Մատչելիության հղումներ

Ամբողջությամբ շահագործման հանձնվեց «Զվարթնոց»-ի նոր ուղեւորահամալիրը


Armenia - The new terminal of Zvartnots International Airport was opened, Yerevan,16Sep2011

Armenia - The new terminal of Zvartnots International Airport was opened, Yerevan,16Sep2011

Երկուշաբթի օրը առաջին ուղեւորներին սպասարկեց «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման նոր սրահը: Այսպիսով օդանավակայանի նոր շենքը սկսեց գործել ամբողջությամբ:

Օդանավակայանի նոր շենքի պաշտոնական բացումը, հիշեցնենք, տեղի էր ունեցալ սեպտեմբերին` նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ: Դրանից մոտ մեկ ամիս անց սկսել էր գործել ժամանման սրահը:

Այսօր մեկնման նորաբաց սրահից առաջինը մեկնեցին Երեւան - Սանկտ Պետերբուրգ չվերթի ուղեւորները:

Օդանավակայանի նոր շենքի շինարարությունը սկսվել էր 2008 թվականին եւ ավարտվել է նախատեսված ժամկետում. 34 հազար քառակուսի մետր ընդհանուր տարածք ունի, ներդրվել է 160 միլիոն ԱՄՆ դոլար:

Նոր համալիրի 1500 աշխատակիցների եւ 46 հաշվառման սեղանների շնորհիվ հնարավոր կլինի տարեկան սպասարկել շուրջ 3.5 միլիոն ուղեւորի:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք իրեն չի մտահոգում արտագաղթը եւ այն, որ մեկնման նոր սրահը «հեռացող հայի» խորհրդանիշն է, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության սեփականատեր, արգենտինահայ մեծահարուստ եւ բարերար Էդուարդո Էռնեկյանը պատասխանեց. - «Արտագաղթը ժամանակավոր բնույթ է կրում, եւ նման օդանավակայան ունենալը հնարավորություն է տալիս նաեւ նոր աշխատատեղեր ստեղծել»:

«Զվարթնոց»-ի գլխավոր մենեջերի տեղակալ Անդրանիկ Շխյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե իրենց մոտավոր հաշվարկներով մեկնողներն ավելի շատ են, քան ժամանողները. - «Անցած տարվա ուղեւորահոսքը եղել է 1 միլիոն 600 ուղեւոր, որոնց 50 տոկոսից մի փոքր ավելին եղել են մեկնող ուղեւորներ»:

Նրա խոսքով, նոր համալիրը կունենա նաեւ այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք ավելի հարմարավետ կդարձնեն ուղեւորների սպասարկումը. - «Նախատեսում ենք, որ մոտակա ժամանակներս կարողանանք ունենալ արդեն ինքնահաշվառման տաղավարները` self check-in-ները: Ներկայումս քննարկումներ ենք անցկացնում ավիաընկերությունների հետ»:

Էդուարդո Էռնեկյանը հույս հայտնեց, որ նոր ուղեւորահամալիրը ավելի շատ զբոսաշրջիկներ կներգրավի Հայաստան. - «Հայաստանը պետք է ունենա լավագույնը, եւ մենք կանենք հնարավոր ամեն բան` դրան հասնելու համար»:

Նոր համալիրը, ինչպեսեւ խոստացվել էր, զարդարում է Մինաս Ավետիսյանի որմնանկարներից մեկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG