Մատչելիության հղումներ

Վաշաձեն հերքում է Հայաստանի նախագահի այցը չեղյալ համարելու մասին լուրերը


Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձե

Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձե

Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` Թբիլիսի կատարելիք այցը չեղյալ համարելու մասին ավելի վաղ տարածված լուրերը։

«Ես զարմանում եմ, թե որտեղից եք վերցնում այդ տեղեկատվությունը։ Նման բան չկա: Առաջին հերթին նշեմ, որ որեւէ այց չեղյալ չի համարվել: Համաձայնությունն այսպիսին էր` նախ ես պետք է այդ այցը քննարկելու եւ նախապատրաստելու նպատակով գայի Հայաստան, եւ դրանից հետո միայն նախագահի այցը պետք է կայանար: Էդուարդը [Նալբանդյան] սպասում էր ինձ, սակայն, դժբախտաբար, ես չկարողացա գալ Հայաստան, որովհետեւ այցով գտնվում է Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում», - ընդգծեց Վաշաձեն Երեւանում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից անմիջապես հետո եւ հավելեց. - «Այժմ ես այստեղ եմ, եւ այցը նախապատրաստված է»:

«Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե երբ է տեղի ունենալու այցը, Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը արձագանքեց, որ այդ մասին լրացուցիչ կհայտարարեն։

Հոկտեմբերին վրացական աղբյուրները, վկայակոչելով երկրի նախագահի մամուլի քարտուղար Մանանա Մանջղալաձեին, հաղորդել էին, թե Սերժ Սարգսյանը Թբիլիսի է այցելելու նոյեմբերի սկզբին։

Հայաստանի արտգործնախարության խոսնակ Տիգրան Բալայանը, սակայն, հայտարարել էր, որ նոյեմբերի առաջին կեսին երկրի նախագահի որեւէ արտասահմանյան այց նախատեսված չէ։

Դա առիթ տվեց Հայաստանի նախագահի այցը չեղյալ հայտարարելու մասին ենթադրությունների։ Մասնավորապես, որպես դրա հնարավոր պատճառ նշվում էր Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքից հետո Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի արած այն հայտարարությունը, թե Վրաստանը ընդամենը մի քանի ժամում կարող էր լուծել սողանքի հետեւանքների վերացման խնդիրը։

Ըստ վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերության, Սահակաշվիլին, մասնավորապես, նշել էր, թե Վրաստանում ավելի բարդ իրավիճակի հետեւանքները իրենք վերացրել են մի քանի ժամում, մինչդեռ Հայաստանում դրա համար պահանջվեց երկու շաբաթ:

«Ահա թե ինչ է նշանակում արդյունավետ իշխանական համակարգ», - հեռուստաընկերության փոխանցմամբ, ասել էր Վրաստանի նախագահը:

Մեկնաբանելով Սահակաշվիլու այս հայտարարությունը` Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարը նշել էր, թե չի հավատում դրա հավաստիությանը:

Ի դեպ, Սերժ Սարգսյանի այցը չեղյալ հայտարարելու մասին պնդումներն այսօր Թբիլիսիում կայացած ճեպազրույցի ժամանակ հերքել է նաեւ Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն: Նա, ըստ վրացական լրատվամիջոցների, ասել է, թե որեւէ տեղեկություն չունի հայկական լրատվամիջոցներում շրջանառվող այն լուրերի մասին, թե Հայաստանի նախագահը վիրավորված է իր վրաց գործընկերոջից:

«Սարգսյանի այցի ճշգրիտ ժամանակը հստակեցված չէր: Այն պետք է կայանա այն ժամանակ, երբ դա հարման կլինի երկու կողմերին», - ասել է Կալանդաձեն` հավելելով. - «Բացի գործընկերությունից, Հայաստանի եւ Վրաստանի նախագահներին կապում են անձնական լավ հարաբերությունները»:

Հայաստանի արտգործնախարարությանից ստացված հաղորդագրության համաձայն, Գրիգոլ Վաշաձեի եւ Էդվարդ Նալբանդյանի հանդիպման ժամանակ քննարկվել է հայ-վրացական օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ եւ երկու պետությունների նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը»:

Ավելի ուշ Վաշաձեին ընդունել է նախագահ Սերժ Սարգսյանը: Ի թիվս այլ հարցերի, քննարվել են նաեւ Հայաստանի նախագահի Վրաստան կատարելիք պաշտոնական այցի հետ կապված հարցեր:

«Նախարար Վաշաձեն նշել է, որ երկու երկրների արտաքին գործերի նախարարություններն աշխատում են այցը պատշաճ նախապատրաստելու ուղղությամբ եւ ընդգծել, որ ամեն ինչ կնախապատրաստվի երկու պետությունների միջեւ եղած հարաբերություններին հարիր մակարդակով», - հաղորդում է Հայաստանի նախագահի մամլո ծառայությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG