Մատչելիության հղումներ

logo-print
Փոփի արքա Մայքլ Ջեքսոնի մահվան գործով Լոս Անջելեսի Գերագույն դատարանում ավելի քան վեց շաբաթ ընթացող դատավարությունը մտել է վճռական փուլ: Երդվյալ ատենակալները երեկ ուշ երեկոյան մեղավոր են ճանաչել երգչի անձնական բժիշկ Քոնրադ Մյուրեին։

Ջեքսոնը մահացել է 2009 թվականի հունիսի 25-ին, 50 տարեկան հասակում: Դիահերձման եւ կենսաքիմիական ստուգումների արդյունքների համաձայն` երգչի սիրտը կանգ է առել ուժեղ ներգործող հանգստացնող եւ ցավազրկող դեղամիջոցների, մասնավորապես, պրոպոֆոլի չարաշահման հետեւանքով։

58-ամյա Մյուրեյը հերքում է մեղադրանքը եւ պնդում է, որ Ջեքսոնն առանց իր թույլտվության է ընդունել դեղերը։

Չկանխամտածված սպանության հոդվածով Մյուրեյը կարող է դատապարտվել մինչեւ 4 տարվա ազատազրկման եւ զրկվել բժշկությամբ զբաղվելու արտոնագրից։

«Ջեքսոն իր կյանքով է վճարել բժշկի հանցավոր անփութության համար», - մեղադրական ճառում ասել է դատախազ Դեյվիդ Ուոլգրեյնն` ավելացնելով, որ Մյուրեյը դրժել է Հիպոկրատի երդումը, ինչի արդյունքում երգչի զավակները` Փրինսը, Փերիսն ու Բլանքիթը հայր են կորցրել։

Մայքլ Ջեքսոնի ազգականներն ու դատարանի շենքի մոտ հավաքված մեծ թվով երկրպագուներ ողջունել են դատավոր Մայքլ Փասթորի ընթերցած վճիռը:

«Դոկտոր Մյուրեյի անփույթ գործելակերպը հանրությանը սպառնացող վտանգի օրինակ է։ Դոկտոր Մյուրեյը մինչեւ դատավճռի ուժի մեջ մտնելը պետք է կալանավորվի առանց գրավի դիմաց ազատ արձակվելու իրավունքի», - ազդարարել է դատավոր Փասթորը։

Շրջանային դատախազ Սթիվ Քոուլին եւս մեկ անգամ ցավակցություն է հայտնել Ջեքսոնի ընտանիքին, նախեւառաջ զավակներին` ասելով, թե «ոչինչ այլեւս չի կարող հատուցել նրանց կորուստը»։

Դրսում հավաքված Ջեքսոնի երկրպագուները, չթաքցնելով արցունքները, այդ պահին երգել են իրենց կուռքի երգերը։

Մայքլ Ջեքսոնի մահվան գործով Քոնրադ Մյուրեյի նկատմամբ կայացվող դատավճիռը կհրապարակվի նոյեմբերի 29-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG