Մատչելիության հղումներ

Մարտիրոս Սարյանի «Իմ բակը», Դավիթ Մինասյանի «Երաժշտություն» եւ Օշին Եղիազարյանի «Կենզո» ստեղծագործություններն արդեն 2 ամիս է զարդարում են Երեւանի երեք շենքերի պատերը, որոնք ձեւավորվել են «Ժպտա Երեւան» նախագծի շրջանակներում:

Գունավորել, ուրախացնել եւ ժպտացնել Երեւանը. այս սկզբունքով են աշխատում ծրագրի նախաձեռնողները՝ ճարտարապետներ, նկարիչներ, սոցիոլոգներ եւ այլ մասնագիտության տեր մարդիկ: Նախաձեռնողների խոսքերով «Ժպտա Երեւանի» նպատակը քաղաքի շենքերին, զբոսայգիներին եւ շատ այլ կառույցների դրական տրամադրություն հաղորդելն է:

«Ուզում ենք ինչ-որ ձեւով քաղաքը փրկել անճոռնի կառույցներից: Եղել են դեպքեր, որ մարդիկ իրենց աշխատանքները բերել են, դրել խոտի վրա եւ ասել՝ սա ենք առաջարկում: Մեզ դա չի գոհացնում», - ասաց «Ժպտա Երեւան» նախագծի գեղարվեստական խորհրդի համակարգող Գոհար Գուրզադյանը:

Նախագիծը պետք է լինի Երեւանի համար, Երեւանի ոգով՝ քաղաքում հետաքրքիր տրամադրություն ստեղծելու համար: Կարելի է էսքիզներ ներկայացնել ոչ միայն Երեւանի շենքերի, այլեւ նստարանների, աղբամանների, ծաղկամանների եւ հատակը ձեւավորելու նախագծերով:

«Ցանկանում էինք, որ մեր միջամտությունն ունենանք այն բանում, որ այլեւս անճաշակ, ռաբիս, անիմաստ արձաններ, գույներ չհայտնվեն քաղաքում, այլ փորձենք ինչ-որ կերպ ճաշակով գործեր տալ Երեւանին», - ասաց նկարիչ, քանդակագործ Դավիթ Մինասյանը:

Նկարիչ Արթուր Շարաֆյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում նշեց, որ նախագծին մասնակցող բոլոր արվեստագետները միանգամից ներգարվվեցին աշխատանքի մեջ:

«Բոլորիս ցավն էր, որ ուզում էինք Երեւանը ինչ-որ կերպ գեղեցկացնել: Ֆոտոխցիկներով էինք շրջում քաղաքում, նկարում էինք տարբեր շենքեր ու փորձում պատկերացնել՝ ինչ հետաքրքիր բան կարելի է անել այդտեղ», - ասաց նա:

Քննարկման մեջ է Արթուր Շարաֆյանի «Լապտերներով շենքի» նախագիծը: Ըստ դրա՝ մոխրագույն շենքը կձեւավորվի տարբեր գույների ու չափերի լապտերներով.

«Այդ օրը անձրեւոտ եղանակ էր, քայլում էի Սայաթ-Նովա փողոցով եւ մի շենք նկատեցի, որը բավականին անշուք էր: Լուսանկարեցի այն, եւ երբ մտածում էի, թե ինչպես կարելի է այն ձեւափոխել, լապտերների միտքը միանգամից եկավ: Մտածեցի, որ լավ կլիներ, որ այս շենքը ավելի լուսավոր լիներ», - պատմեց Արթուր Շարաֆյանը:

Իսկ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի շենքը զարդարող Դավիթ Մինասյանի «Երաժշտություն» ստեղծագործության պաշտոնական բացումը տեղի կունենա մի քանի օրից: Նախագծի տնօրեն Նարեկ Աշուղաթոյանը նշեց, որ այս ստեղծագործությունը շատ քննարկումների միջով է անցել, մինչեւ վերջնական տեսք ստանալը.

«Առաջարկվում էր անգամ Կոմիտասի գործերից մեկը տեղադրել ուսումնարանի շենքի պատին: Հետո առաջարկվեց ոչ թե անել նոտաներ, որոնք եվրոպական ծագման էին, այլ հայկական ծագման խազեր, բայց այդ խազերը Ամիրյան փողոցի մի հատվածից արաբական տառերի էին նման: Վերջապես հանգեցինք այն տարբերակին, որը հիմա կա ուսումնարանի շենքի վրա», - ասաց նա:

«Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում Դավիթ Մինասյանը նշեց, որ մինչեւ իր նախագծի հաստատվելը, այս շենքի համար 5 հեղինակների ստեղծագործություններ են քննարկվել:

Խոստանում են գեղեցկացնել նաեւ ծայրամասերը եւ քաղաքից դուրս որոշ կառույցներ:

Նախագծեր կարող է ներկայացնել ցանկացած մարդ՝ անկախ մասնագիտությունից, միակ պահանջն այն է, որ աշխատանքը լինի «Երեւանին վայել, համապատասխան՝ ե՛ւ պատմությունը, ե՛ւ ապագան հաշվի առնելով», - եզրափակեց Դավիթ Մինասյանը:

XS
SM
MD
LG