Մատչելիության հղումներ

Ընդունելության քննություններին դիմորդները շտեմարաններով կնախապատրաստվեն


Armenia - Armenian graduates at a unified exam

Armenia - Armenian graduates at a unified exam

Միասնական քննությունների համակարգին անցնելուց հետո դիմորդները ընդունելության քննություններին պատրաստվում են ուղեցույցերի օգնությամբ, որոնք պարզապես ուղղորդում են, թե որ գրքերից օգտվել, մոտավորապես ինչ առաջադրանքներ սպասել, սակայն բուն թեստերի բովանդակությանը ծանոթանում են հենց քննության ժամանակ, քանի որ դրանք կազմվում եւ տպագրվում են գաղտնի կերպով. ոչ հեղինակների անուններն են հայտնի, ոչ էլ առաջադրանքները:

Արտահոսքից խուսափելու համար դրանք տպագրվում էին Լոնդոնի տպարաններից մեկում: Անցյալ տարվանից, սակայն, թեստերը սկսեցին տպագրել Հայաստանում:

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի հասարակության հետ կապերի պատասխանատու Գայանե Մանուկյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին կենտրոնի տպարանում տպագրվում են 40500 ուղեցույցերը, որոնք մինչեւ տարվա վերջ անվճար կբաժանվեն հանրապետության բոլոր դպրոցներին:

Վերջին տարիներին քննարկվում էր միասնական շտեմարան ունենալու հարցը, որը, ըստ ոլորտի պատասխանատուների, անհրաժեշտ էր քննություններն ավելի թափանցիկ եւ կանխատեսելի դարձնելու համար: Քննարկումները, ի վերջո, տվեցին իրենց արդյունքը: Մինչեւ 2012-ի փետրվար ամիսը լույս կտեսնեն «Հայոց լեզու, գրականութուն» եւ «Մաթեմատիկա» առարկաների շտեմարանները, որոնց օգնությամբ դիմորդները կպատրաստվեն քննություններին:

Հայտնի է, որ դասագրքերը հիմնականում դառնում են ծնողների, ուսուցիչների եւ աշակերտների դժգոհության պատճառ` իրենց բարդության պատճառով: Պատճառներից մեկն էլ, մասնագետների համոզմամբ, այն է, որ դրանց հեղինակների մեծ մասը դասախոսներ են:

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մաթեմատիկայի առաջատար մասնագետ Վարդուհի Փիլիպոսյանը նշեց, որ աշակերտներին ավելի մատչելի ներկայացնելու համար շտեմարանի առաջադրանքների ստեղծման աշխատանքներում ներգրավել են հիմնականում ուսուցիչներին:

Նախկինում, երբ դիմորդները հանձնում էին կենտրոնացված քննություններ եւ պարապում շտեմարաններով, նրանց մեծ մասը պարզապես անգիր էին անում առաջադրանքները եւ քննության ժամանակ արդեն կատարում մեխանիկական աշխատանք: Հարցին, թե արդյո՞ք չի կրկնվի նույն պատկերը, մասնագետը պատասխանեց. - «Եթե կարող են անգիր անել 5000 առաջադրանք` ուրեմն փառք ու պատիվ իրեց, ինչ ասեմ»:

Կենտրոնի «Հայոց լեզու, գրականություն» առարկայի գլխավոր մասնագետ Միրցա Հալաջյանը նշեց, որ շատ դժվար է կազմել հատկապես գրականության առաջադրանքները, ինչը եւս կապված է դասագրքերի հետ` հատկապես ավագ դպրոցի հոսքերում դրանք մեկը մյուսին չեն համապատասխանում:

«Ստիպված վերցրել ենք առաջադրանքներ 7-9 դասարանների գրքերից», - ասաց Հալաջյանը:

Գայանե Մանուկյանն ասաց, որ մի շարք դպրոցներից ահազանգեր են ստանում, թե շուկայում արդեն հայտնվել են շտեմարաններ, որոնք շփոթության մեջ են գցում աշակերտներին: Նա նշեց, որ միայն իրենց թողարկած շտեմարանների բազայից են ընտրվելու քննությունների առաջադրանքները:
XS
SM
MD
LG