Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 8-ի մամուլ


«Առավոտ» օրաթերթի խմբագիրը գրում է. - «Զրպարտանքի եւ վիրավորանքի ապաքրեականացումը շարունակում է մեզ՝ լրագրողներիս անակնկալներ մատուցել: Հիմա արդեն վիրավորված եւ զրպարտված փաստաբանն է որոշել թերթերից մեկին դատի տալ: Իրավիճակի յուրահատկությունը նրանում է, որ փաստաբանը դժգոհ է ոչ թե թերթի հրապարակումից, ոչ թե խմբագրության լուսաբանումներից, այլ թերթի կայքում տեղադրած նյութի՝ անհայտ մարդկանց կողմից արված մեկնաբանություններից: Ընդ որում, նա գտել է 6 հատ վիրավորական եւ զրպարտչական comment ու ամեն մեկի համար ուզում է 3 միլիոն դրամ՝ պարզ թվաբանական գործողության արդյունքում ստացվում է, որ խմբագրությունը իր չգրած տեքստերի համար պետք է վճարի 18 միլիոն դրամ: Այդ անհեթեթ ճանապարհով առաջ գնալու դեպքում մեր դատարանները շուտով զբաղվելու են բացառապես ինտերնետում տեղ գտած արտահայտություններով, իսկ այնտեղ Հայաստանի այս կամ այն քաղաքացուն խոցող դարձվածքները հազարավոր են, եթե ոչ՝ միլիոնավոր»:

«Իրատես դե ֆակտո»-ն զրուցել է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Այսօր դատական համակարգից խիստ դժգոհություն կա: Հանրությունը չի վստահում այս օղակի գրեթե ոչ մի որոշման: Որպես արդարադատության նախարար չեք կարծո՞ւմ, որ իսկապես առողջ քննադատություն է հնչում»: Նախարարը պատասխանում է. - «Եթե քննադատությունը ինքնանպատակ է եւ հնչում է փաստաբանի շուրթերից միայն այն պատճառով, որ գործը պարտվել է, առողջ քննադատության ոչ մի հատիկ չեմ տեսնում: Եթե քննադատությունն ինստիտուցիոնալ փոփոխություն է ենթադրում, օբյեկտիվ է, դրանք գործիքներ են, որոնց շնորհիվ եւ արդարադատության նախարարը, եւ օրենսդրական նախաձեռնության մյուս սուբյեկտները կարող են այդ համակարգի վրա ազդել: Դատական համակարգի նկատմամբ հանրության դժգոհությունը իսկապես մտահոգի է. այն ունի եւ օբյեկտիվ, եւ սուբյեկտիվ պատճառներ: Օրենսդրական բարեփոխման արդյունքում ամենալավ մասնագետին կարող ես ընտրել, բայց դա դեռ երաշխիք չէ, որ նա ամենալավ դատավորը կդառնա»:

«Չորրորդ ինքնիշխանության» «Ոչինչ չանելու հայեցակարգը» վերնագրված հոդվածում կարդում ենք. - «Շատերն են խոսում այն մասին, որ Հայաստանը ոչ մի կերպ չի կարողանում դուրս գալ «երեք նախագահների եռանկյունուց», եւ ներքաղաքական իրադարձություններն ու զարգացումները պտտվում են բացառապես առաջին, երկրորդ եւ երրորդ նախագահների շուրջ: Մեծ հաշվով` դա իսկապես էլ այդպես է, բայց խնդիրն այն է, որ անձերն այստեղ կապ չունեն: Խոսքը պետության զարգացման երեք տարբեր հայեցակարգերի մասին է: Իրականում ստացվում է, որ Հայաստանի քաղաքական կյանքը ոչ թե պտտվում է երեք նախագահների շուրջ, այլ ընդամենը կանգնած է շատ պարզ երկընտրանքի առաջ. Կամ այս վիճակից դուրս գալու համար ինչ-որ բան անել, կամ ընդհանրապես ոչինչ չանել: «Ոչինչ չանել» արտահայտությունն, ի դեպ, թող վիրավորական չհնչի երկրորդ եւ երրորդ նախագահների համար»:

«Երկիր»-ի զրուցակիցն է Ազգային ժողովի պատգամավոր, Հանրապետական խմբակցության անդամ Համլետ Հարությունյանը: Լրագրողը հարցնում է. - «Իսկ ի՞նչ կասեք գործարար պատգամավորների մասին: Առանց նրա՞նց էլ չեք պատկերացնում Ազգային ժողովը: Պատգամավորը պատասխանում է. - «Անձամբ ես գործարարի նկատմամբ մեծ համակրանք ունեմ եւ համոզված եմ, որ այդ հարստությունը նրանք հենց էնպես չեն կուտակել: Ինչ վերաբերում է լինել-չլինելուն, ապա դա արդեն իրենց ցանկությունն է, եթե ուզեն` կլինեն: Սահմանադրությունը վկայակոչելով` դուք ոչ մեկին չեք կարող ոչինչ ասել, որովհետեւ գիտենք, թե ինչպես է սովորաբար դա արվում` շատերը կառավարման են տալիս իրենց բիզնեսները եւ այլն: Ես պետք է ազնիվ լինեմ եւ իմ խղճին դեմ չգնալով կասեմ, որ գործարար պատգամավորները սոցիալական բնագավառում ավելի էֆեկտիվ են, քան ցուցակով ընտրված շատ պատգամավորներ»:

«Հայկական ժամանակ»-ի տնտեսական մեկնաբանը անդրադարձել է Պետեկամուտների կոմիտեի հրապարակած առաջին խոշոր 1000 հարկատուների ցանկին: «Այս ցանկի պարբերական հրապարակումներից հետո արդեն որերորդ անգամ ստիպված ենք լինում արձանագրել, որ օլիգարխները աստիճանաբար նվազեցնում են իրենց վճարած հարկերը: Այսինքն, մի կողմից տնտեսությունը օրեցօր ավելի է կենտրոնանում նրանց ձեռքում, մյուս կողմից` նրանց պատկանող ընկերությունները ավելի քիչ են հարկեր վճարում: Նման պայմաններում իրոք պետք է, մեղմ ասած, կասկածելի համարել հաջորդ տարի 101 միլիարդ դրամով հարկային եկամուտները մեծացնելու ծրագիրը: Խնդիրն այն չէ, որ տնտեսության մեջ թաքցված այդքան հարկ չկա: Խնդիրն այն է, թե ումից է կառավարությունը հավաքելու այդքան գումար: Եթե հույսը փոքր ու միջին բիզնեսն է, որտեղ ստվերը անհամեմատ փոքր է, քան խոշոր բիզնեսում, ապա լրացուցիչ գումարներ անշուշտ հնարավոր է հավաքագրել, բայց դրա հետեւանքով տնտեսության այդ հատվածը վերջնականապես կմեռնի: Եթե կառավարությունը տեսական ծրագրեր ունի այդ բեռը օլիգարխների վրա դնելու, ապա գործող իշխանության պայմաններում այդ ծրագիրը տապալված է ի սկզբանե», - գրում է թերթը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG