Մատչելիության հղումներ

Լեդի Գագան քառակի մրցանակակիր` «MTV-Եվրոպա»-ում


Լեդի Գագան ««MTV-Եվրոպա» մրցանակաբաշխության ժամանակ, 6 նոյեմբեր, 2011

Լեդի Գագան ««MTV-Եվրոպա» մրցանակաբաշխության ժամանակ, 6 նոյեմբեր, 2011

Այս տարվա լավագույն երգը, լավագույն տեսահոլովակը եւ ամենաշատ երկրպագուները, ըստ «MTV Եվրոպա» մրցանակաբաշխության, լավագույն երգչուհի Լեդի Գագայինն են:

Այս տարվա լավագույն երգը, լավագույն տեսահոլովակը եւ ամենաշատ երկրպագուները, ըստ «MTV Եվրոպա» մրցանակաբաշխության, լավագույն երգչուհի Ստեֆանի Ջոան Անջելինա Գերմանոտտայինն են, ով աշխարհին ավելի հայտնի է որպես Լեդի Գագա:

Երգչուհին երեկ հաղթել է այս 4 անվանակարգերում, որոնցից «Ամենաշատ երկրպագուներ» անվանակարգը նորություն էր MTV-ի մրցանակաբաշխության ժամանակ:

Երգչուհին երկրպագուներ ունի ամբողջ աշխարհում, ովքեր հետեւում են իր գործունեությանը ոչ միայն սոցիալական ցանցերում նրա էջերի միջոցով, այլեւ ունեն իրենց` Լեդի Գագայի երկրպագուների կայքեր, որտեղ տեղադրում են նրա երգերը, տեսահոլովակները եւ տեղեկություններ նրա մասին:

Լեդի Գագան հայտնի է իր սկանդալային, էպոտաժային, երբեմն տարօրինակ հագուստներով եւ պահվածքով: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, խոսելով նրա մասին, ասել էր, որ երբ հանդիպեց նրան, Գագան 16 դույմ բարձրությամբ կոշիկներ էր հագել եւ մոտ 2.5 մետր հասակ ուներ. - «Դա մի փոքր վախեցնող էր», - ասել էր նախագահը:

Երգչուհի Շուշան Պետրոսյանը, խոսելով Լեդի Գագայի մասին, ասաց, որ այն, ինչ նա փորձում է անել էպոտաժի միջոցով, իսլանդացի երգչուհի Բյորկն արդեն արել է:

«Արել է եւ շարունակում է անել: Այ, դա է էպոտաժը, որ չգիտես ինչ երաժշտություն է լինելու հետո», - ասաց նա:

Լեդի Գագան հանդիսատեսին է ներկայացել մսից կարված հագուստով եւ այլ արտառոց հագուստներով: Նա ստեղծագործում է գլամ ռոք ոճում, որը փոփ եւ ռոք երաժշտության խառնուրդն է: Այս ուղղությունը ձեւավորվել է Միացյալ Թագավորությունում 1970 թվականներին: Դրա հետեւորդները հագնում էին տարօրինակ հագուստներ, հատկապես` շատ բարձր կոշիկներ, հենց այնպիսին, ինչպիսին կրում է Լեդի Գագան:

MTV-ի եվրոպական մրցանակաբաշխության ժամանակ երգչուհին հաղթել է «Born this way» («Այսպիսին եմ ծնվել») երգով: «Մաքսլիբերթի»-ն Շուշան Պետրոսյանի հետ լսեց նրա մյուս` «You and I» («Ես եւ դու») երգը:

«Շատ գեղեցիկ ձայն ունի: Նախ լավ երգ էր, կատարումy եւս շատ լավն էր, տեսահոլովակի մեջ էլ գեղեցիկ պահեր կային, եւ իհարկե կար այն, ինչ ինքը էպոտաժ է համարում: Կուզեի ներկա լինել [այս տեսահոլովակում պատկերված] պարզ, դաշնամուրի մոտ նստած աղջկա համերգին ու կենդանի հնչողությամբ լսել նրան», - ասաց Շուշան Պետրոսյանը:

Լեդի Գագան երaժշտությամբ զբաղվում է 4 տարեկանից, իր առաջին դաշնամուրային բալլադը գրել է 13 տարեկանում: Առաջին՝ «Fame» ալբոմը թողարկել է 2008 թվականի: Նրա վրա մեծ ազդեցություն են թողել «Քուին» խումբը եւ երգիչներ Դեյվիդ Բոուին, Մայքլ Ջեքսոնը եւ երգչուհի Մադոննան: Նրա բեմական անունը «Քուին»-ի «Radio Ga Ga» հիթի հետեւանքն է: Ինչ վերաբերում է Մադոննային, երգչուհին մի առիթով ասել է, որ ինքը երեւի թե Մադոննայի ամենանվիրյալ երկրպագուն է: Ոմանք նրան համեմատում են Մադոննայի հետ` անվանելով նրա չստացված կրկնօրինակ: Շուշան Պետրոսյանը կարծում է` համեմատությունն անտեղի է:

«MTV- Եվրոպա» մրցանակաբաշխության քվեարկությանը մասնակցել են 150 միլիոնից ավելի հեռուստադիտողներ: Կանադացի 17-ամյա երգիչ Ջասթին Բիբերը հաղթող է ճանաչվել «Լավագույն երգիչ» եւ «Լավագույն փոփ վոկալ» անվանակարգերում: Տարվա հայտնություն է ճանաչվել Բրունո Մարսը։ Լավագույն հիփ-հոփ կատարողը, մրցանակաբաշխության արդյունքներով, Էմինեմն է: Տարվա ռոք խումբ է դարձել «Լինքին փարք»-ը:
XS
SM
MD
LG