Մատչելիության հղումներ

logo-print
Ընդդիմադիրները եւս պատրաստվում են առաջիկա խորհրդարանական ընտրություններին`մեկնաբանելով, մասնավորապես իշխանական կուսակցությունների մոտ առկա նախընտրական տրամադրությունները, այսօր փոխանցեցին ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի եւ խորհրդարանական ընդդիմության` Դաշնակցության եւ «Ժառանգության» ներկայացուցիչները:

«Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բաշխյանը անկեղծանում է` նախընտրական շրջանը սկսելը շուտ է, բայց դաշտը իր կանոններն է թելադրում, «Ժառանգությունն էլ է նախընտրական թոհուբուհի մեջ:

«Ելնելով առկա քաղաքական վիճակից` մենք էլ արդեն լուրջ սկսել, մտածում, քայլեր ենք անում եւ այլն: Եթե մենք էլ ենք անում, ուրեմն մյուսների արածն էլ նորմալ է», - ասաց Բախշյանը:

Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե շտաբի ձեւավորման նախընտրական թեզերը կուսակիցներին հասցնելու ուղղությամբ են աշխատում: Չնայած Ռուստամյանը բնական է համարում այն, որ յուրաքանչյուր ընտրության ավարտից հետո կուսակցությունները հաջորդին են պատրաստվում, բայց, նրա գնահատմամբ, ներկայիս գործընթացներն այնքան անթաքույց են, որ այլեւս նախընտրական քարոզարշավ են հիշեցնում: «Իշխանությունները պատրաստվում են վերարտադրման», - ամբողջացրեց Ռուստամյանը:

«Քարոզչություն է` բացահայտ, ակնհայտ: Արդեն այնպիսի բնույթ է կրում, որ չի համապատասխանում Ընտրական օրենսգրքին: Մի բան է լուսաբանել, օրինակ, վարչապետի գործունեությունը, մեկ այլ բան է, որ վարչապետի գործունեության լուսաբանման տակ գնում է Հանրապետական կուսակցության քարոզչություն, անդամատոմսերի բաժանում դպրոցներում, որոնք օրենքով արգելված գործողություններ են», - ասաց Ռուստամյանը:

«Ազատություն» ռադիոյականի հետ զրույցում ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը ասաց` ՀԱԿ-ը արդեն պատրաստ է ընտրություններին:

«Բոլոր հանձնարարությունները տրված են, որ պատրաստ լինենք ընտրություններին ցանկացած պահի: Մենք ամեն նախկին սովետական շրջանում ունենք շտաբ: Այդ շտաբը քարոզչական աշխատանքներ է կատարում, նաեւ հանձնարարություններ են տրված պատրաստվել ընտրական պրոցեսներին», - ասաց Զուրաբյանը:

Զուրաբյանն ասաց` որպես ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի համակարգող, ինքը նաեւ համակարգում է տարածքային շտաբների գործունեությունը: Հարցին, թե հնարավո՞ր է ընտրություններին ընդառաջ փոփոխություններ լինեն, թե ինքը կշարունակի՞ ղեկավարել շտաբը, Զուրաբյանը պատասխանեց. - «Ամեն ինչ հնարավոր է: Մենք ընտրություններից առաջ որոշումներ կընդունենք, պետք լինի, նաեւ փոփոխություններ կմտցնենք»:

Լեւոն Զուրաբյանը հավելեց, որ ՀԱԿ-ը չի հրաժարվել արտահերթ ընտրությունների իր պահանջից, բայց եթե չստացվի այն կյանքի կոչել, կմասնակցեն հերթական ընտրությանը: Ընդդիմադիր ՀԱԿ-ում, սակայն, չեն հավատում ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ անցկացնելու իշխանության հայտարարություն-մտադրություններին: Լեւոն Զուրաբյանը տեղեկացրեց, որ ՀԱԿ-ը դիմել է միջազգային կառույցներին` խորհրդարանական առաջիկա ընտրություններին առավել շատ թվով դիտորդներ ուղարկելու համար:

«Դիմել ենք միջազգային հանրությանը այն պահանջով, որ մոտ 2000 դիտորդ ուղարկվի ընտրություններին: Դա թույլ կտա ամեն տեղամասում ունենալ մեկ դիտորդ: Այդ գաղափարը հետաքրքրությամբ է ընդունվում միջազգային հանրության կողմից, անգամ Եվրոպայի խորհրդի վերջին բանաձեւի մեջ խոսվում է այն մասին, որ բազմամարդ առաքելություն ուղարկվի ընտրությունները վերահսկելու նպատակով», - ասաց Զուրաբյանը:

Ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների անցկացմանը չեն հավատում նաեւ Դաշնակցությունում: Ռուստամյանն ասաց` գուցե կեղծման ձեւերն այս անգամ այդքան կոպիտ չլինեն: Իսկ իշխանությունը բազմիցս է հայտարարել, թե առաջիկա գործընթացները հենց այդպիսին են լինելու, անգամ հավելել են, թե ազատ ընտրություններն իրենց համար գերխնդիր է:

«Օրինակ, ոչ մի օրենսգիրք չի ասում, որ կարելի է լցոնումներ անել, որ կարելի է քվեատուփը փոխել, փախցնել եւ այլն: այսինքն նման գործընթացներ Հայաստանում եղել են..., մեր ժամանակ էլ են եղել, մենք դրա մասին հայտարարել ենք, մեր հայտարարությունները հայտնի են: Իշխանությունների վերարտադրման համար միշտ օգտագործվել են որոշ այսպիսի միջոցներ: Կարծում եմ` այս անգամ նպատակ ունեն դրանք չկիրառելով եղած մյուս բոլոր լծակները, նաեւ օրենսդրական հնարավորությունները օգտագործել», - ասաց Արմեն Ռուստամյանը:

Դաշնակցությունը նախորդ երկու խորհրդարանական ընտրություններից հետո այսօր իշխող երեք կուսակցությունների հետ տարբեր ժամանակներում կոալիցիա է կազմել: Հարցին, թե դա հնարավո՞ր է առաջիկա ընտրություններից հետո, Ռուստամյանը պատասխանեց` ոչ. - «Մենք արդեն այդ դառը փորձը ունենք», - ասաց նա:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG