Մատչելիության հղումներ

Հրապարակվել է ՄԱԿ-ի Մարդկային զարգացման ինդեքսի 2011 թվականի զեկույցը, որում Հայաստանը 187 երկրներից բաղկացած վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 86-րդ հորիզոնականը: 2010 թվականի համեմատ Հայաստանը նահանջել է 10 կետով:

Զեկույցը կազմվում է մարդկային զարգացման մի շարք պարամետրերի համադրմամբ, որոնց թվում են տնտեսական վիճակը, ժողվրդագրական բնութագրերը, կրթական եւ առողջապահական համակարգերի գնահատականը, 1 շնչին ընկնող եկամուտը:

Ուսումնասիրված երկրները դասակարգված են 4` մարդկային զարգացման շատ բարձր, բարձր, միջին եւ ցածր մակարդակ ունեցող երկրների խմբերի: Հայաստանն ընդգրկված է երկրորդ` մարդկային զարգացման բարձր մակարդակ ունեցող երկրների խմբում:

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի պաշտոնական կայքեջի համաձայն, ինչպես եւ անցած տարի, վարկանիշային աղյուսակում այս տարի եւս առաջին տեղը զբաղեցնում է Նորվեգիան: Մեկ շնչին բաժին ընկնող եկամուտն այս երկրում կազմել է տարեկան 47,5 հազար դոլար, կյանքի միջին տեւողությունը` 81 տարի: Կրթության միջին տեւողությունը կազմում է 12,6 տարի:

Նորվեգիային հաջորդում են Ավստրալիան, Նիդերլանդները եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները:

86-րդ տեղը զբաղեցնող Հայաստանում «Մարդկային զարգացման ինդեքս- 2011» զեկույցի համաձայն, կյանքի միջին տեւողությունը 74, 2 տարի է, մեկ շնչին ընկնող եկամուտը` 5 հազար 188 դոլար, իսկ կրթության միջին տեւողությունը` 10,8 տարի:

Հայաստանի հարեւան երկրներում պատկերը հետեւյալն է` վարկանիշային աղյուսակում 75-դ տեղը զբաղեցնող Վրաստանում կյանքի միջին տեւողությունը 73,7 տարի է, մեկ շնչի եկամուտը` 4 հազար 780 դոլար, կրթության միջին տեւողությունը` 12,1 տարի:

Ադրբեջանը զբաղեցնում է 91-րդ հորիզոնականը, կյանքի միջին տեւողությունն այստեղ 70,7 տարի է, մեկ շնչին ընկնող եկամուտը` 8 հազար 666 դոլար, կրթության միջին տեւողությունը 11,8 տարի:

Գիտությունների ազգային ակադեմիայի Փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի տնօրեն Գեւորգ Պողոսյանը համարում է, որ Հայասանի վարկանիշը, ընդհանուր առմամբ, վատը չէ: Սակայն, ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց գիտնականը` Հայաստանի հարաբերականորեն բարձր տեղը պայմանավորված է «անցյալի իներցիայով», քանի որ երեք հիմնական բաղադրիչներից առնվազն երկուսով` կրթական մակարդակով եւ կյանքի միջին տեւողությամբ, Հայաստանը բազմաթիվ երկրների համեմատ ավանդաբար առաջատար է եղել:

«Բայց դա էլ, եթե քննադատական հայացքով նայենք, եկել է մեր անցյալից, որովհետեւ ունեցել ենք բարձր կրթական մակարդակ, ունենք երկարակյաց բնակչություն: Անցյալի իներցիան է: Այն, ինչ վերաբերում է այսօրվան` եկամուտը, ամենացածրն է», - հավելեց Պողոսյանը:

Ըստ նրա, վերջին տասնամյակում մարդկային զարգացման առումով Հայաստանի վարկանիշը գրեթե անփոփոխ է մնում, սակայն, գնահատելով առկա միտումները, կարելի է ասել, որ առաջիկա տարիներին Հայաստանը նահանջելու է. - «Մենք գնալով սկսելու ենք զիջել: Հատկապես` այդ երրորդ բաղադրիչից , որը խոսում է կենսամակարդակի կամ միջին եկամտի մասին...»:

Հավելենք նաեւ, որ վարկանիշային աղյուսակում Իրանը զբաղեցնում է 88-րդ, իսկ Թուրքիան` 92-րդ հորիզոնականը:

Նշենք, որ 187 երկրներից բաղկացած աղյուսակի վերջին երեք տեղերը հաջորդաբար զբաղեցնում են Բուրունդին, Նիգերը եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը: ԿԴՀ-ում կյանքի միջին տեւողությունը 48 տարի է, իսկ մեկ շնչին ընկնող եկամուտը` 280 դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG