Մատչելիության հղումներ

Այս ուսումնական տարվանից ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների պրակտիկան կլինի այն զանգվածային լրատվամիջոցում, որի մասին կամ որի ֆորմատների համապատասխան է ուսանողի ավարտական աշխատանքի թեման:

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը պրակտիկայի անցկացման նոր ձեւը բացատրում է ուսուցման կրեդիտային համակարգին անցնելով:

Նաղաշ Մարտիրոսյանը նշում է, որ պրակտիկայի նախորդ տարիների փորձը այնքան էլ չի գոհացրել իրեն: «15 հոգանոց խմբերի դեպքում, լրատվամիջոցներում որտեղ պրակտիկա էին անցնում ուսանողները, արդյունավետ չէր աշխատանքը, քանի որ հաճախ ԶԼՄ-ի անձնակազմը զբաղված էր լինում: Նոր ձեւաչափով պրակտիկայի դեպքում, ուսանողների թվի նվազումը լրատվամիջոցում կնպաստի առավել ուշադրության ղեկավարների ու անձնակազմի կողմից, քան նախկինում էր»:

Նանե Սիմոնյանը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողներից է: Նա այն ուսանողներից է, որ պրակտիկա է անցել նախկին ձեւաչափով:

«Լրատվամիջոցներում մեր հանդեպ ուշադրությունը նախ եւ առաջ մեր ակտիվությունից եւ հետաքրքրված լինելուց էր կախված: Մամուլում 3 նյութ եմ տպագրել պրակտիկայի ժամանակ, սակայն ռադիոյում նյութերն հեռարձակելու հնարավորություն չի եղել», - պատմեց Նանեն եւ հավելեց, որ չէր ուզենա պրակտիկան անցնել ավարտական աշխատանքի վրա աշխատելուն զուգընթաց:

«Մի տեսանկյունից լավ է, որ պրակտիկայի ժամանակահատվածը երկար է եւ կարող ենք հմտանալ այդ ոլորտում, իսկ մյուս տեսանկյունիս վատ է եւ հնարավոր է մենք սխալ ընտրություն կատարենք», - նշեց ֆակուլտետի ուսանողներից Լուսինեն:

Ժուռնալիստիկային ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողները ուսման ընթացքում սեփական նախաձեռնությամբ այցելել են ԶԼՄ-ներ եւ փորձել են ինչ-որ բան սովորել: Լուսինեն նշում է, որ նրանք, ովքեր պասիվ են եղել` ամառային արձակուրդներին չեն նախաձեռնել ոչինչ, մինչեւ օրս չունեն որեւէ փորձառություն:

4-րդ կուրսեցիներից Արմինե Հովհանիսյանը նշում է, որ ավարտական աշխատանքին զուգահեռ, պրակտիկան աշխատանքն արդյունավետ է դարձնում, սակայն կարծում է, որ ավելի ճիշտ կլիներ, որ հնարավորություն ունենային ուսման ընթացքում պրակտիկա անցնել ԶԼՄ-ների բոլոր տեսակներում: Նրա խոսքերով, պրակտիկայի այս ձեւը պարտադրված է լինում, ոչ թե կամընտրական:

Ուսանողները նշում են, որ այս կերպ դժվարանում է նաեւ աշխատանք գտնելու հարցը: «Եթե այն ժամանակ դու կարող էիր գնալ ռադիո, մամուլ, հեռուստաընկերություն եւ որեւէ մի տեղ քեզ հնարավորություն ընձեռնվեր աշխատելու, այս դեպքում չկա այդ հնարավորությունը», - նշում է Արմինեն:

XS
SM
MD
LG