Մատչելիության հղումներ

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Լոռու մարզ


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Լոռու մարզ։ Այս մասին ասված է նախագահի կայքէջում հրապարակված հաղորդագրությունում։

Սպիտակ քաղաքում հանրապետության ղեկավարն այցելել է բազմաճյուղ տնտեսություն վարող «Ագրոհոլդինգ Արմենիա» ընկերություն, իսկ Ստեփանավանում ներկա է գտնվել «Սագամար» ՓԲԸ-ի լեռնահարստացուցիչ կոմբինատի բացման արարողությանը:

Նախագահն այցելել է նաեւ Սպիտակի Ալ. Մյասնիկյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոց եւ Ստեփանավանի Վ. Թեքեյանի անվան թիվ 6 միջնակարգ դպրոց, որտեղ ծանոթացել է դպրոցների նորակառույց մասնաշենքերի պայմաններին։

Սպիտակ քաղաքի թիվ 1 դպրոցի դահլիճում տեղի է ունեցել 1988թ. ավերիչ երկրաշարժի հետեւանքով Սպիտակի տարածաշրջանի անօթեւան մնացած 150 շահառու ընտանիքների համար կառուցված բնակարանների հավաստագրերի հանձնման արարողությունը:

Ստեփանավան քաղաքում Հանրապետության ղեկավարն այցելել է պայմանագրային զինծառայող Արտակ Ղաբուզյանի ընտանիքին: 2009թ. մայիսին իբրեւ ժամկետային զինծառայող զորակոչված Արտակ Ղաբուզյանը ծառայության ընթացքում ցուցաբերել է արիություն եւ անձնական խիզախություն՝ մահացու վիրավորելով զորամասի մարտական դիրք ներխուժած հակառակորդին, որի համար ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է «Արիության», իսկ ԼՂՀ նախագահի հրամանագրով՝ «Մարտական ծառայության» մեդալներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG