Մատչելիության հղումներ

logo-print

Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում իրենց կարծիքներն են բարձրաձայնում խորհրդարանի խոսնակի սպասվող հրաժարանի եւ ՀՀԿ-ի նախընտրական շտաբի ղեկավար նշանակվելու մասին:

«Հովիկ Աբրահամյանը վստահության պակաս չունի նախագահի մոտ», - անդրադառնալով ՀՀԿ-ի նախընտրական շտաբում Միքայել Մինասյանի առաջիկա պաշտոնավարմանը` «Ազատություն» ռադիոկայանին ասաց իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը: Նրա խոսքով, Մինասյանը շտաբում է լինելու ոչ թե շտաբի աշխատանքները վերահսկելու, այլ «ավելի լավ կազմակերպելու» համար:

Վերջին պաշտոնանկությունները, այդ թվում` ԱԺ խոսնակի` պաշտոնից հեռանալու լուրը մեկնաբանվում է նաեւ հետեւյալ համատեքստում` մեկուսացվում են նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մտերիմները:

«Եթե այստեղ վստահության հարց լիներ, չեմ կարծում, որ ինչ-որ մի դեպքի կամ քայլի առումով կաշկանդված է երկրի նախագահը: Կամ ընդամենը չէր առաջարկի [Հովիկ Աբրահամյանին` ղեկավարել ՀՀԿ-ի նախընտրական շտաբը], կլիներ մեկ այլ անձնավորություն, եւ այս բոլոր հարցադրումները եւ կասկածանքները կվերանային», - նշեց Սահակյանը:

Նրա փոխանցմամբ, հարցը քննարկվել է Հովիկ Աբրահամյանի հետ եւ ՀՀԿ-ի գործադիր մարմնում, ինչից հետո ներկայացվել է խորհրդի քննարկմանը, որտեղ էլ ընդունվել է որոշումը: Նշենք, որ ՀՀԿ-ի գործադիր մարմինը 14 հոգուց է բաղկացած, խորհուրդը` մի քանի տասնյակ անձանցից:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը որեւէ վատ բան չի տեսնում ՀՀԿ-ի նախընտրական շտաբի ձեւավորման մեջ. - «Կուսակցությունները, քաղաքական ուժերը միշտ գտնվում են աշխատանքի մեջ: Եվ անկախ նրանից, որ օրենքով սահմանված մենք ունենք օրեր ընտրություններին նախապատրաստվելու համար, բոլոր քաղաքական ուժերը անպայմանորեն, բնականաբար, այդ պրոցեսից ավելի շուտ են սկսում գործընթացները»:

Նա հավելեց, որ իրենց կուսակցությունը դեռեւս չի քննարկել նախընտրական շտաբի ղեկավարի հարցը. - «Մեր նախորդ` 2007 թվականի ընտրությունների ժամանակ Վարդանյան Վարդանն է եղել մեր շտաբի ղեկավարը, եւ կարծում եմ, որ քաղխորհուրդը այս հարցը քննարկելու պարագայում համապատասխան կադրի կընտրենք»:

Բոստանջյանի խոսքով, առաջիկայում կոալիցիայի փլուզում չի լինի. - «Նախընտրական շրջանում մենք առաջնորդվում ենք կոալիցիոն ուժերի կողմից ստորագրված հուշագրով, եւ այս պահին բոլոր երեք քաղաքական ուժերն էլ որեւէ մի առիթ չեն ունեցել հակառակ բանը ասելու կամ մտածելու»:

Ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նախընտրական այս վերադասավորումների մասին այլ կարծիք ունի. - «Մեխանիզմներ են մտածելու: Այն, որ պիտի նստեն ու մտածեն` ոնց անեն, որ անունը կաշառք չլինի, բայց ձայն առնեն»:

Դաշնակցական պատգամավոր Արմեն Ռուստամյանի խոսքով, այժմ Հայաստանում քաղաքակիրթ երկրներին ոչ հարիր գործընթաց է ընթանում` մարդիկ պաշտոնանկ են արվում կամ լքում են իրենց պաշտոնները, եւ որեւէ բացատրություն չի հնչում:

Ռուստամյանի համոզմամբ, իշխանական հետնաբեմում լուրջ գործընթացներ են տեղի ունենում, որոնց մասին անհարիր է խոսելը. - «Սրանից կարեւոր հա՞րց, որ պետք է թափանցիկ լինել եւ պարզաբանել: Ինչո՞ւ ոստիկանապետը հանվեց, տեղափոխվեց խորհրդական, քաղաքապետը հրաժարական է տալիս: Մեկն ասում է` հրաժարվում են, որովհետեւ ավելի լավ գործի են անցնելու: Եթե ավելի լավ գործ կա, ասեք` էդ ո՞րն այդ ավելի լավ գործը, որ իմանանք, որ քաղաքապետը այդ լավ գործը չէ, ոստիկանապետը այդ լավ գործը չէ այս երկրում… Բա ո՞րն է լավ գործը… Շատ պարզ մի բան է նշանակում. ուրեմն իսկապես խնդիր ունի այդ կերակրատաշտից օգտվողների շրջանակը պահպանել իր ռեսուրսը, որպեսզի իշխանությունների վերարտադրումը որեւէ ձեւով չտուժի»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG