Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը արդարություն է ակնկալում 3 դատավորների գործերով


Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյան

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյան

Մոտ երկու ամիս առաջ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը նամակով դիմել էր Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, որպեսզի նախարարը կարգապահական վարույթ հարուցի 3 դատավորների հանդեպ, որոնք, ըստ օմբուդսմենին, թույլ են տվել օրենքի նորմերի խախտումներ:

Պաշտպանի գնահատմամբ` ամենաակնհայտ խախտումները վերջին մեկ տարում թույլ են տվել դատավորներ Երեմ Եսոյանը, Մասիս Ռեհանյանը եւ Յուրիկ Իսկոյանը: Երեմ Եսոյանը մայրաքաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է, Մասիս Ռեհանյանը` Վերաքննիչ քրեական դատարանի, իսկ Յուրիկ Իսկոյանը `Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն ասաց, որ ինքը այդ 3 դատավորներին անդրադարձել է միայն այն պատճառով, որ իրեն ուղղված քաղաքացիների դիմումներն ու գործերը քննելով` իր համար պարզ է դարձել, որ հենց այդ 3-ն են թույլ տվել, իր կարծիքով, ամենակոպիտ ու ակնհայտ խախտումները:

«Սա, կարելի է ասել, ստրատեգիկ գործընթաց է, որտեղ 3 միջին կամ միջինից բարձր կամ ցածր կարեւորության գործերով ես փորձում եմ ցույց տալ պատժի համակարգի խնդիրները, թե ինչպես կարող է Հայաստանում արդար ձեւով պատասխանատվության ենթարկվել դատավորը, որը պատասխանատու է երկրում մնացած ողջ արդարության համար: Եվ քանի դեռ հասարակությունը չի վարակվում հետաքրքրությամբ, թե ո՞վ է Արդարադատության խորհուրդը, այդ 13 մարդիկ ինչպե՞ս են որոշումներ կայացնում, ինչպես են դատավորին պատասխանատվության ենթարկում, Հայաստանում արդարություն ակնկալել դատարանից` արդարության հետ կապված ամենակարեւոր մարմնից, կարծում եմ, դեռ վաղ է», - ասաց օմբուդսմենը:

Ըստ սահմանված կարգի` դատավորներին կարգապահական պատասխանատվության պետք է ենթարկի Արդարադատության խորհուրդը, որն ըստ օրենքի անկախ մարմին է: Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացրած 3 դատավորների նկատմամբ, սակայն, Խորհրդի կարգապահական հանձնաժողովը կարգապահական վարույթ չի հարուցել: Արդարադատության խորհրդի կայքէջում որպես պաշտոնական պատասխան զետեղված է հետեւյալ մեկնաբանությունը. - «Արդարադատության խորհրդի փոխարեն Մարդու իրավունքների պաշտպանի կողմից դատավորների գործողություններին նախապես հրապարակավ գնահատականներ տալը Արդարադատության խորհրդի` որպես դատարանի վրա ճնշում գործադրել է նշանակում, ուղղակի միջամտություն է Արդարադատության խորհրդի գործունեությանը, ինչը դատարանի անկախության տեսանկյունից անթույլատրելի է, խոչընդոտում է դատավորների կողմից իրենց պրոֆեսիոնալ պարտականությունների կատարմանը: Քանի որ նման վարքագիծն սկզբունքորեն անընդունելի է, Մարդու իրավունքների պաշտպանին հորդորում ենք հետագայում ձեռնպահ մնալ նման գործելաոճից»:

«Արդարադատության խորհուրդը, դեռ չքննած իմ երեք գործերը, սկզբում հրապարակայնորեն հարձակվեց ինձ վրա, ասաց, որ ես սխալ եմ արել ընդհանրապես այս գործընթացը, հետո կարո՞ղ էի ես ակնկալել, որ այդ նույն 13-ից 3-ը իմ միջնորդությունները կհամարեն հիմնավոր: Ես ընդամենը խնդրում եմ, որ որեւէ վարույթ հարուցող մարմին օմբուդսմենի կողմից նման գնահատականից հետո գոնե քննի այդ գործերը, տեսնի իսկապես կայի՞ն խախտումներ, թե՞ չկային, եւ Արդարադատության խորհրդի որոշումը կարելի արդար կամ անարդար համարել, բայց պետք է այն ընդունել: Իսկ հիմա մենք չենք կարողանում նույնիսկ վարույթ սկսել», - ասաց Անդրեասյանը:

Արդարադատության խորհրդի կազմում են 9 դատավորներ եւ 2-ական իրավաբան-գիտնականներ:

«Իմ պատկերացմամբ այդ 13 մարդիկ պետք է ավելի հայտնի լինեին, քան բոլոր նախարարները, պաշտոնյաները, քաղաքական գործիչները, որովհետեւ նրանցից է կախված մեր երկրում ամենակարեւոր երեւույթներից մեկը` արդարությունը», - ասում է օմբուդսմենը:

«Ազատություն» ռադիոկայանը փորձեց ճշտել նաեւ Արդարադատության խորհրդի անդամների կամ ներկայացուցչի կարծիքը, սակայն խորհրդի աշխատակազմի ղեկավարը եւ Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղարը արդեն մի քանի օր է հրաժարվում են անհրաժեշտ տվյալներ տրամադրել կամ որեւէ մեկնաբանություն անել հարցի առնչությամբ:

Հարցին, թե Մարդու իրավունքների պաշտպանը ի՞նչ է ակնկալում արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից, Կարեն Անդրեասյանը պատասխանեց. - «Արդարադատության նախարարից ես այսօր ակնկալում եմ արդարություն այդ երեք գործերով»:

Արդարադատության նախարարությունից «Ազատություն» ռադիոկայանին պատասխանեցին, որ նախարարը հարցին քաջատեղյակ է, խնդիրն ուսումնասիրվում է, եւ հնարավորինս սեղմ ժամկետներում նախարարը կպատասխանի օմբուդսմենին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG