Մատչելիության հղումներ

Հասմիկ Պողոսյան. «Վերականգնումից առաջ նախ անհրաժեշտ է պահպանել հուշարձանները»


Սանահինի վանքը, հուլիս, 2011թ.

Սանահինի վանքը, հուլիս, 2011թ.

Ամեն տարի պետբյուջեով բավական մեծ գումար է հատկացվում պատմամշակութային հուշարձանների պահպանության եւ վերականգնման համար։ Եվ ինչպես շեշտում է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, վերականգնման աշխատանքները իրականացնելիս շինարարական կազմակերպությունների մրցույթ է անցկացվում` հաշվի առնելով նախկինում ունեցած փորձը նման աշխատանքի։

«Մենք բոլոր վերջին, երկու, համենայն դեպս, տարիներին, շատ խիստ պահանջներ ենք դնում կազմակերպությունների հանդեպ։ Հաշվի առնելով նախկին տարիների բացասական մի քանի օրինակները` մենք խիստ պայմաններ ենք դնում, որպեսզի կազմակերպությունները հենց մասնավորապես հուշարձանների վրա կատարած փորձ ունենան, որպեսզի վերջին տարիներին իրականացրածը մասնագիտական ներգրավվածություն ունենա», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց մշակույթի նախարարը։

Հենց այս շաբաթվանից սկսվում է վերականգնողական մասնագետների ուսուցման դասընթաց, որի համար Իտալիայի կառավարությունը դրամաշնորհ է տրամադրել։ Վերականգնող մասնագետների կարիքն այսօր անչափ մեծ է, ասաց Հասմիկ Պողոսյանը։

Իսկ թե ամենակարեւորը` պատմամշակութային հուշարձանների պահպանության եւ վերականգնման ոլորտում, ի վերջո, ի՞նչ հրատապ խնդիրներ կան այսօր, ապա «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան` նախարարը շեշտեց, թե վերականգնումից առաջ հարկավոր է նախ պահպանել հուշարձանները, նոր միայն մտածել դրանց վերականգնման մասին։ Եվ արդեն իսկ այդ առումով լուրջ քայլեր են կատարվել։

«Ամենակարեւորը` մենք երբ խոսում ենք վերականգնման մասին` այ, քանդվեց, փլուզվեց... Առաջին հերթին, հուշարձանները կանգուն են դարեր ու իրենք դեռ կանգնած են։ Բայց մենք իսկապես ունենք հուշարձաններ, որոնք արտակարգ միջամտության կարիք ունեն։ Մեր խնդիրն է այսօր կոնսերվացնել այն հուշարձանները, որոնք իսկապես վտանգված են, որովհետեւ վերականգնումը, կարծես թե, ավելի շատ երկրորդական խնդիր է։ Մեր խնդիրը այսօր պահպանելն է, որպեսզի չփլուզվի, չքանդվի», - նշեց Հասմիկ Պողոսյանը` շարունակելով. - «Եվ պատահական չէ, որ պետբյուջեով մենք հիմա նոր տող ունենք արդեն` արտակարգ, հրատապ միջամտությունների։ Դա ինչ է` այսօր մեզ ահազանգեցին, որ ինչ-որ մի, ասենք թե, ցնցում է եղել, կամ ֆիզիկապես ինչ-որ վնաս է հասցվել հուշարձանին. որպեսզի մենք կարողանանք արտակարգ, արտահերթ միջամտություն անել, ամրակայենք, որպեսզի հետագա փլուզումից հուշարձանը փրկվի»։

Հարցին, թե քանի՞ նման հուշարաձն կա, նախարարը արձագանքեց. - «Շատ, շատ։ Ամենաառաջնահերթները շուրջ 200-ն են` հենց արտակարգ միջամտելու կարիք ունեն, այսինքն, մենք համընթաց անում ենք»։

«Մենք անընդհատ ասում ենք` էս երկրում, էն երկրում, բայց ամեն երկիր չէ, որ այսքան հուշարձան ունի` եկեք դա էլ հասկանանք։ Այսինքն, ծավալը հուշարձանների ինքը շատ մեծ է, եւ այդ իմաստով, ամեն երկիր դրա համար պետք է ունենա իր քաղաքականությունը։ Եվ պատահական չէ, որ մենք համատարած վերականգնողական ծրագրից կամաց-կամաց ներմուծեցինք այլ ծրագրեր` ուսումնասիրություններ, այսինքն` սկզբից ուսումնասիրենք, տեսնենք` այդքան շատ հրատապ է՞, պեղումների իրականացում, մոնիտորինգային ծրագրեր», - ասաց Հասմիկ Պողոսյանը` ամփոփելով. - «Այդ ամեն ինչը մեր բյուջեով հաստատվեց երկու-երեք տարիների ընթացքում, ու մենք նախ դասակարգում ենք, ոչ թե մտնում ենք լայնածավալ վերականգնման գործընթացների մեջ, որի արդյունքը շատ ուշ ենք տեսնում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG