Մատչելիության հղումներ

«Անմահությունը շիրիմ չի ուզում»


Եղիշե Չարենցի հուշարձանը Երեւանում:

Եղիշե Չարենցի հուշարձանը Երեւանում:

Անցած դարի 30-ականների վերջին Խորհրդային բռնապետության միլիոնավոր զոհերից մեր հանճարեղ բանաստեղծ Եղիշե Չարենցի գերեզմանի հարցը ցայսօր հանգիստ չի տալիս գրականագետներին ու պատմաբաններին:

Որեւէ տեղեկատվություն չի հասել, թե որտեղ է հողին հանձնվել Չարենցի մարմինը: Հայտնի է ընդամենը, որ նրա մարմինը ծածուկ դուրս է բերվել բանտից ու տարվել անհայտ ուղղությամբ:

Բազմաթիվ վարկածներ կան, թե որտեղ է թաղվել նրա մարմինը: Դրանցից մեկի համաձայն, որը պաշտպանում են մի խումբ գրողներ` Հովիկ Չարչյանի գլխավորությամբ, Արգավանդի մոտակայքում խաչ են դրել, Չարենցի անուն-ազգանուն են գրել, ու հիմա հայտարարում են, թե գերեզմանը պղծված է, քանի որ խաչը ընկել է:

Հարցը հինգշաբթի օրը քննարկվել է Հայաստանի գրողների միության նախագահության նիստում` Չարենցի ժառանգների մասնակցությամբ:

Արմեն Չարենցը` բանաստեղծի թոռը, շեշտեց. - «Իր [Եղիշե Չարենցի] ճակատագիրը այնպիսին է, ինչպիսին եղել է: Լուսահոգի մայրս [Արփենիկ Չարենցը], որ գիտեք ինչ չարենցապաշտ էր, նա դեմ էր: Ինքը ասում էր` անմահությունը շիրիմ չի ուզում: Եվ երբեւիցե մենք Չարենցին ման չենք գալիս մեռելների կամ գերեզմանոցների մեջ: Չարենցը անմահություն է թողել»:

Գրականագետ Դավիթ Մուրադյանը ասաց. - «Եթե կան վարկածներ, բայց չկան ապացույցներ, ապա այստեղ աշխատում է մի ավելի ունիվերսալ հանգամանք: Այն, որ Չարենցը իր անձով խորհրդանշում է 37-ի բոլոր զոհերին»:

Ուշագրավ է, որ այն տարածքը, որտեղ, ըստ Չարչյանի ու իր ընկերների վարկածի, թաղված է Չարենցը, գտնվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հատկացված տան տարածքում, որը վերահսկվում է: Գրողները չեն կարողացել մուտք գործել այդ տարածքը, եւ դա է պատճառը, որ խաչը եւ գերեզմանը մի փոքր այլ վայրում են դրել` սիմվոլիկ ձեւով:

Դա խոստովանեց Արեւշատ Ավագյանը` ասելեով, թե իրեն այդ տեղը դեռ 1987 թվականին ցույց է տվել այն մարդը, ով անձամբ թաղել է Չարենցի մարմինը:

«Ականատեսը` Լյուդվիգ Թորոսյան… Ուղիղ մի ամիս ես ինքս հետաքրքրվել եմ, մարդկանց եմ լսել, գնացել եմ տեսել եմ ու կասկած չեմ ունեցել, որ իր ասածը ճշմարտություն է… Այդտեղ ներքին գործերի պանսիոնատն էր, որ հիմա տվել են Ռոբերտ Քոչարյանին: Այդ տարածքում էր գտնվում»:

«Ինչո՞ւ եք ուզում, որ այն, ինչ իր հետ տեղի է ունեցել ճակատագրորեն, որ այն, ինչ արել են իր հետ, ուզում եք դա ծածկե՞նք, քողարկե՞նք, նորոգե՞նք, շտկե՞նք… ունենա գերեզմա՞ն: Այս մարդը ուրիշ ճակատագրի է արժանացել, եւ իր ճակատագիրը ասելիք ունի` ժամանակի վառ հանճարին վերացրեցին, գերեզման էլ չթողին: Դա ուզում եք ջնջե՞նք…»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG