Մատչելիության հղումներ

Ինչո՞ւ է հրաժարական տվել Միքայել Մինասյանը


Նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Միքայել Մինասյան
Նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Միքայել Մինասյան
Իշխող Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբը համալրվեց եւս մեկ նախկին պաշտոնյայով: Խոսքը նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Միքայել Մինասյանի մասին է, ով նաեւ Սերժ Սարգսյանի փեսան է:

Ինչպես տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքէջը, Մինասյանը ազատվել է պաշտոնից` իր դիմումի համաձայն: Առայժմ որեւէ պաշտոնական տեղեկատվություն չկա, թե որտեղ է նա շարունակելու իր աշխատանքը: Մինչդեռ News.am-ի հետ զրույցում Մինասյանը տեղեկացրել էր, որ գործուղվելու է Հանրապետականի նախընտրական շտաբ` Հովիկ Աբրահամյանին օգնելու նպատակով:

Թե կոնկրետ ո՞ր հարցերում է Միքայել Մինասյանը օգնելու խորհրդարանի նախագահի պաշտոնից հրաժարված Հովիկ Աբրահամյանին, առայժմ պարզ չէ: Սակայն մամուլն արդեն, վերլուծելով երկրի նախագահի այս քայլը, գրում է, որ իր փեսային աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատելով եւ Հանրապետականի նախընտրական շտաբ գործուղելով, Սերժ Սարգսյանն իրականում երկու հարց է լուծում: Նախ այս կերպ ցույց է տալիս, որ պաշտոններից հեռացվում են ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի հետ մտերմություն ունեցող անձինք, ովքեր կարող էին նպաստել նրա թիմի հաջողությանը: Եվ հետո, թերեւս գլխավորը պատճառը` փեսային Հանրապետականի շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի օգնական նշանակելով, Սերժ Սարգսյանը իրականում վերահսկելու է Հովիկ Աբրահամյանի գործունեությունը:

Մամուլը Միքայել Մինասյանին համարում է իշխանության ամենաազդեցիկ եռյակի անդամ, ով բավական լուրջ ազդեցություն է ունենում Սերժ Սարգսյանի որոշումների վրա: Անգամ Մինասյանի հետ են կապվում Սերժ Սարգսյանի կողմից իրականացվող վերջին կադրային փոփոխությունները:

Թե ի՞նչ ազդեցություն կունենա անկուսակցական Մինասյանը իշխող Հանրապետականի շտաբի վրա, առայժմ պարզ չէ, սակայն շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը «Հրապարակ» թերթին ասել է, թե կարծում է, որ Միքայել Մինասյանը շտաբ է գալիս «լավ մտքով» եւ նրան առաջարկելու է շտաբի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը:

34-ամյա Մինասյանը մինչեւ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը զբաղեցնելը, 2007 թվականին նշանակվել է պաշտպանության նախարարի օգնական, այնուհետեւ Սերժ Սարգսյանի վարչապետության օրոք` վարչապետի օգնական: Նա 2008-ին նշանակվել է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:

Քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիայի մասնագետ Արմեն Բադալյանը եւս կարծում է, որ Սերժ Սարգսյանը իր փեսային նախագահի նստավայրից ուղարկում է նախընտրական շտաբ` վերահսկողություն իրականացնելու նպատակով: Բադալյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Մինասյանը` իբրեւ Սերժ Սարգսյանի վստահելի մարդ, ողջ այդ նախընտրական գործընթացում, ըստ էության, ակտիվ դիտորդի դեր է կատարելու` վերահսկողություն սահմանելով ոչ միայն Հովիկ Աբրահամյանի, այլեւ Հանրապետականի նախընտրական ողջ գործընթացի նկատմամբ:

Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանին նախընտրական շտաբի ղեկավար նշանակելուն, ապա Արմեն Բադալյանի համոզմամբ, դա պարզապես միջոց էր նրան Ազգային ժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու համար:

«Ի վերջո Հովիկ Աբրահամյանը Հովիկ Աբրահամյան է դարձել ոչ ի շնորհիվ Սերժ Սարգսյանի, այլ շնորհիվ հենց ինքն իրեն: Այսինքն նաեւ վստահության հարցն է, բայց ոչ այնքան վստահության, որքան Հովիկ Աբրահամյանին ԱԺ նախագահի պաշտոնից ազատելու խնդիրը լուծեց: Այսինքն մի հզոր, պետական կառավարման համակարգում ինքնուրույն ֆիգուր այլեւս պետական կառավարման համակարգում չէ: Սա է ամենակարեւորը, եւ եթե հանկարծակի նախընտրական քարոզարշավի մեջ ինչ-որ անցանկալի երեւույթներ տեղի ունենան, պատասխանը տալու է անմիջապես Հովիկ Աբրահամյանը», - ասաց Արմեն Բադալյանը:

Քաղտեխնոլոգը ասվածի ապացույց է համարում նաեւ այն հանգամանքը, որ Հանրապետականի նախընտրական շտաբը ունենալու է ոչ միայն շտաբի պետ, այլ շտաբի պետի առաջին տեղակալ` ի դեմս Միքայել Մինասյանի, իսկ սա արդեն, նրա խոսքով, նոնսենս է:

«Նախընտրական շտաբը նախագահի տեղակալ չի ունենում, Տարբեր երկրներում [նախընտրական շտաբներում] մի ղեկավար է լինում ընդամենը, առավել եւս առաջին տեղակալ չի լինում, դա նոնսենս է», - ասաց Բադալյանը:

please wait

No media source currently available

0:00 0:04:18 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG