Մատչելիության հղումներ

logo-print

Նոյեմբերի 5-ի մամուլ


«Ժամանակի» խմբագիրը գրում է․ - «Բացարձակ մոնոլիտ իշխանությունը Հայաստանում դեռեւս իշխանական անվտանգության կամ անաղմուկ ընտրության երաշխիք չէ։ Շատ կարեւոր բաղադրիչ է, բայց երաշխիք չէ, որովհետեւ ներկայումս Հայաստանում ձեւավորվել է ազդեցության նոր կենտրոն՝ Հայաստանի քաղաքացին։ Այդ քաղաքացին կարող է լինել, ասենք, այս կամ այն քաղաքական ուժի շրջանակում, երբեմն հակադիր շրջանակներում, բայց քաղաքացին Հայաստանում դառնում է ազդեցության գործոն, հետեւաբար միայն Քոչարյանի հարցերը լուծելով՝ հնարավոր չէ ընտրության հարց լուծել։ Բայց նաեւ հնարավոր չէ քաղաքացու հարցը լուծել Քոչարյանի կամ իշխանության մոնոլիտացման հարցը լուծելու մեթոդով։ Այստեղ արդեն ռեպրեսիվ մեթոդները չեն գործի, այստեղ կարող է աշխատել միմիայն փոխզիջումը։ Բայց փոխզիջման առարկա կարող են լինել հենց կադրերը, կադրային նոր վերադասավորումները»։

«Առավոտի» հետ զրույցում դաշնակցական պատգամավոր Վահան Հովհաննիսյանը ասում է․ - «Տարբեր կուսակցություններ տարբեր ձեւերով են պատրաստվում ընտրությունների։ Մարդիկ կան՝ քարոզչական աշխատանքն են ուժեղացնում, մարդիկ կան՝ կուտակում են, ակումուլացնում են գումարներ, որոնք հետո պետք է բաժանվեն կամ ծախսվեն բակերի ասֆալտապատման համար։ Բայց կան նաեւ կազմակերպություններ, որոնք ժամանակին թույլ տրված ստրատեգիական սխալների արդյունքում պարտավորված են լինում անընդհատ թարմացումներ իրականացնել թիմի ներսում»։ Խոսելով Հանրապետական կուսակցության մասին, նա ասում է․ - «Բյուրոկրատական ապարատն է տիրանում տվյալ կուսակցությանը, իսկ այդ ապարատն աշխատում է բոլորովին ուրիշ սկզբունքներով, քան դասական, նորմալ կուսակցության ղեկավարությունը։ Եվ հենց մոտենում են այն միջոցառումները, որոնց միջոցով պետք է տեղի ունենա ժողովրդի կամարտահայտությունը, այսինքն՝ ընտրությունները, այս տեսակի «ադմինիստրատիվ» բնույթի կուսակցությունները, որոնք մշտապես իշխանության կուսակցություն են անկախ իրենց անվանումից, սկսում են իրականացնել հենց ադմինիստրատիվ կարգի վերանայումներ եւ բարեփոխումներ»։

«Երկիրը» գրում է․ - «Հրաժարականների շքերթի միջոցով Հանրապետականի նախընտրական շտաբը երկրում ռեալ իշխանություն ունեցող ոչ սահմանադրական մարմնի վերածելու գործընթացը գնալով ավելի ու ավելի է սպառնալից տեսք ստանում: Հարց է առաջանում՝ ի՞նչն է անհանգստացրել 140 հազարից ավելի անդամ ունեցող կուսակցությանը, որը տիրապետում է նաեւ իշխանության բոլոր լծակներին՝ կառավարություն, Ազգային ժողովի կայուն մեծամասնություն, մարզպետարաններ, թաղապետարաններ, ուժային կառույցներ եւ այլն: Քանզի նման վարչական ռեսուրսի կենտրոնացումը ՀՀԿ-ի նախընտրական ցանկի շուրջը արդեն իսկ կարող է համապատասխան «ընտրություն» պարտադրել ընտրողների առնվազն մեկ երրորդին: Քաղաքագիտությունից վաղուց է հայտնի, որ եթե պետական ապարատը եւ պետական միջոցները մոբիլիզացվում են ոչ թե համապետական ու համազգային խնդիրների լուծման, այլ մեկ առանձին կուսակցության նախընտրական նպատակների սպասարկման համար, ապա անկախ նրանից՝ նախապես լեգիտի՞մ է, արդյոք, նման մոբիլիզացիայի սանկցիան տվող անձը կամ մարմինը, միեւնույն է, տեղի ունեցողը կոչվում է պետական հեղաշրջում: Պատճառն ավելի քան պարզ է ու հստակ. 2012 թվականի ընտրություններում որոշում կայացնելու իրավունքը պատկանում է միայն ու միայն հայ ժողովրդին: Նախապես հայ ժողովրդից խլելով ընտրություն կատարելու հնարավորությունը` Հանրապետական կուսակցությունը այսօր իր մոբիլիզացվող պաշտոնյաների բերանով ի լուր աշխարհի հայտարարում է նման միջոցառման ժամանակ «հաղթելու» իր վճռականության մասին, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ հայ ժողովրդին հաղթելու քաղաքական հայտ…»։

«Հրապարակը» գրում է․ - «Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն այն բացառիկ նախարարներից է, որ կուսակցական չէ, թեպետ Հանրապետականի քվոտայով նախարար է աշխատում։ Երեկ նրանից հետաքրքրվեցինք, թե այս խառը ժամանակներում չի՞ պատրաստվում ՀՀԿ-ի անդամ դառնալ։ «Չեմ պատրաստվում որեւէ կուսակցության անդամ դառնալ, սակայն ոչինչ չեմ բացառում», - հայտարարեց նախարարը։ Ասել է թե՝ եթե Ձեզ ասվի, որ պետք է մտնեք Հանրապետական, կմտնե՞ք, - հարցրինք մենք։ «Ինձ առաջարկներ չեն անում, ինձ տալիս են հայտեր, որոնք կամ ֆինանսավորվում են, կամ ոչ», - ուղիղ պատասխանից խուսափեց անկուսակցական նախարարը»։

«Հայոց աշխարհը» գրում է․ - «Երեկ Ռուսաստանում տոն էր. Ժողովրդական (ազգային) միասնության օրը։ Մոսկվայի Լյուբլինո շրջանում հավաքվել էին, այսպես կոչված, «Ռուսական երթի» մասնակիցները։ որքան էլ հասկանալի լինի, որ ռուսական ֆաշիզմն ուղղված է բոլոր այլազգիների դեմ առհասարակ՝ լինեն հայ, ադրբեջանցի, ուզբեկ, տաջիկ, սեւամորթ ու շեղաչք, դա չի թեթեւացնում առկա մտահոգությունները։ Մենք հաճախ բանի տեղ չենք դնում կամ ուղղակի չնկատելու ենք տալիս ռուսական իրականության այս կողմը։ Կամ՝ չենք ուզում նկատել։ Միգուցե արագ մոռանում ենք, մինչեւ... Ռուսաստանում ՀՀ քաղաքացու կամ պարզապես հայազգի անձնավորության սպանության մասին հերթական լուրը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG