Մատչելիության հղումներ

Ղարաբաղը ձգտում է ապահովել իր պարենային անվտանգությունը


Ղարաբաղի Վանք գյուղը
Ղարաբաղի Վանք գյուղը
Լեռնային Ղարաբաղի տնտեսության մեջ այս տարվա առաջին 9 ամսվա կտրվածքով կրկին աճ է արձանագրվել։

Ազգային վիճակագրական ծառայության խորհրդի նախագահ Մանուշ Մինասյանի խոսքերով՝ տնտեսության համար խթանիչ ուժ է հանդիսացել գյուղատնտեսությունը. - «Գյուղատնտեսությունում արձանագրվել են աճի միտումներ՝ հիմնականում բուսաբուծության ճյուղի հաշվին, եւ հունվար-սեպտեմբեր 9 ամսվա կտրվածքով գյուղատնտեսության համախառն արտադրանքը փաստացի գներով կազմել է 29.2 միլիարդ դրամ (շուրջ 77 միլիոն դոլար), աճը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կազմել է 20.9 տոկոս»։

«Այս տարվա սկզբին Լեռնային Ղարաբաղում գրանցված կտրուկ գնաճը ստիպեց կառավարությանը սթափվել։ Կառավարությունը սկսեց կոնկրետ քայլեր ձեռնարկել՝ ուղղված պարենային անվտանգությանը։ Նոր քաղաքականությունն էլ, իր հերթին, բարձրացրեց գյուղատնտեսության ոլորտում արձանագրված ցուցանիշները», - «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշեց Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը։

«Մեկ, երկու, երեք տարվա մեջ հնարավոր չէ զարգացնել գյուղատնտեսությունը, բերել այն հարթության վրա, որը բավարարի, կամ որը մեր սպասելիքների առումով արդարացնի, բայց այն ուղղությունը, որը մենք ընտրել ենք, համոզված եմ, որ տարեցտարի բերում է դրան», - ասաց Հարությունյանը եւ շարունակեց. - «Նախ, այս տարի գյուղատնտեսությունում մենք աննախադեպ աճ ենք արձանագրել եւ արձանագրում ենք այդ աճի տեմպերը, որն այդ նույն պարենային խնդրի վրա է բերել»։

«Դրանք ծրագրեր են, որը թույլ է տալու տարիների ընթացքում փորձել ներմուծումից հրաժարվել կամ կախվածությունը իջեցնել եւ տեղական արտադրության ծավալները ավելացնելով՝ նաեւ հետագայում որոշ արտադրատեսակներ դարձնել որպես արտահանվող ապրանք», - ասաց Ղարաբաղի վարչապետը։

Արա Հարությունյանի խոսքերով՝ գալիք գարնանը ղարաբաղյան շուկայում կլինեն տեղական արտադրության ձեթ, հնդկաձավար, եգիպտացորեն եւ այլ ապրանքատեսակներ, ընդ որում՝ ավելի ցածր գներով, քան հիմա է։

Վերջին մի քանի տարում Լեռնային Ղարաբաղի տնտեսական իրավիճակի մասին միայն դրական է խոսվում, առնվազն տարին երկու անգամ Ղարաբաղի կառավարությունը հայտարարում է, որ կրկին տնտեսական աճ է արձանագրվել` չնայած այն հանգամանքին, որ մարդիկ մշտապես դժգոհում են սպառողական շուկայի գներից, կենցաղային պայմաններից եւ այլն։

Պարզաբանելով այդ իրավիճակը՝ Ազգային վիճակագրական ծառայության ղեկավար Մանուշ Մինասյանը ասաց. - «Մեր տնտեսությունը շատ փոքր է, եւ մեր տնտեսության ցուցանիշները՝ աճի եւ նվազման, ցանկացած փոքր տեղաշարժ բերում է մեծ ցուցանիշների։ Ասենք, չենք կարող համեմատվել ամերիկյան տնտեսության հետ՝ այնտեղ մեծ թվերի մեջ տեղաշարժերը շատ փոքր են։ Բայց մեզ մոտ ամեն մի ճյուղը՝ արդյունաբերություն, գյուղատնտեսություն, շինարարություն, այս երեք ճյուղերում արձանագրված ցանկացած տեղաշարժեր բերում են մեծ ցուցանիշների»։

please wait

No media source currently available

0:00 0:03:58 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG