գործունեությունն իրականացնելիս առաջնորդվում են ոչ միայն տվյալ երկրի օրենքներով, այլեւ միջազգային հիմնարար չափանիշներով:

«Ես պատճառ չունեմ կասկածելու, որ նորվեգական ընկերությունները Ադրբեջանում հենց այդպես էլ վարվում են», - այսօր Երեւանում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսին նման հայտարարություն արեց Նորվեգիայի արտաքին գերատեսչության ղեկավարը` պատասխանելով հարցին, թե մտահոգություն չունի՞, որ նորվեգական նավթային ընկերությունների հետ համագործակցությունից ստացված շահույթներն Ադրբեջանն օգտագործում է զինվելու համար:

Յոնաս Գահր Ստյորեն հավելեց, որ տարածաշրջանային հակամարտությունների առնչությամբ Նորվեգիայի կառավարության դիրքորոշումը հստակ է` դրանք պետք է լուծվեն խաղաղ եւ դիվանագիտական միջոցներով, քաղաքական ջանքերի գործադրմամբ: Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը, ապա Ստյորեն հավաստեց Մինսկի խմբի շրջանակում կողմերին հնարավոր աջակցություն ցուցաբերելու իր երկրի պատրաստակամությունը:

Երկու արտգործնախարաներն այսօր Երեւանում ստորագրել են «ՀՀ կառավարության եւ Նորվեգիայի Թագավորության կառավարության միջեւ դիվանագիտական անձնագիր ունեցողների համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագիրը» եւ «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եւ Նորվեգիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության միջեւ խորհրդակցությունների անցկացման մասին հուշագիրը»:

Լրագրողներից մեկի հարցին, թե չի նախատեսվո՞ւմ վիզային ռեժիմի դյուրացում նաեւ սովորական քաղաքացիների համար, Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց. - «Պատրաստվում ենք համաձայնագիր ստորագրել Եվրոպական Միության հետ, Շենգենի գոտու երկրների հետ, որը հուսով եմ, որ մյուս տարվա առաջին կեսին կկատարվի: Այն վերաբերում ոչ միայն դիվանագիտական, այլ ընդհանրապես վիզային ռեժիմի դյուրացմանը: Եվ այս շրջանակներում կնախատեսվեն համապատասխան դյուրացումներ նաեւ պարզ անձնագրեր կրողների համար»:

Նալբանդյանը նշեց, որ երկու երկրների միջեւ ցավոք դեռեւս շատ պայմանագրեր չկան` ընդհանուր առմամբ դրանք 5-ն են:

«Սակայն գլխավորն այն է, որ թե' մեր կողմից, եւ թե' նորվեգական կողմից այսօր հայտնեցինք երկկողմ համագործակցությունը բոլոր հնարավոր բնագավառներում զարգացնելու, ամրապնդելու, ընդլայնելու երկուստեք ձգտում», - ասաց Հայաստանի արտգործնախարարը:

Յոնաս Գահր Ստյորեի Հայաստան այցը նաեւ տնտեսական բաղադրիչ ունի:

«Մենք այսօր առավոտյան ներկա գտնվեցինք ծրագրի մեկնարկին, որը ֆինանսավորվել է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության կողմից եւ նվիրված է էներգետիկ անվտանգությանը եւ, այսպես կոչված, փոքր էներգետիկայի զարգացմանը», - տեղեկացրեց արտգործնախարարը:

Ծրագրի կապակցությամբ Նորվեգիայի արտգործնախարարը նշեց, թե սա երկու երկրների միջեւ նոր սկզբնավորվող տնտեսական համագործակցության լավ մեկնարկ է, որովհետեւ ծրագիրը վերաբերում է այն ոլորտին, որում Նորվեգիան մեծ փորձառություն ունի:

Այսօր Հայաստանի եւ Նորվեգիայի արտգործնախարարները մասնակցել են նաեւ Նորվեգացի ականավոր դիվանագետ, գիտնական եւ հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենի հուշարձանի բացման արարողությանը: Այսօր ավելի ուշ նախարարները ներկա կգտնվեն նաեւ Նանսենի 150-ամյակին նվիրված համերգին:

please wait

No media source currently available

0:00 0:03:27 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG