Մատչելիության հղումներ

logo-print
«Գալիք» համալսանի 51 շրջանավարտներ պետական ավարտական քննությունները հանձնելուց հետ արդեն 6 ամիս է չեն կարողանում ստանալ իրենց դիպլոմները, քանի որ «Կառավարում» ֆակուլտետի լիցենզիան 2010 թվականին կասեցվել է:

Ծնողները դժգոհում են, որ իրենց երեխաների 4 տարվա ուսումը, ուսման համար վճարված գումարները փաստացի ջուրն են ընկնում: Նրանք նշում են, որ ո'չ նախարարությունը, եւ ո'չ էլ բուհի ղեկավարությունը իրենց չեն տեղեկացրել լիցենզիայի կասեցման մասին:

Բուհի դեկան Հենրիկ Սարգսյանի խոսքով` իրենք մեղավոր չեն, քանի որ չեն իմացել կասեցման մասին. համալսարանի ղեկավարությանը տեղեկացրել են, որ կասեցվում է «Օտար լեզուներ եւ գրականություն» ֆակուլտետի լիցենզիան, ինչից հետո նախարարությունը ուսանողներին տեղավորել է այլ բուհեր, իսկ «Կառավարում» ֆակուլտետի վերաբերյալ միայն նշված է եղել, որ կասեցվում է դիպլոմավորված մասնագետի կրթական ծրագիրը:

«Խոսքը վերաբերում է ոչ թե բակալավրիատի, այլ դիպլոմավորված մասնագետի պատրաստմանը այն դեպքում, երբ մեր հանրապետությունում արդեն 5 տարով ուսուցում չի իրականացվում, իսկ դիպրոմավորվածը հենց դա է ենթադրում: Մի քանի անգամ ռեկտորատը գրել է նախարարություն, որ կասեցրել են ոչ թե բակալավրատինը, այլ դիպլոմավորվածինը: Խնդրել ենք` վերականգնել սխալը: Չեն էլ նայում, թե ինչ են գրում ու ուղարկում են նախարարին, նախարարն էլ հրամանը տվել է », - «Մաքսլիբերթի»-ին ասաց Սարգսյանը:

Ուսանողները եւ ծնողները վերջին մի քանի ամիսների ընթացքում պարբերաբար գնացել են Կրթության եւ գիտության նախարարություն, որտեղ իրենց հարցերի հստակ պատասխանները չեն ստացել: Ուսանողները այս խնդրի պատճառով չեն կարողացել դիմել մագիստատուրա կամ անցնել աշխատանքի:

«Գալիք» համալսարանի աշխատակազմի ղեկավար Լամարա Քոչարյանը նշեց, որ ռեկտորը համալսարան չի եկել առողջական խնդիրների պատճառով, սակայն դիմել է նախարարություն: Քոչարյանը եւս նշեց, որ իրենք ոչնչից տեղյակ չեն եղել, ոչ մի փաստաթուղթ իրենց չի ուղարկվել:

«Ոչ մի համապատասխան փաստաթուղթ չի եղել մեր ձեռքի տակ, հակառակը` մենք ունեցել ենք նախարարությունից թուղթ, որ 2011-12 թթ. Կառավարման ֆակուլտետում կատարենք ընդունելություն», - ասաց Քոչարյանը:

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում նշեց, որ բուհի ղեկավարությունը տեղեկացվել է, սակայն պատշաճ կերպով ուսանողներին չի ասել եւ շարունակել կրթական գործընթացն առանց լիցենզիայի:

Նախարարը նշեց, որ այդ ամենի համար պատասխանատու է բուհի ղեկավարությունը:

«Երկու տարվա ընթացքում 30-ից ավելի բուհեր եւ ֆակուլտետներ ենք փակել, եւ ոչ մի բուհ իրեն թույլ չի տվել հանդգնել նախարարության լիազոր մարմնի հրամանը արհամարել: Այդ 51 երեխան, որ սովորել են 4-րդ կուսում, դա կարելի է ասել, որ ապօրինի է եղել: Իրենք չեն վիճարկել իմ որոշումը դատարանով, թող գնան դատարանում պարզեն: Երեխաները իրավունք ունեն 4-րդ կուրսից սկսած շարունակել ուսումը ցանկացած հավատարմագրված բուհում», - ասաց նախարարը:

«Ռեկտորի կողմից իմ որոշման արհամարումը, նրա, կներեք, քթից դուրս ա գալու», - վերջում հավելեց նախարար Աշոտյանը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG