Մատչելիության հղումներ

Ամերիկացի կոնգրեսականները պահանջում են արգելափակել զենքի վաճառքը Թուրքիային


ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքը

ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքը

Ամերիկացի կոնգրեսականները պահանջում են արգելափակել զենքի վաճառքը Թուրքիային` Հայաստանի, Իսրայելի եւ Կիպրոսի նկատմամբ պաշտոնական Անկարայի որդեգրած քաղաքականության պատճառով:

Նեւադայից ընտրված դեմոկրատ Շելի Բերքլին եւ նյույորքցի կոնգրեսական Էլիոթ էնգելը կոչ են անում Ներկայացուցիչների պալատի մյուս անդամներին արգելափակել Cobra տեսակի մարտական ուղղաթիռների վաճառքը Թուրքիային. պաշտոնական Վաշինգտոնի նման մտադրության մասին Սպիտակ տունը հայտարարել էր անցած ամիս:

Դեմոկրատ օրենսդիրների նախաձեռնությանը արդեն իսկ միացել են եւս յոթ կոնգրեսականներ` թե՛ Հանրապետական եւ թե՛ Դեմոկրատական կուսակցություններից:

«Վերջին ամիսներին Թուրքիան հետ կանչեց Իսրայելում իր դեսպանին, սպառնաց Ռազմածովային ուժեր կիրառել Իսրայելի Պաշտպանության բանակի դեմ: Թուրքիայի ռազմատենչ մոտեցումը Կիպրոսի հանդեպ եւս սաստկանում է: Թուրքական 40-հազարանոց ստորաբաժանումը շարունակում է մնալ Կիպրոսում` վերածելով այն աշխարհի թերեւս ամենառազմականացված գոտիներից մեկին: Թուրքիան խուսափում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը», - իրենց նամակում արձանագրում են կոնգրեսականները` պնդելով, թե պաշտոնական Անկարան Իրանի եւ Սիրիայի պարագայում նույնպես սեփական խաղն է տանում` հարվածելով տարածաշրջանում ամերիկյան շահերին:

«Մենք համոզված ենք, որ այժմ Թուրքիային զենք վաճառելու ժամանակը չէ: Անհրաժեշտ է ջանքեր գործադրել, որոնք կստիպեն Թուրքիային վերանայել հարեւանների հանդեպ որդեգրած առճակատման քաղաքականությունը», - նշում են կոնգրեսականները:

Ամերիկացի օրենսդիրների կոչը հնչում է մի իրավիճակում, երբ պաշտոնական Անկարան հայտարարում է, թե Վաշինգտոնի հետ հարաբերություններում լուրջ դիվանագիտական հաղթանակի է հասել։ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը օրերս հայտարարեց, որ Օբամայի վարչակազմի հետ հստակ պայմանավորվածություններ է ձեռք բերել, որոնք թույլ կտան ամերիկյան Predator տեսակի անօդաչու սարքերն օգտագործել քուրդ զինյալների դեմ պայքարում։

«Թուրքիան Predator-ների օգտագործման իրավունքն ստանալու համար Վաշինգտոնի հետ բանակցում էր տարիներ շարունակ», - նշել է թուրք ռազմական փորձագետ Սինան Ուլգենը։ - «Ընդհանուր մթնոլորտը թույլ է տալիս ենթադրել, որ թուրքական կառավարությունը Վաշինգտոնից դրական պատասխան է ստացել, եւ շուտով այդ անօդաչու սարքերից մի քանիսը Իրաքից կտեղափոխվեն Ինջիրլիքի ռազմակայան` հեռանկարային առումով հասանելի դառնալով նաեւ թուրք զինվորականների համար»։

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը այս առթիվ նշել է. - «Մենք միանում ենք Հայաստանի, Իսրայելի, Կիպրոսի եւ քրդերի բարեկամների` Թուրքիային զենքերի վաճառքը արգելափակելու կոչին: Թուրքիան շարունակում է այդ զենքով մահ սփռել քրդերի շրջանում, սպառնալ Հայաստանին, հակամարտության մեջ մտնել Իսրայելի եւ Կիպրոսի հետ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG