Մատչելիության հղումներ

logo-print

Երկու մարզպետները հերքում են իրենց պաշտոնանկության մասին լուրերը


Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյան

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյան

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց, որ ինքը մարզպետի պաշտոնից հրաժարականի դիմում չի ներկայացրել, եւ երկրի բարձրագույն ղեկավարությունը հնարավոր պաշտոնանկության մասին իրեն ոչինչ չի ասել:

«Դա լրատվամիջոցների ցանկությունն է, բայց չեմ կարծում, որ այդ հաճույքը իրենք կստանան: Եթե նման բան լինի, առաջինը ինձ պետք է ասեն, որ այսուհետ չեք աշխատելու, բայց նման բան չի եղել», - ասաց Խաչատրյանը` հավելելով, որ նախագահ Սերժ Սարգսյանի հետ եւս այդ մասին որեւէ խոսակցություն չի ունեցել:

Վերջին շաբաթվա ընթացքում մեկը մյուսին հաջորդող հրաժարականների, կադրային փոփոխությունների ֆոնին ակտիվորեն շրջանառվում են հատկապես երկու ազդեցիկ մարզպետների` Սյունիքի մարզը 2004-ից գլխավորող Սուրիկ Խաչատրյանի եւ 11 տարի Կոտայքի մարզպետի պաշտոնը զբաղեցնող Կովալենկո Շահգալդյանի մոտալուտ պաշտոնանկության մասին լուրերը:

Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյան

Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյան

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Կովալենկո Շահգալդյանը «ծիծաղելի» որակեց այս լուրերը:

«Ցանկացած քաղաքական գործընթացներից առաջ, հետո անպայման ինձ պաշտոնանկ անելու հարցը շահարկում են: Անկեղծ ասած, ես գիտեմ, ինչի համար է դա արվում, բայց եկեք դա չքննարկենք… ինչի՞ համար… որովհետեւ բնավորությանս մեջ այնպիսի գծեր կան, որ շատերի նախանձն են առաջացնում, եւ բնականաբար, ուզում են, որ ես մարզպետի պաշտոնում չլինեմ», - ասաց Կոտայքի մարզպետը:

Հարցին, թե հնարավոր պաշտոնանկության մասին չի տեղեկացվե՞լ, Շահգալդյանը պատասխանեց. - «Առաջին հերթին ում գլխին կուտակվում են ամպեր, այդ մարդը ավելի շուտ է զգում, որ ամպեր են, հիմա էլ անձրեւ կթափվի: Այս պահի դրությամբ այդպիսի խնդիր չկա, ես չեմ կարծում, որ հասունացել է այն պահը, որ ինձ պիտի պաշտոնանկ անեն: Ամեն դեպքում ես ինձ նախապատրաստել եմ: Այնպես չէ, որ կառչած եմ այս պաշտոնին, սիրով եմ կատարում, ինձ հաճելի պաշտոն է: Ոչ մի մարդ երաշխավորված չէ, նախ` ես ժառանգություն չեմ ստացել [պաշտոնը], երկրի ղեկավարները հարմար են գտել ինձ, նշանակել են Կոտայքի մարզպետի պաշտոնում, ես էլ պաշտոնավարում եմ առայսօր: Երբ կգա պահը, կգտնեն, որ ես էլ չեմ կարողանում, պետք չեմ, քաղաքական որոշում կլինի, անհրաժեշտություն կլինի, այն ժամանակ էլ ես հրաժեշտ կտամ պաշտոնին, բայց աշխատանք կունենամ, էլի: Ոնց լինի, մի բիզնես կունենամ, էլի, բիզնես էլ ունեմ, բիզնեսներ էլ կունենամ, վատ չեմ զգա ինձ»:

Դիտարկմանը, թե մի՞գուցե իր անունը եւս կապվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, Շահգալդյանը արձագանքեց. - «Իսկ ձեր կարծիքով, այսօր իշխանություններում ո՞վ կա, որ Ռոբերտ Քոչարյանի` ոչ թե կադրն է, այլ իր հետ չի աշխատել: Ես կարծում եմ, նույն թիմն է»:

Կոտայքի մարզպետն ընդգծեց, որ 2006 թվականից անդամակցում է Հանրապետական կուսակցությանը, նախորդ խորհրդարանական ընտրություններում մարզը 30 տոկոս արդյունք է ապահովել Հանրապետականի օգտին, նախագահական ընտրություններում էլ ձայների ավելի բարձր տոկոս` Սերժ Սարգսյանի օգտին: Շահգալդյանն ասաց` առաջիկա խորհրդարանական ընտրություններում էլ է Հանրապետականին աջակցելու:

«Ոչ միայն աջակցելու եմ, այլ բոլոր ուժերս, հնարավորություններս ներդնելու եմ, որպեսզի իմ կուսակցությունը ունենա շատ ձայներ, որ մենք կարողանանք խորհրդարանում մեծամասնություն ձեւավորել», - ասաց նա:

Հարցին, թե արդյո՞ք այդ նպատակի համար կդիմի ընտրակեղծիքների, մանվանդ որ, ըստ տարածված լուրերի, ինքը վախի մթնոլորտի մեջ է պահում Կոտայքի մարզը, Շահգալդյանը պատասխանեց. - «Իմ պաշտոնավարման ընթացքում Կոտայքի մարզում ընտրակեղծիքները գրեթե բացառված են: [Ձայները ապահովելու եմ] բացատրական աշխատանքով, ընտրարշավով: Ես ինձ համարում եմ ժողովրդավար մարդ, ոչ մեկին ոչ մի անգամ վախի մթնոլորտում չեմ կարող պահել, էությամբս այդպիսին չեմ»:

Կոտայքի մարզպետն ասաց, որ ընկերական եւ լավ հարաբերությունների մեջ է նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ: «Խնդիրներ չեք ունենա՞ Ծառուկյանի հետ, եթե ընտրություններում մարզի ձայները մոբլիլզացվեն Հանրապետականների օգտին» հարցին, մարզպետը պատասխանեց. - «Ամեն մարդ իր գործն է անում: Ես չեմ կարող Ծառուկյանից նեղանալ, եթե ինքը իր կուսակցության համար համապատասխան քայլեր է ձեռնարկում: Ինքն էլ իրավունք չունի ինձնից նեղանալու, եթե ես քայլ եմ անում այն կուսակցության համար, որի անդամն եմ: Չի էլ նեղացել, եւ իրավունք չունի էլ նեղանալու: Բայց մենք այդ կուսակցական գործունեությունից բացի շատ ջերմ հարաբերություններ ունենք, մեկս մեկին օգնել, հանդիպում ենք, շատ նորմալ հարաբերություններ ունենք»:

Կովալենկո Շահգալդյանը հայտարարեց, որ նույնիսկ մարզպետի պաշտոնից հեռանալու դեպքում էլ չի դավաճանի իր թիմին, եւ եթե նախագահը որոշի, պատրաստ է իր հնարավորություններն օգտագործել իշխող կուսակցության օգտին ընտրարշավի ժամանակ:

«Որովհետեւ ես անդամագրվել եմ այս թիմին եւ այդ թիմին դավաճանելու որեւէ ցանկություն չունեմ», - ասաց Կոտայքի մարզպետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG