Մատչելիության հղումներ

logo-print

Լարվածություն Բեյրութի ամենահայաշատ թաղամասում


Տեսարան Բեյրութի Բուրջ Համուդ թաղամասի Արաքս փողոցից

Տեսարան Բեյրութի Բուրջ Համուդ թաղամասի Արաքս փողոցից

Արդեն մեկ շաբաթ է, ինչ Բեյրութի ամենահայաշատ թաղամասը` Բուրջ Համուդը հայտնվել է լիբանանյան մամուլի եւ քաղաքական գործիչների սեւեռուն ուշադրության կենտրոնում: Պատճառը տեղի բնակչության եւ թաղամասում բնակվող օտարերկրացիների` նախեւառաջ Սիրիայից ներգաղթած քրդերի միջեւ ծագած լարվածությունն է։

Ուշագրավ է, որ Լիբանանի մամուլն ու Բեյրութի հայերը տեղի ունեցող իրադարձությունների տրամագծորեն հակառակ պատկերն են ներկայացնում:

Մի շարք լիբանանյան թերթեր եւ կայքէջեր պնդում են, որ Բուրջ Համուդի հայերը եւ այս շրջանում առաջատար դերակատարություն ունեցող Հայ հեղափոխական դաշնակցությունը որոշել են վտարել վերջին տարիներին այստեղ բնակություն հաստատած սիրիացի քրդերին. պատճառը վերջիններիս հետ հայերի ունեցած քաղաքական տարաձայնություններն են:

Բուրջ Համուդում բնակվող քրդերը ակտիվորեն դեմ են հանդես գալիս Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարմանը: Ավելին, նրանք Բեյրութում Սիրիայի դեսպանության մոտ կազմակերպվող բողոքի ակցիաների հիմնական մասնակիցներն են: Բեյրութահայերի զգալի մասը, հակառակը, դեռ 70-ականներից աչքի է ընկել սիրիամետ կեցվածքով:

Լարվածությունը գագաթնակետին հասավ անցած շաբաթ, երբ սիրիական դեսպանության մոտ կազմակերպված հերթական ցույցից հետո Բուրջ Համուդ վերադարձող քրդերը բախվեցին տեղի հայերի հետ: Որպես հետեւանք` մեկական վիրավոր յուրաքանչյուր կողմից։

Բեյրութում ապրող սիրիացի քրդերը պնդում են, որ Լիբանանում գործող դաշնակցականները որոշել են մեկընդմիշտ մաքրել հայկական թաղամասը օտարազգիներից:

NowLebanon էլեկտրոնային պարբերականին տված հարցազրույցում քուրդ ակտիվիստներից մեկն ասել է. - «Մենք գիտենք, որ այս ամենի պատճառները քաղաքական են: Դաշնակցականները հրահանգել են թաղամասի շենքերի հայազգի սեփականատերերին վտարել քրդերին: Մենք նույնիսկ ձայնագրել ենք տանտերերից մեկին, որն ասում է. - «Սա իմ ցանկությունը չէ, ես կատարում եմ Դաշնակցության հրահանգը»։

Բեյրութցի դաշնակցականները հնչեցվող մեղադրանքները կտրականապես հերքում են:

Լիբանանի խորհրդարանի դաշնակցական պատգամավոր Հակոբ Բագրատունին «Ան Նահար» թերթին տված հացազրույցում ասել է. - «Բուրջ Համուդի շրջանային վարչակազմը հրահանգել է առանց պատշաճ փաստաթղթերի կամ գրանցված պայմանագրերի բնակվող բոլոր օտարերկրացիներին` սիրիացիներին, եգիպտացիներին, ֆիլիպինցիներին, Շրի Լանկայից ներգաղթյալներին, լքել տարածքը:Քրդերի հետ մենք խնդիրներ չունենք, մեր երկու ժողովուրդները միշտ էլ բարեկամաման կապեր ու պատմական դաշինքներ են ունեցել»:

Լիբանանյան հեռուստաալիքներից մեկն էլ օրերս ծավալուն ռեպորտաժ է հեռարձակել Բուրջ Համուդից, որտեղ տեղացիները` հայ եւ լիբանանցի, խոսում են ներգաղթյալների պատճառով քրեածին վիճակի կտրուկ վատթարացման մասին:

«Ինչ տեսակի մարդու ասես կտեսնես այստեղ: Շաբաթ եւ կիրակի օրերին այս փողոցը վերածվում է մարմնավաճառների շուկայի», - նշել է Բուրջ Համուդի խանութպաններից մեկը:

Տեղացիներից մեկ ուրիշն էլ պնդել է. - «Ում ասես կտեսնես այստեղ` ֆիլիպինցիների, աֆղանցիների, ինչ ազգ ասես կա Բուրջ Համուդում»:

Լիբանյան լրատվամիջոցները, սակայն, պնդում են, որ հիմնական խնդիրները, այնուհանդերձ, հայերի եւ քրդերի միջեւ են:

«Քրդերը, որպես կանոն, զինված են դանակներով, քուրդ տղաները շատ կոպիտ են, անընդհատ տեղացի աղջիկներին են մոտենում։ Սա է թերեւս պատճառը, որ քրդերի եւ հայկական խմբավորումների միջեւ շատ կոշտ բախումներ են լինում», - NowLebanon-ին ասել է Բուրջ Համուդի լիբանանցի բնակիչներից մեկը` հավելելով. - «Դաշնակցականները գիշերային պարեկախմբեր են կազմել։ Որքան տեղյակ եմ` նրանք զինված չեն, պարզապես հսկում են կուսակցական գրասնյակն ու ոսկերչական խանութները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG