Մատչելիության հղումներ

«Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը իրեն անտակտ պահեց՝ Բեռլին կատարած վերջին այցի ժամանակ», - գրում են գերմանական առաջատար թերթերը՝ նկատելով, որ այս վարքագիծը շարունակելու դեպքում Էրդողանին դժվար կլինի համախոհներ գտնել Եվրոպայում։

«Թուրքիայի վարչապետն ամեն անգամ Գերմանիա է գալիս սեփական գաղութն այցելող թագավորի պես», - պնդում է գերմանական Die Welt–ը եւ մանրամասնում. - «Էրդողանն իրեն այնպես է պահում, ասես ինքը Գերմանիայում ապրող բոլոր 3 միլիոն թուրքերի հովանավորն է, ասես նրանք բոլորը իրեն են պատկանում»։

Հիշեցնենք՝ Էրդողանը Բեռլին էր այցելել թուրք - գերմանական համաձայնագրի 50-ամյակի կապակցությամբ։ Սա մի փաստաթուղթ էր, որը հնարավորություն տվեց միլիոնավոր թուրք ներգաղթյալների աշխատանք գտնել ու նոր կյանք սկսել Գերմանիայի Դաշնությունում։ Ու չնայած այցի առիթը տոնական էր, այդուամենայնիվ, Ռեջեփ Էրդողանը չխուսափեց հերթական անգամ Բեռլինի հասցեին բավական կոշտ քննադատական հայտարարություններ անելուց։

«Այս երկրի իշխանությունները պահանջում են, որ թուրքերը գերմաներենի քննություն հանձնեն՝ Գերմանիայում ապրող իրենց ընտանիքների հետ վերամիավորվելու համար։ Դա ոչ այլ ինչ է, քան մարդու արժանապատվության ոտնահարում», - հայտարարեց էրդողանը՝ հավելելով․ - «Գերմանիայում ապրող թուրքերը նախ պետք է թուրքերեն իմանան, հետո՝ գերմաներեն»։

«Էրդողանի ամենասիրած զբաղմունքների մեկը աջուձախ բողոքելն է, թե Գերմանիան, իբր, բավարար ջանքեր չի գործադրում Թուրքիային Եվրամիություն ընդունելու համար», – գրում է Die Welt–ը։ - «Սա նրա կողմից անտակտություն է՝ թուրք–գերմանական համաձայնագրի 50-ամյակի հանդիսությունների ֆոնին, եւ եթե Էրդողանն այսպես շարունակի, դժվար թե ընկերներ գտնի Եվրոպայում»։

Թեման շարունակում է Frankfurter Rundschau-ն․ - «Ռեջեփ էրդողանը օգտագործեց գերմանական իր այցը՝ մարդու իրավունքների խիզախ պաշտպանի դեր ստանձնելու համար։ Սակայն, չկարծեք, թե նա այստեղ հայտարարեց Թուրքիայում ազատորեն հանրահավաքներ անցկացնելու, կրոնական ու քաղաքական իրավունքները երաշխավորելու մասին եւ կամ պնդեց, թե այսուհետ ազատամիտ թուրք մտավորականները կարող են չվախենալ դատական հետապնդումներից։ Նա ընդամենը պնդեց, թե Գերմանիայի իշխանությունները ոտնահարում են թուրքերի արժանապատվությունը, երբ պահանջում են նրանցից գերմաներենի տարրական քննություն հանձնել։ Սա ակնհայտորեն ցույց է տալիս, որ էրդողանը չգիտի եւ չի էլ ուզում իմանալ՝ ինչ է մարդկային արժանապատվությունը»։


Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG