Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 9-ի մամուլ


Պաշտպանության նախկին փոխնախարար, Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի նախկին անդամ Անդրանիկ Քոչարյանը պատասխանում է «Ժամանակ» թերթի հարցերին: Թղթակցի հարցին, թե ինչո՞ւ հենց հիմա սկսվեց հրաժարականների այդ շքերթը, Քոչարյանը պատասխանում է. - «Իշխանությունները հնարավորություն ունեցան այս գործողությունները իրականացնել այն բանից հետո, երբ եվրակառույցներում ձեւավորվեց այն համոզմունքը, թե կարելի է մարտի 1-ի էջը փակված համարել: Իմ կարծիքով` իշխանությունները սա ընկալեցին որպես միջազգային կառույցների կողմից Մարտի 1-ի հարցը ուշադրության կենտրոնից հեռացնելու փաստ, եւ այդ ազդակը որոշակի գործողությունների անցնելու հիմք հանդիսացավ նրանց համար: Դա նաեւ նախկին նախագահ` Ռոբերտ Քոչարյանի համար էր որոշակի ազդակ, նա էլ ստվերային պայքարի փորձեր արեց, քանի որ, եթե մարտի 1-ի էջի փակված լինելը կարեւոր է գործող իշխանության համար, շատ ավելի կարեւոր էր նաեւ Ռոբերտ Քոչարյանի համար: Այս ամենը հանգեցրեց քաղաքական դաշտի ակտիվացմանը, եւ արդյունքնում Սերժ Սարգսյանը լուծեց հնարավոր դավադության կանխման խնդիրը, լուծեց ստվերային խաղացողների` հանձին Ռոբերտ Քոչարյանի, հնարավոր ակտիվացման սառեցման խնդիրը, ինչպես նաեւ իր թիմակիցներին ցույց տվեց, որ ինքը ի վիճակի է վճռական որոշումներ կայացնել` իշխանությունը համախմբելու, մոբիլիզացնելու առումով: Այստեղ լուծեց նաեւ PR խնդիր` փեսային ազատելով աշխատանքից, իսկ նա սովորական փեսա չէր, եւ նա տիրապետում էր ավելի մեծ լծակների, քան նախատեսված էր օրենսդրությամբ: Այս PR որոշումը կայացնելու արդյունքում իշխանությունը տպավորություն ստեղծեց, որ լիարժեք տիրապետում է իրավիճակը»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Բանից պարզվում է` Սերժ Սարգսյանը չգիտես ում առջեւ խնդիր է դրել ազատ-արդար-թափանցիկ ընտրություններ անցկացնել։ Զավեշտն այն է, որ այդ «հանձնարարականը», չգիտես ինչու, գաղտնի է պահվում։ Համենայն դեպս` առ այսօր Սերժ Սարգսյանը հրապարակավ չի հայտարարել, թե ընտրակեղծիքներ իրականացնողները կպատժվեն։ Փոխարենը` խոսել է այն մասին, որ կպատժվեն ՀՀԿ-ի օգտին չաշխատողները։ Մի խոսքով` ամեն ինչ իսկապես շատ թափանցիկ է»։

«Հայոց աշխարհ» թերթի տպավորությամբ, ՀԱԿ-ին «բացարձակապես չի հետաքրքրում արդար ընտրությունների անցկացումը». - «Թեպետ այս մասին իշխանությունները քանիցս հայտարարել են, բայց ՀԱԿ-ն ու քարոզչամեքենան, այդ հարցը համարելով երկրորդական, շարունակում են «քուջուջ անել» վերոնշյալ եւ էլի նման ինքնահնար թեմաների շրջանակներում: Ընդ որում՝ այնպիսի սեւեռվածությամբ են հետեւում իշխանական ճամբարում տեղի ունեցող անցուդարձին, այնպիսի ինքնամոռացությամբ են տրվել այդ ամենին ու շարունակում են քննարկել, գնահատել, մեկնաբանել ու գուշակություններ անել ներիշխանական «գզվռտոցի» մասին, որ թվում է, թե ուրիշ բանուգործ չունեն: Իսկ թե երբ է ՀԱԿ-ը ձեւավորելու իր նախընտրական շտաբը, երբ է կազմելու նախընտրական ցուցակը կամ մշակելու նախընտրական ծրագիրը, այս ամենը կարծես թե առայժմ դուրս է նրա հետաքրքրությունների շրջանակից»:

«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է. - «Կհաջողվի՞ արդյոք մեր պատմության մեջ ամենաթափանցիկ ու ամենամաքուր ընտրությունները կազմակերպել 2012-ին` այնպես, ինչպես հայտարարում են մեր պետական այրերը: Կհաջողվի՞ արդյոք թոթափել մեկ տասնամյակից ավելի արմատացած ավանդույթները եւ քաղաքակիրթ ազգերի նման ընտրություններ անցկացնել: Կկարողանա՞ն իշխանությունները եւ հանրությունը մի անգամ «ջենտլմենական» պայմանավորվածության հանգել, որ առաջինները չեն կեղծում, երկրորդները չեն կաշառվում: Եվ որոշում են այնպիսի ընտրություններ անցկացնել, որ անգամ ամենաանհավատները հավատան դրանց արդյունքներին, որ ոչ ոք չսպասի միջազգային դիտորդների կարծիքներին ու հույսը չդնի պրեսկոտների զեկույցների ու հայտարարությունների վրա: Կունենա՞ իշխանությունն այդքան համարձակություն, իսկ հասարակությունն այդքան կամք, որ մի անգամ որոշի ու անի: Ուզում եմ հավատալ, որ` այո: Բայց եւ վախենում եմ հերթական անգամ սխալվելուց»:

«Երկիր»-ը գրում է. - «Վարչարարության ոլորտներում կատարված մի քանի փոփոխությունները իշխանություններն ամեն պատեհ առիթով եվրաչինովնիկներին ներկայացնում են որպես բարեփոխումների իրականացման կամքի դրսեւորում։ Մինչդեռ, էականը ոչ թե «գալչկաներ» դնելն է, այլ դրանց էֆեկտը յուրաքանչյուր անհատի համար»։ «Եվրոպականից սովորել ենք վերցնել միայն կամուֆլյաժը, ձեւը` բացառապես ինքներս մեզ ու ուրիշներին խաբելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG