Մատչելիության հղումներ

Կանանց աշխատանքների տոնավաճառ


Ծիրանի ջեմ, սալորի չիր, մրգային սուջուխ, շարֆեր, պայուսակներ ու զարդեր: Այս ամենը եւ գյուղում ապրող կանանց այլ աշխատանքներ այսօր ներկայացված էին կանանց աշխատանքների ամենամյա ցուցահանդես-տոնավաճառին:

Թիմ Սթրեյթը Հայաստանում Նորվեգիայի եւ Ֆինլանդիայի հյուպատոսն է: Տոնավաճառին ներկայացնում էր հայկական 6-7 գյուղերի կանանց աշխատանքները:

«Այս արջը Բերդ գյուղից է, արդեն 19 կանայք կան Բերդում, ովքեր ներգրավված են այսպիսի արջուկներ պատրաստելու մեջ: Այս բռնիչները պատրաստում են 8 կանայք Չինչին գյուղում: Գորիսում այս կենդանիները պատրաստում են 14 կանայք: Սա էլ հուլունքներով պատրաստված միջատներ են` կարիճներ, սարդեր, մրջյուններ Գյումրուց: Այս սրտիկները, վագրերը եւ առյուծները Կապանից են: Այսպիսով, աշխատում ենք մի քանի գյուղերում եւ քաղաքներում՝ փորձելով ստեղծել այնպիսի արտադրանք, որը պահանջարկ կունենա շուկայում, եւ կարծես դա մեզ հաջողվում է», - ասաց Թիմ Սթրեյթը:

Թիմը պատմեց, որ արդեն 11 տարի է, ինչ Հայաստանում է, եւ մոտ 1.5 տարի է իրականացնում է գյուղի կանանց աշխատանքով ապահովելու իր սեփական նախագիծը:

«Գնում եմ գյուղեր, հարցնում եմ, ունե՞ք կանայք, ովքեր աշխատանքի կարիք ունեն: Բնականաբար, պատասխանում են՝ այո: Հետո հարցնում եմ, թե ինչ կարող են անել. կարո՞ղ են կարել, գործել, հուլունքներով զարդեր պատրաստել, փորագրել փայտի կամ քարի վրա: Հետո նրանց պատրաստած իրերը փորձում եմ բերել շուկա եւ վաճառել: Իսկ հետագայում ուզում եմ, որ, հիմնվելով իրենց այս աշխատանքի վրա, այդ ուժեղ գյուղացի կանայք ստեղծեն իրենց փոքրիկ կազմակերպությունները եւ շարունակեն աշխատել առանց ինձ, որպեսզի ես գնամ եւ մեկ այլ գյուղում նույնը սկսեմ», - ասաց Թիմը:

Նա նաեւ նշեց, որ չնայած հյուպատոսի իր զբաղված գրաֆիկին՝
ճանապարհորդում է տարբեր մարզերով եւ կարծես հայերից լավ է ճանաչում Հայաստանը:

«Այս աշխատանքները Չինչին գյուղից են, լսե՞լ եք այդ գյուղի մասին: Ոչ ոք չի լսել ու չգիտի որտեղ է այն: Ես Չինչինը շատ լավ գիտեմ եւ սիրում եմ այն: Դա 400 բնակիչ ունեցող փոքրիկ գյուղ է Շամշադինում, Բերդից Չինչին հասնելու համար մոտ 1.5 ժամ է հարկավոր: Այն տեղակայված է սարի լանջին: Այնտեղից շատ գեղեցիկ տեսարան է բացվում, իմ կարծիքով՝ ամենագեղեցիկը ամբողջ երկրի տարածքում, որի մասին ոչ ոք չգիտի: Այնտեղ 18 տարեկան մի աղջիկ կա, անունը Մարիամ է, նա հաշմանդամ է: Նա ինձ խնդրեց իրենց գյուղ գնալ: Ես այնտեղ տեսա կանանց, ովքեր ասացին, որ անելու բան չունեն, հատկապես ձմռանը: Հարցրի, թե կարո՞ղ են արդյոք հասարակ բռնիչներ գործել: Այս ամենը, որ տեսնում եք այստեղ, ընդամենը 3 շաբաթ առաջ է պատրաստվել: Ես երեկ Չինչինում ապրող այս կանանց 100.000 դրամ վճարեցի սրանց համար, դա մեծ գումար է Չինչինի համար», - պատմեց Թիմ Սթրեյթը:

«Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում հյուպատոսը նշեց, որ գյուղացի կանանց ամուսինները ոչ միայն դեմ չեն նրանց այս զբաղմունքին, այլեւ երբեմն ցանկանում են նույնպես ներգրավվել նրանց աշխատանքներում. - «Հայկական գյուղերի դառը իրականությունն այն է, որ ամուսինների մեծամասնությունը Հայաստանում չէ, նրանք Ռուսաստանում են: Ես մի քանի օր առաջ Իսահակյան գյուղում էի: Գնացի դպրոց, խոսեցինք իրենց գյուղի ապագայի մասին եւ հարցրի երեխաներին, թե նրանցից քանիսի հայրն է Ռուսաստանում: Դասարանի կեսը ձեռք բարձրացրեց: Այսպիսով, ամուսինները դեմ չեն, իսկ Չինչինում, երբ բացատրեցինք, թե ինչ աշխատավարձեր կարող ենք վճարել, կանանցից մեկի ամուսինն ասաց, որ ինքն էլ է գործել սովորելու, որովհետեւ, փաստորեն կինը իրենից շատ աշխատավարձ է ստանալու»:

Թիմն ասաց, որ այսպիսով ուզում են կանանց ներգրավել հասարակական կյանքում, ընտրություններում, տեղի ունեցող իրադարձությունների մասին տեղեկացվածություն տարածել նրանց շրջանում, հասնեն նրան, որ գյուղի կանայք եւս ակտիվ կյանքով ապրեն:

«Նպատակը գյուղի կանանց իրենց առօրյաից կտրելը եւ քաղաքի ռիթմին ինտեգրելն է, որովհետեւ շատեը հնարավորություն չեն ունենում նույնիսկ տարին մեկ անգամ Երեւան գալ: Սա հնարավորություն է առօրյա հոգսերից ցրվելու, շփվելու, ինչու ոչ՝ նաեւ ինչ-որ բան վաճառելու», - ասաց տոնավաճառի կազմակերպիչ Արմեն Առաքելյանը:

please wait

No media source currently available

0:00 0:05:23 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG