Մատչելիության հղումներ

«Իրանը միջուկային զինանոցի ստեղծման շեմին է»


Բուշեհրի ատոմակայանը Իրանում, սեպտեմբեր, 2011թ.
Բուշեհրի ատոմակայանը Իրանում, սեպտեմբեր, 2011թ.
Թեեւ Իրանի միջուկային ծրագրի նվիրված ՄԱԳԱՏԷ-ի զեկույցը դեռ պաշտոնապես հրապարակված չէ, բայց եւ այնպես, դրա հիմնական շեշտադրումներն արդեն հստակ են:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մասնագետները համոզված են, որ պաշտոնական Թեհրանը միջուկային զինանոցի ստեղծման շեմին է:

Արդեն մի քանի օր է, ինչ արեւմտյան տարբեր լրատվամիջոցներ, դիվանագիտական աղբյուրներ վկայակոչելով, որոշ մանրամասներ են հաղորդում դեռեւս չհրապարակված այս զեկույցից:

Դրա համաձայն, վերջին տարիներին Իրանի միջուկային ծրագիրը տպավորիչ առաջընթաց է արձանագրել` նախ եւ առաջ համադրելով այլ պետություններից ստացվող օգնությունն ու իրանցի գիտնականների ջանքերը:

«Հյուսիսային Կորեայից իրանցիները կարողացել են ստանալ միջուկային զենքի ստեղծման համար անհրաժեշտ մաթեմատիկական ֆորմուլաներն ու կոդերը», - գրում է բրիտանական Daily Telegraph-ը հավելելով. - «Բացի այդ, պակիստանյան ատոմային ռումբի հայր համարվող Աբդուլ Քադիր Խանը իրանական կողմին լուրջ օգնություն է ցուցաբերել նեյտրոնային արագացուցիչ ստեղծելու գործում»:

Արեւմտյան աղբյուրները նաեւ պնդում են, որ Իրանի միջուկային ծրագրում առանցքային դերակատություն է ունեցել ատոմային ֆիզիկայի խորհրդային դպրոցի առնվազն մեկ ներկայացուցիչ: Խոսքը Ռուսաստանի Միջուկային դաշնային կենտոնի նախկին աշխատակցի` Վյաչեսլավ Դանիլենկոյի մասին է, որը, ըստ Washington Post-ի, դեռ 90-ականների կեսերից աշխատել է Իրանում գործող հետազոտական կենտրոններից մեկում: Պարբերականի պնդմամբ, սակայն, պաշտոնական Մոսկվան ռուսաստանցի գիտնականի եւ իրանցիների ակտիվ համագործակցության մասին տեղյակ չի եղել:

«Այժմ Դանիլենկոն աշխատում է չեխական Nanօgroup ընկերությունում», - պնդում է մոսոկվյան «Կոմերսանտ»-ը` նշելով, որ վերջին օրերին ֆիզիկոսի հետ կապ հաստատելու բոլոր փորձերն ապարդյուն են անցել:

Արեւմտյան պետություններն առայժմ սպասողական դիրք են գրավել` չցանկանալով խոսել այն մասին, թե ինչ է հաջորդելու Ատոմային էներգիայի միջազգային գործակալության զեկույցի հրապարակմանը:

«Մենք, իհարկե, ակնկալում ենք, որ այս զեկույցը կվերահաստատի այն բոլոր պնդումները, որ վերջին շրջանում հնչեցվում էին Իրանի միջուկային ծրագրի հետ կապված, բայց եւ այնպես, չէի ցանկանա որեւէ մեկնաբանություն հնչեցնել մինչեւ փաստաթղթի պաշտոնական հրապարակումը», - նշել է Սպիտակ տան խոսնակ Ջեյ Քարնին:

Ինչ վերաբերում է Իրանի դեմ հնարավոր ուժային գործողություններին, ապա Ռուսաստանն ու Ֆրանսիան արդեն իսկ հայտարարում են, որ կտրականապես դեմ կլինեն իրադարձությունների զարգացման նման սցենարին:

«Իրանի դեմ ուղղված ռազմական հարվածը անկանխատեսելի հետեւանքներով լրջագույն սխալ կլինի», - երկուշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG