Մատչելիության հղումներ

Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանի խոսքով` գալիք տարի ծրագրվում է ավելի շատ հարկ գանձել հանքահումքային ոլորտից:

Այս մասին Ալավերդյանը տեղեկացրեց այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ընթացքում:

«Վաղուց պետք էր այդ գործողությունը կատարել, դա հասունացած տնտեսական խնդիր է: Պետք է ժամանակին, եւ հենց այժմ էլ ժամանակն է` տնտեսական ճգնաժամից հետո, շահութաբեր ոլորտների հարկման մեխանիզմները կատարելագործել: Առաջին հերթին դա վերաբերում է հանքարդյունաբերությանը: Թող այն տպավորությունը չստեղծվի, թե այդ ոլորտը հարկեր չի վճարում, այդ ոլորտը հարկեր վճարում է, եւ այժմ էլ ամենախոշոր հարկատուների մեջ են մտնում այդ ոլորտի կազմակերպությունները», - ասաց Ալավերդյանը:

Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը մանրամասնեց, թե կառավարությունում ինչքան լրացուցիչ հարկեր են ակնկալում հավաքել հանքահումքային ոլորտից:

«Մենք ենթադրում ենք, որ մոտ 2-3 միլիարդ դրամով պետք է գումարները ավելանան», - ասաց նախարարը` պարզաբանելով, որ հարկերը 2-3 միլիարդ դրամով ավելին կլինեն, քան 2010 թվականին:

Երեկ Պետեկամուտների կոմիտեն հրապարակեց այս տարվա առաջին 9 ամիսների կտրվածքով Հայաստանի առաջին խոշոր 1000 հարկատուների ցանկը: Այդ ցանկում հանքահումքային ոլորտը ներկայացնող ձեռնարկությունների վճարած հարկերը եւ տուրքերը զգալիորեն աճել են նախորդ տարվա առաջին 9 ամիսների համեմատ: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, «Դինո գոլդ մայնինգ»-ը, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը, «Արմենիան քափր փրոգրըմ»-ը եւ «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունները միասին վերցրած վճարել են ավելի քան 29 միլիարդ դրամի հարկ ու տուրք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի քան կրկնապատկվել է:

Բայց եթե միայն նշված 5 ձեռնարկություններից գանձվող հարկերը այս տարվա 9 ամիսներին ավելացել են ավելի քան 15 միլիարդ դրամով 2010 թվականի առաջին 9 ամիսների համեմատ, իսկ մյուս կողմից էլ ֆինանսների նախարարությունում էլ ակնկալում են, որ գալիք տարի 2010-ի համեմատ հանքահումքային ոլորտից ավելի շատ հարկ են գանձելու միայն 2-3 միլիարդ դրամով, արդյո՞ք սա նշանակում է, որ 2010-ի համեմատ հարկային եկամուտները աճ իրականում չի նախատեսվում: Հարցին ի պատասխան, ֆինանսների նախարարը ասաց. - «Չէ, ամեն դեպքում ավելացում կլինի, ուղղակի, թե ինչքան կարող է լինել, չեմ կարող ասել, որովհետեւ երբ մենք հաշվարկները կատարել ենք, դրանք արել ենք ոչ թե ավարտված 2011 թվականի վրա, այլ 2011 թվականի կեսերին ենք արել` 2010-ի տվյալները հիմք վերցնելով: Դրա համար ես այս պահին հստակորեն որեւէ բան չեմ կարող մինչեւ վերջ ասել»:

Մինչդեռ Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի համոզմամբ` կառավարությունը կարող է մի քանի անգամ շատ հարկեր գանձել հանքահումքային ոլորտից, քան գանձում է այս պահին: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Բագրատյանը ներկայացրեց պղնձի օրինակը: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 2010 թվականի տարեկան տարեգրքի համաձայն` անցած տարի Հայաստանում արդյունահանվել է 118 հազար տոննա պղինձ: Բագրատյանը միջազգային հեղինակավոր «Բլումբերգ» գործակալության կայքէջից վերցրեց նաեւ պղնձի միջազգային այսօրվա գինը:

«118 հազար տոննա է եղել 2010-ին, այս տարի 30 տոկոսով ավելացել է` 140 հազար տոննա [է արդյունահանվել]: Պղնձի 1 տոննան այսօր արժի 8850 դոլար: Հիմա 140 հազար տոննան բազմապատկում եմ 8850 դոլարով, ստացվում է 1 միլիարդ 239 միլիոն դոլար: Սա էլ բազմապատկում եմ 380 դրամով, ստացվում է մոտ 450 միլիարդ դրամ: Հիմա իրենք հեքիաթ կպատմեն, կասեն դա վերջնական գինն է, սկսվում է տատու պատմությունները... մոլիբդեն էլ, ցինկն էլ քեզ փեշքեշ», - ասում է Բագրատյանը:

Բագրատյանը հարց բարձրացրեց` եթե միայն արդյունահանվող պղնձի միջազգային գինն է մոտ 400 միլիարդ դրամ, ապա որքա՞ն կլինի թիվը ողջ հանքահումքային ոլորտի դեպքում, եւ կարելի՞ է արդյոք այդ պարագայում խոսել 2-3 միլիարդ դրամով ավելի հարկերի մասին:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG