Մատչելիության հղումներ

logo-print

Մինսկի խմբի համանախագահները ամփոփիչ զեկույց են հրապարակել


Լուսանկարը` ԵԱՀԿ/Ջոնաթան Փերֆեկտ

Լուսանկարը` ԵԱՀԿ/Ջոնաթան Փերֆեկտ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն, Իգոր Պոպովը, Ռոբերտ Բրադկեն եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը նոյեմբերի 3-ին ներկայացրել են իրենց գործունեության ամենամյա զեկույցը ԵԱՀԿ մշտական խորհրդին` Վիլնյուսում կայանալիք նախարարական խորհրդին ընդառաջ:

Ամփոփելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ եւ խաղաղ կարգավորմանն ուղղված իրենց միջնորդական ջանքերը` համանախագահները նշել են, որ վերջին մեկ տարում իրենք այցելել են տարածաշրջան 8 անգամ եւ 14 առանձին հանդիպումներ են ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

Համանախագահները նաեւ 4 անգամ ոտքով հատել են շփման գիծը վերջին 14 ամիսների ընթացքում` ցույց տալով, որ դա խոչընդոտ չէ տարածաշրջանի ժողովուրդների համար, եւ որ հրադադարի ռեժիմի պահպանումը հնարավոր է, երբ երկու կողմերը կամք են դրսեւորում:

Ընդգծելով ամենաբարձր մակարդակով իրենց կառավարությունների շարունակվող ներգրավվածությունը բանակցություններում` համանախագահները վերահաստատել են, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, եւ երկու կողմերի քաղաքական կամքը էական է անընդունելի ստատուս քվոն հաղթահարելու եւ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ դժվար որոշումները կայացնելու համար:

Համանախագահները նկարագրել են նաեւ իրենց լրացուցիչ ջանքերը` բանակցությունների մթնոլորտը բարելավելու, հրադադարի ռեժիմի ամրապնդման եւ տարածաշրջանի ժողովուրդների միջեւ փոխըմբռնմանը նպաստելու ուղղությամբ:

Համանախագահները ծրագրում են եւս մեկ անգամ այս ամսվա վերջին այցելություններ կատարել տարածաշրջան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG