Մատչելիության հղումներ

Թռչկանի ջրվեժի ակտիվիստները կիրակի օրը նշեցին իրենց բնապահպանական մեծ հաղթանակը:

Նոյեմբերի 3-ին, երբ կառավարության որոշման արդյունքում կասեցվել էր ՀԷԿ-ի շինարարությունը, բնապահպանական ակտիվիստները չդադարեցին նստացույցը Հայաստաի ամենաջրառատ եւ ամենաբարձր ջրվեժի տարածքում` սպասելով, որ շինարարությունն իրականացնող «Ռոբշին» ընկերությունը իր տեխնիկան տարածքից հեռացնի եւ վերականգնի հասցված վնասը:

Մինչ ջրվեժի տարածքում աշխատում էր «Ռոբշինի» տեխնիկան եւ փորձում հասցված վնասը շատ թե քիչ վերականգնել, մարդկանց թիվը ջրվեժի մոտ ավելանում էր: Նրանք այնտեղ էին հասել բեռնատար մեքենաներով, ոմանք` նույնիսկ ձիերով եւ հեծանիվներով:

Բնապահպանները նաեւ Շիրակամուտ գյուղի գյուղապետարանի դահլիճում կայացած ռոք համերգով նշեցին իրենց հաղթանակը: Մինչ համերգի սկսվելը ակտիվիստները երգեցին իրենց գրած Թռչկանի մասին երգը:

Ռոք համերգին ներկա էր նաեւ Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոհան Շմիդտը: Դիվանագետին ոգեւորել էր երիտասարդների այս շարժումը:

«Կարեւորն այն է, որ այս երիտասարդներին հաջողվեց ստեղծել մի շարժում, որը ի վերջո կարողացավ ստիպել կառավարությանը չեղյալ համարելու լիցենզիան: Ես երեկ շփվել եմ երիտասարդներից մի քանիսի հետ: Կարեւորն այն է, որ նրանք գիտեին, թե ինչ են արել: Ինձ հաճելի էր տեսնել, որ երիտասարդները պաշտպանում են բնությունը, որը շատ կարեւոր է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց դեսպանը:

Դեսպանը արդեն երկու անգամ հասցրել էր լինել Թռչկանի ջրվեժում. այն դիվանագետին շատ էր դուր էր եկել:

«Եթե չեմ սխալվում, ուրիշ ջրվեժներ էլ կան, բայց ինձ ասացին, որ սա ամենատպավորիչ ջրվեժն է, դրա համար էլ շատ կարեւոր է այն պահպանել: Ջրվեժը բացառիկ է: Եթե պաշտոնական տեսակետին լսենք, որ ավելորդ ջուրն էին վերցնելու, ամեն դեպքում ռիսկը մեծ էր, որ ջրվեժը կոչնչանար», - ասաց դեսպանը:

Բնապահպանական ակտիվիստները որոշեցին, որ ամեն տարի սեպտեմբերի առաջին կիրակին նշելու են որպես Թռչկանի օր: Նրանք այդ օրը ուխտագնացությամբ հասնելու են Թռչկան:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG